Գլխավոր ՀՀ ՆԳՆ Արցախում գրանցվել է թույլ երկրաշարժների պարս

Արցախում գրանցվել է թույլ երկրաշարժների պարս

792
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի անցած յոթ օրում գրանցած սեյսմիկ իրադարձություններից 25-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից մեկը գտնվում է Հայաստանի, ութը՝ Արցախի տարածքում: Մայիսի 18-ին 1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի մատույցներում: Մայիսի 18-ին եւ 21-ին Արցախի Քարվաճառ քաղաքի մատույցներում գրանցվել է 1,1 եւ 1,2 մագնիտուդով երկու երկրաշարժ: Իսկ մայիսի 20-ին՝ ժամը 04:53-21:21 հատվածում նույն տարածքում գրանցվել է  1-2 մագնիտուդով թույլ երկրաշարժների պարս՝ վեց թույլ երկրաշարժ:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 9 երկրաշարժ: Մայիսի 17-ին՝ 3 բալ ուժգնությամբ (2.4 մագնիտուդ), 18-ին՝ 4-5 եւ 3 բալ ուժգնությամբ (3,6 եւ 2,3 մագնիտուդ), 20-ին՝ մայիսի 20-ին 4 եւ 3 բալ ուժգնությամբ (3,1 եւ 2,4 մագնիտուդ) երկրաշարժեր են գրանցվել Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Իրանի Խոյ քաղաքից հարավ-արեւելք: Մայիսի 20-ին եւ 21-ի 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2,5) երկրաշարժեր են գրանցվել Ադրբեջանի Զաքաթալա եւ Գանձակ (Գյանջա) քաղաքների մատույցներում: Մայիսի 22-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում, Կարակոսե քաղաքի մատույցներում: Նույն օրը 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3,4) ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Ադրբեջան-Իրան սահմանային գոտում:

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6,2 մագնիտուդով երկրաշարժ՝ 18-ին Նոր Զելանդիայի Կերմադեք կղզիների տարածքում:

 

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ