Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները հայտնաբերել են կորած միանձնուհուն

Փրկարարները հայտնաբերել են կորած միանձնուհուն

841
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 450 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 30 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:  Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ120 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Աջափնյակ, Կենտրոն, Նոր Նորք, Դավիթաշեն, Արաբկիր վարչական շրջանների եւ Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված տասնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Հորդառատ անձրեւներից հետո Մալաթիա-Սեբաստիայի եւ Կենտրոնի փրկարարները մի քանի ավտոտնակից եւ առաջին հարկի բնակարանից հեռացրել են անձրեւաջրերը: Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որ փողոցներից մեկում ագռավի ձագն ընկել է բնից, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հրշեջ-փրկարարներն ագռավի ձագին տեղափոխել են անվտանգ տարածք: Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի մուտքում կասկածելի ճամպրուկ է դրված: Փրկարարները պարզել են, որ ճամպրուկում վտանգավոր ոչինչ չկա, միայն անձրեւանոց, 2 փաթեթ եւ պայուսակ: Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Թումանյան փողոցում շենքի վերին հարկի պատշգամբում կախված վերմակն ընկեր է ներքեւի հարկի բնակարան­ներից մեկի պատշ­գամբ­ին: Հրշեջ-փրկարարները վերմակը հանել են պատշգամբից:

Արագածոտնի փրկարարներն գիշերով ահազանգ են ստացել, որ Ղազարավան գյուղի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» կույսերի մենաստանի միանձնուհիներից մեկը կորել է, որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգ ստանալուց մեկ ժամ անց հրշեջ-փրկարարները մենաստանի մոտակայքում, հայտնաբերել են միանձնուհուն եւ ուղեկցել մենաստան:

Փրկարարները կազմակերպել են տարբեր թեմաներով վարժանքներ: Դրանց մասին առավել մանրամասն՝ այստեղ