Գլխավոր Միջոցառումներ Հայաստանում կներդրվի ՀԱԿԳ գործիքակազմը

Հայաստանում կներդրվի ՀԱԿԳ գործիքակազմը

1311
Տարածել

Մայիսի 21-25-ը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Մոլդովայում անցկացվել են «Արտակարգ իրավիճակներից հետո (հետաղետային) կարիքների գնահատում» եւ «Գենդերային հավասարության հարցերը աղետների ռիսկի նվազեցման ոլորտում» թեմաներով միջազգային սեմինարներ, որոնց մասնակցել է ութ երկիր. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Տաջիկստան: Հայաստանը ներկայացրել են արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Ղարիբյանը, ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության աղետների հետեւանքների վերացման պլանավորման, կանխատեսումների, ծրագրավորման բաժնի ավագ հրահանգիչ Կարեն Բաբասյանը, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան Դավիթ Թադեւոսյանը:

Մոլդովայում մասնակից երկրների ներկայացուցիչները խոսել են արտակարգ իրավիճակներին նախապատրաստման եւ արձագանքման կարողություններից: Շատերը զարմացել են լսելով, որ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ոչ միայն փրկարարներն են վերապատրաստվում, այլ նաեւ տարեկան 1800 քաղաքացի՝ ուսուցիչ, համայնքային եւ պետական ծառայող, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ եւ այլք:

Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում գենդերային հավասարության հարցերը տեղավորվում են կայուն զարգացման տրամաբանության մեջ: ԱՌՆ եւ գենդերային հավասարությունը կայուն զարգացման բաղկացուցիչներ են: Երկու ոլորտում էլ զարգացումը կբարձրացնի ազգերի եւ համայնքների դիմակայունության մակարդակը:

«Հետաղետային կարիքների գնահատում»՝ ՀԱԿԳ (The Post-Disaster Needs Assessments՝ PDNA) գործիքակազմ ձեւավորելու համաձայնագիրը ստորագրվել է 2008 թվականի հոկտեմբերին Միավորված ազգերի կազմակերպության, Համաշխարհային բանկի, Եվրոպական հանձնաժողովի միջեւ: ՀԱԿԳ-ն ուղեցույց եւ գործիքակազմ է աղետից տուժած երկրների համար խուսափելու ջանքերի կրկնությունից, բարելավելու վերականգնման գործընթացը, ապահովելու մարդկային եւ նյութական ռեսուրսների արդյունավետ մոբիլիզացիա: Իսկ արտաքին օգնության անհրաժեշտության դեպքում «Հետաղետային կարիքների գնահատումը» միջազգային հանրության համար որոշումներ ընդունելու, թիրախավորված օգնություն տրամադրելու հիմնական փաստաթուղթն է:

2008-ից մինչ օրս աշխարհի մոտ 60 երկրում տեղի ունեցած աղետներից (երկրաշարժ, ջրհեղեղ, ցունամի, հրաբուխ, երաշտ եւ այլն) հետո կազմվել է «Հետաղետային կարիքների գնահատում» զեկույց ու հստակ արձանագրվել, թե երկրի որ մարզը ինչքան է տուժել, որքան են վնասված ճանապարհները, գյուղատնտեսությունը, գնաֆոնդը եւ այլն:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան Դավիթ Թադեւոսյանի խոսքով, «Հետաղետային կարիքների գնահատում» սեմինարը «Վերապատրաստողների վերապատրաստում» (Training of Trainers` TOT) ձեւաչափով էր: Մասնակից երկրների ներկայացուցիչները վերադառնալով զբաղվելու են ՀԱԿԳ ազգային կարողությունների զարգացմամբ: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Ղարիբյանը ՀԱԿԳ գործիքակազմին առնչվող զարգացումներում միջազգային կառույցների հետ կոնտակտային անձ, ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության աղետների հետեւանքների վերացման պլանավորման, կանխատեսումների, ծրագրավորման բաժնի ավագ հրահանգիչ Կարեն Բաբասյանը Հայաստանի մարզերում ՀԱԿԳ գործիքակազմի ներդրման պատասխանատու, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան Դավիթ Թադեւոսյանը ակադեմիայի կրթական ծրագրերում ՀԱԿԳ փաթեթի ներդրման պատասխանատու:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ