Գլխավոր ՀՀ ԱԻՆ Ստեղծագործող փրկարարներ (լուսանկարներ)

Ստեղծագործող փրկարարներ (լուսանկարներ)

2420
Տարածել

Գեղանկարներ, լուսանկարներ, ձեռագործ եւ ասեղնագործ աշխատանքներ. մայիսի 23-ին Արտակարգ իրավիճակների նախարարության թանգարանում բացվեց տարբեր ստորաբաժանումների տասից ավելի աշխատակցի հեղինակած աշխատանքների ցուցադրությունը: Ցուցահանդեսը կգործի տաս օր: Թանգարանի տնօրեն Հայկ Գալստյանի խոսքով` նախաձեռնությունը մեծ ոգեւորություն է առաջացրել փրկարար ծառայողների շրջանում, նախատեսվում են նաեւ ասմունքի, հեղինակային ստեղծագործությունների ընթերցանության եւ երաժշտական ցերեկույթներ:

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության քարտուղարության առաջատար մասնագետ Նարինե Սուլեյմանյանը ներկայացրեց հելյունագործ կոշիկների իր հավաքածուն: Տեղական արտադրության բամբակը, ակրիլը, ատլասաթելը ու այլ նյութեր համադրելով` Նարինեն մեկ տարի առաջ հիմնեց իր բրենդը. «Համացանցից պատահաբար իսպանական պարային կոշիկների նմուշներ էի գտել, հարցուփորձ արեցի ծանոթ կոշկակարից` ինչ գործիքներով աշխատել տակացուի հետ: Առաջին զույգն աղջկաս համար պատրաստեցի: Պահանջարկի դեպքում կարող եմ նաեւ հայկական մոտիվներով կոշիկներ գործել»:

ԱԻն աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենուհի Գրիգորյանը չինական «ադամանդե քարերով» մոտ 60 բնապատկեր եւ դիմանկար է ստացել: Սկզբունքը հեշտ է` պետք է համարակալած քարերը փազլի պես համադրել, միայն թե  անսահման համբերություն է պետք: Մասնագիտությամբ բանասեր Արմենուհու նախասիրություններն այսքանով չեն ավարտվում` ասեղնագործություն, ժանյակագործություն, հագուստի մոդելավորում եւ այլն:

Հիդրոօդրերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հիդրոգրաֆիայի եւ հիդրոմետրիայի բաժնի առաջին կարգի մասնագետ, աշխարհագրագետ եւ քարտեզագիր Ռուզաննա Սարգսյանը տիկնիկագործ է եւ ատլասագիր: Նրա տիկնիկները ծնվում են զուգագուլպաներից, ամեն մեկն ունի իր բնավորությունը: Անունները Ռուզաննան հենց խաղալիքները ստեղծելիս է որոշում: Ամենասիրելին առաջին տիկնիկն է` Ռոզին, որը թեպետ իր տեսքով զիջում է մյուսներին, սակայն միշտ տիկնիկագործի աչքի առջեւ է: Մյուսը Յագա տատիկն է, որին երեխաները շատ են սիրում: «Այս գործում երեւակայություն է պետք, աշխատում եմ չկրկնել հագուստները, դիմահարդարումը: Յագա տատիկի մազերը, օրինակ, գյուղատնտեսական պարկից են»,- ասաց Ռուզաննան:

Մասնագետը նաեւ «Երկիր մոլորակը» եւ Աշխարհի պատկերազարդ ատլասների  հեղինակն է: Ուսումնաօժանդակ ձեռնարկները նախատեսված են դպրոցականների համար: Նախակրթարանների սաների եւ տարրական դասարանների աշակերտների համար ատլասի պայմանական նշանները էմոջիների եւ կլիպ-արտերի տեսքով են, ինչն ավելի տպավորիչ է. «Խորհրդային տարիների ատլասներն անմատչելի էին եւ անհետաքրքիր: Փորձել եմ գիրքն այնպես կազմել, որ երեխան ոչ միայն տեսնի տվյալ մայրցամաքին բնորոշ բնական երեւույթների, կենդանիների, տեսարժան վայրերի պատկերները, այլեւ նույն էջում կարդա դրանց մասին հետաքրքիր տեղեկություն:  Բարձր դասարանցիների համար նախատեսված ատլասում գերակշռում են թվային տվյալները՝ առանձին տարածքների բնակչության թիվ, պաշտոնական լեզու եւ այլն»:

Առաջիկայում կհրատարակվի Ռուզաննա Սարգսյանի երրորդ ձեռնարկը` նվիրված Հայաստանի եւ Արցախի առանձնահատկություններին:

Ցուցահանդեսում ներկայացված են նաեւ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանի եւ հաշվապահ Քրիստինե Առաքելյանի աշխատանքները: Այս մասին՝ առաջիկայում:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ