Գլխավոր Միջոցառումներ Հունիսմեկյան նվեր՝ փրկարարների զավակներին (լուսանկարներ)

Հունիսմեկյան նվեր՝ փրկարարների զավակներին (լուսանկարներ)

2532
Տարածել

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր աշխատակիցների փոքրիկներին իսկական տոն պարգեւեց՝ երաժշտական կատարումներ, կավճանկարչություն, պղպջակների շոու, հանդիպում մուլտհերոսների հետ, պտույտ «Ուրախ ավտոբուսով», նվերներ՝ քաղցր բամբակ, պաղպաղակ, փուչիկներ։ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան երեխաներին նվիրեց կենսաբազմազանության թեմաներով գրականություն: Երեխաների ուրախությունը կիսողների թվում էր նաեւ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Միջոցառումը ԱԻ նախարարության բակում էր, որտեղ էլ ցուցադրվեցին նաեւ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի նկարչական խմբակի սաների աշխատանքները։ Ներկաները դիտեցին 911 թատերախմբի «Աղետիկ» երաժշտական ներկայացումը, լուսանկարվեցին նախարարի, հրշեջ-փրկարարների եւ տեխնիկայի հետ։

Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության աշխատակից Արմինե Մելքոնյանը նշեց՝ ամեն տարի մասնակցում են հունիսմեկյան տոնակատարությանը։ Այսօր զարմիկին՝ Սուրենին է ուղեկցում, որը հաջողությամբ ավարտել է առաջին դասարանը։ Սուրենը շախմատի եւ սպորտի սիրահար է, մաթեմատիկայով է հետաքրքրվում։ Երազում է բանկի կառավարիչ դառնալ։

6-րդ դասարանցի Դավիթն ու Ռազմիկը ֆուտբոլի երկրպագուներ են, բակի ընկերներ։ Մրցում են, թե ով կավճով ավելի իրական տանկ կպատկերի։ Զինտեխնիկան գրավում է տղաներին, սակայն միաժամանակ դատապարտում են բոլոր նրանց, ովքեր պատերազմ են սկսում: Վստահ են՝ բոլորը, հատկապես՝ երեխաները, իրավունք ունեն խաղաղ եւ ապահով երկրում ապրելու։ Դավիթն իր նկարչական աշխատանքներից առավել հաջողված է համարում Երեւանի շենքերը։ Երազում է մի օր հայտնվել հրապարակի կենտրոնական ժամացույցի հակառակ կողմում, հետեւել սլաքների շարժին։

ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայության օպերատոր Նելլի Չարչյանը որդու հետ է եկել։ Հպարտանում է՝ Նարեկը տարեցտարի նոր հետաքրքրություններ է ձեռք բերում․ արդեն դաշնամուր է նվագում, լեզուներ սովորում, նկարում։ «Կարի ֆաբրիկայում հատուկ իր համար զինվորի համազգեստ եմ կարել տվել, բոլորին տոներին հագնում է։  Երեխայիս ծնունդից հետո հունիսի  1-ը տարվա լավագույն օրն է»,- ասում է Նելլին։

ԱԻՆ ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի տնօրեն Քնարիկ Զաքարյանը խոստանում է՝  այս գեղեցիկ ավանդույթը շարունակական է լինելու։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ