Գլխավոր Նորություններ Լավագույնը՝ լեռնափրկարար Գեորգի Մխիթարյան

Լավագույնը՝ լեռնափրկարար Գեորգի Մխիթարյան

2439
Տարածել

2011 թվականից անցկացվող «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնում 2017 թվականին «Լավագույն լեռնափրկարար» է ճանաչվել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա Գեորգի Մխիթարյանը։

Լեռնափրկարար, ոսկերիչ, մանկավարժ, ձեռնամարտիկ․ առաջին հայացքից անհամատեղելի մասնագիտությունների տեր Գեորգի Մխիթարյանը սիրում է ամեն ոլորտում իր ուժը փորձել։ Ֆուտբոլ շատ է սիրում, «Լիվերպուլ» անգլիական ֆուտբոլային ակումբի երկրպագուն է ու կատակում է՝ մեծ ֆուտբոլն այդպես էլ երազանք մնաց, սակայն ընկերների հետ խաղադաշտում հանդիպելու առիթը բաց չի թողնում։

Փրկարարար ծառայությունում է 2012 թվականից։ ՀՆՓԱԻԿ 17-րդ փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտը «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի»՝ (The International Search and Rescue Advisory Group` INSARAG) չափանիշներին համապատասխանող հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմի անդամ է, բազմիցս մասնակցել է միջազգային զորավարժությունների Լեհաստանում, Ուկրաինայում, Չերնոգորիայում, Գերմանիայում, Ավստրիայում, այլուր։ Այդուհանդերձ չի դադարում սովորել, առավել փորձառուներից նոր հմտություններ «ընդօրինակել»։ Թեեւ փրկարարի աշխատանքում կարեւորը թիմում գործելու ունակությունն է՝ թիմային աշխատանքը, սակայն, Գեորգիի խոսքով, մրցակցությունը նպաստում է մասնագիտական աճին։

Լեռնափրկարարի գործը լի է վտանգներով․ բարձրության վրա պարանային աշխատանք կատարելիս ոչինչ կանխատեսել հնարավոր չէ։ Սակայն քաղաքացու անկեղծ երախտագիտությունից բոլոր դժվարությունները մոռացվում են։ Երբեմն փրկարարի եւ փրկվածի միջեւ իսկական բարեկամություն է հաստատվում։ Ահա մեր աշխատանքի դիմաց լավագույն գնահատականը՝ նշում է երիտասարդ փրկարարը։ «Փրկարար լինելը մեծ պատասխանատվություն է։ Բանակը մեզ կոփում, տղամարդ է դարձնում, իսկ փրկարար ծառայությունը՝ մարդասեր։ Ամեն կորստից սրտնեղում ենք, ամեն փրկված կյանքով՝ երջանկանում։ Հատկապես ավտովթարների ժամանակ սկսում ես հասկանալ, որ տուժածի հետագա կյանքը քո ձեռքերում է, մի սխալ շարժման հետեւանքով նա կարող է հաշմանդամություն ձեռք բերել։ Եղել են դեպքեր, երբ շտապօգնության աշխատակիցները վախեցել են տուժածին մոտենալ, ինքներս ենք նրան օգնություն ցույց տվել»,- ասում է Գեորգին։

Ջոկատն իր երկրորդ ընտանիքն է․ մի սեղանի շուրջ հաց են կիսում, վիճում, հաշտվում, միմյանց «հոգին հանում»։ Տղաները հայկական խոհանոցի գիտակ են դարձել։ Հիշում է․ «Միջազգային վարժանքների ավարտին միշտ խորոված ենք պատրաստում։ Մասնակիցներից մեկին լավաշով փաթաթած խորոված հյուրասիրեցինք, զարմացավ, թե ինչու են հայերը միսն անձեռոցիկով ուտում։ Այդ օրից ի վեր բոլորին պատմում ենք հայկական լավաշի մասին»։

Ջոկատից տուն ճանապարհին վերլուծում է օրվա դեպքերը, թերացումները, իսկ տանը՝ մոռանում իր ապրումները։

Կենցաղի անվտանգությունը փրկարարն առաջնահերթ է համարում։ Բնակարանում ցանկացած կառուցվածքային փոփոխություն անելիս հաշվարկում է երեխային սպառնացող բոլոր ռիսկերը՝ վարդակներից մինչեւ դռան կողպեքի ընտրությունը։ Ծնողների անփութության հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակներ շատ է տեսել։

Ազատ ժամանակը որդուն՝ փոքրիկ Սարգսին է տրամադրում․ հայր ու որդի մանկապարտեզից դուրս զբոսնում են, դեսից-դենից զրուցում։ «Շատ քաղաքներում եմ եղել, Երեւանն ուրիշ է։ Ցանկացած զորավարժությունից հետո ամենահաճելի պահն օդանավակայանից տուն վերադառնալն է։ Ուզում եմ՝ մեր քաղաքը նույնպես մաքուր լինի, մեքենաները քչանան, մարդիկ միմյանց նկատմամբ բարեհաճ դառնան, պահպանվի քաղաքի կոլորիտը»,- անկեղծանում է Գեորգին՝ հպարտությամբ մտաբերելով, թե ինչպես է մի անգամ լեհ հոգեւորականն ընդհատել եկեղեցում ընթացող վերջին զանգի արարողությունը եւ ներկայացրել հայ հյուրերին՝ որպես աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած ազգի։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. «Արիության համաստեղություն» 2017 թվականի փառատոնի հաղթողներից են.

Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ Արգամ Հակոբյան

Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար Հայկ Անդրեասյան

Արագածոտնի մարզի Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայող Թաթուլ Ավետիսյան