Գլխավոր Միջոցառումներ Երկրաբանական զբոսաշրջություն․ զարգացման հեռանկարներ

Երկրաբանական զբոսաշրջություն․ զարգացման հեռանկարներ

1585
Տարածել

Հայաստանի զբոսաշրջային կազմակերպությունները վերջին տարիներին ընդլայնում են երթուղիների եւ ծառայությունների շրջանակը՝ հնարավորություն տալով այցելուներին բազմակողմանիորեն ճանաչելու մեր երկիրը։

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի զբոսաշրջության անվտանգության դասախոս, երկրաբան Կարապետ Սարաֆյանը զբոսաշրջության նոր ուղղություն է մշակել երկրաբանությամբ հետաքրքրվողների համար։

Խորհրդային տարիներին դպրոցական երկրաբանական խմբերից մեկի նախկին ղեկավարը մարտի 31-ից ապրիլի 6-ը հյուրընկալել է Մոսկվայի պետական երկրաբանական թանգարանին կից գործող պատանի երկրաբանների խմբին, որում ներգրավված են եղել 8-14 տարեկան երեխաներ։

Ընտրվել է 6 երթուղի՝ 2550 կմ ձգվածությամբ։ Յուրաքանչյուր արշավ կրել է թեմատիկ բնույթ։ «Երթուղիներից մեկը նվիրված էր տուֆ քարին, քանի որ դպրոցականները ծանոթ չէին հրաբխային ծագման ապարներին։ Այցելել ենք վարպետ Լեւոնի՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղում տեղակայված , 21 մետր խորությամբ ձեռակերտ քարանձավը, ուսումնասիրել տուֆի շերտը։ Այնուհետեւ մեկնել ենք Արագածոտնի մարզի Ագարակ գյուղ, նմուշառում կատարել մոտ 1,5 կմ ձգվածությամբ ճեղքվածքից դուրս եկող տուֆի ելքերից։ Շամիրամ գյուղում ծանոթացել ենք տուֆի հանքավայրին, լուսանկարվել տուֆակերտ Տառերի պուրակում։ Օրն ավարտել ենք Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին եւ 1826-1828 թվականներին ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս զինվորների հուշարձանին այցելությամբ»,- մանրամասնեց Կարապետ Սարաֆյանը։

Հաջորդ երթուղին ձգվել է Ողջաբերդից մինչեւ Գառնու ձոր։ Արշավականները տեղեկացել են Հայաստանին բնորոշ երկրաբանական վտանգավոր երեւույթների մասին՝ սողանք, երկրաշարժ, սելավ, քարաթափ։ Թեմայի շրջանակում ուսումնասիրվել է Ողջաբերդի սողանքի մարմինն ու պոկման պատը, Գեղարդի վանքի բակում 1974 թվականից «հանգրվանած» մեծ քարաբեկորը եւ քարերով լցված սելավատարը։

Գառնու ձորում պատանի երկրաբաններին ներկայացվել է «Քարերի սիմֆոնիա» բազալտե հուշարձանը, 1679 թվականի Գառնու երկրաշարժի էպիկենտրոնի խզվածքը։ Խումբը Երեւան է վերադարձել տեղական ուրցով լի տոպրակներով։

Ծալքավորման երեւույթներին նվիրված օրվա շրջանակում կազմակերպվել է այց դեպի Խոր Վիրապ, որտեղ նկատելի են Դեւոնի ժամանակաշրջանի ապարներ, Արտաշատի հնավայր, կարստային ձեւ ունեցող Արենի 1 քարանձավ, կրաքարով, կալցիտով եւ երկաթի օքսիդով հարուստ Գնիշիկի կիրճ։

Երեւան-Սեւան ավտոմայրուղուն հարակից լանջերին հրաբխային ծագման ապարներն ուսումնասիրելիս օտարերկրյա հյուրերը ոսկեփայլ օբսիդիան են գտել, որը, Կարապետ Սարաֆյանի խոսքով, եզակի նմուշ է։ Մասնակիցներին զարմացրել էր հատկապես սյունաձեւ բազալտի շերտի տակ գտնվող, 100 մետր խորությամբ Արզնի հիդրոէլեկտրակայանը, որը նախատեսված է եղել ատոմային աղետի ժամանակ էլեկտրաէներգիա մատակարարելու համար։ Մեկ այլ հետաքրքրիր բացահայտում էր Արարատի մարզում գտնվող քարի մշակման գործարանը, որը կապույտ բազալտ է մատակարարում բազալտի շերտի վրա հիմնված Իտալիային եւ մի շարք եվրոպական երկրների։ Պարզվել էր, որ Գերմանիայում գործում է խոշոր առեւտրի կենտրոն, որն ամբողջությամբ հայկական բազալտից է։

Երկրաբանական տուրի ավարտին փորձառու հայ մասնագետը Մոսկվայի պետական երկրաբանական թանգարանի տնօրինության շնորհակալագրին է արժանացել։

Ի պատասխան հարցին՝ որքանով իրատեսական եւ անհրաժեշտ կլինեն նմանատիպ տուրերը որպես դպրոցական կրթական ծրագրի բաղադրիչ, երկրաբանը նշում է՝ աշակերտների շրջանում հետաքրքրություն կա։ Սա նաեւ բնապահպահանական գիտակցություն զարգացնելու լավ հնարավորություն է։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ