Գլխավոր Միջոցառումներ Հաճախակի վարժանքները՝ անվտանգության երաշխիք (լուսանկարներ)

Հաճախակի վարժանքները՝ անվտանգության երաշխիք (լուսանկարներ)

910
Տարածել

Բնակչության պաշտպանությանն ուղղված հանրային միջոցառումները շարունակվում են։ Մայիսի 14-16-ը վարժանքներ են անցկացվել մարզային առեւտրի կենտրոններում, մի շարք ուսումնական հաստատություններում, այլուր։

Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Արտակ Շամիրյանը հաղորդեց, որ հրշեջ-փրկարարները պայմանական հրդեհաշիջման աշխատանքներ են կատարել «Աշտարակ» սուպերմարկետի պահեստային մասում, աշխատակիցներին բացատրել անվտանգության կանոնները եւ արտակարգ իրավիճակում իրենց գործողությունները։ Շինությունը նորակառույց է, մուտքերն ու ելքերը՝ հասանելի, ունի հակահրդեհային ինքնաշխատ համակարգ, հրշեջ-ծորակներ։

Թալինի քաղաքապետարանում անցկացված վարժանքի նպատակն էր աշխատակիցներին ներկայացնել էլեկտրականության խափանման վտանգները եւ դրա հետեւանքով առաջացած հրդեհից պաշտպանությունը, փորձարկել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տրամադրած նոր շնչառական սարքերը։ Թալինի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սեւակ Ֆահրադյանի խոսքով՝ հրդեհաշիջումը կատարվել է նկուղում եւ տանիքում, մասնակիցներին ցուցադրվել է՝ ինչպես արտակարգ իրավիճակում հոսանքազրկել շենքը, ճիշտ օգտագործել կրակմարիչները։ «Քաղաքապետարանում վարժանք առաջին անգամ էինք անցկացնում։ Միշտ համագործակցում ենք, հատկապես՝ չոր խոտածածկի հրդեհների ժամանակ։ Լինում է՝ օգնում են մարդկային ուժով»,- ասաց հրամանատարը։

«Հրդեհաշիջումը դպրոցի երկրորդ հարկում եւ տարհանում»  թեմայով վարժանք է անցկացվել Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի միջնակարգ դպրոցում։ Չարենցավանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ մայոր Հայկ Ասատրյանը նկատեց, որ դպրոցը տարհանման փորձ չունի եւ զինղեկին եւ տնօրենին հրահանգվել է հաճախ կեղծ տագնապ ազդարարել՝ երեխաների եւ աշխատակազմի տարհանման հմնտությունները բարելավվելու համար։

Շտաբային ուսումնավարժություն է անցկացվել Գեղարքունիքի  մարզպետարանում՝ խոշոր անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպման թեմայով։ Ըստ պլանի՝ Հայրավանք համայնքին հարակից անտառային տարածքում բռնկված հրդեհը քամու պատճառով տարածվում է դեպի Նորատուսի անտառ։ Ստեղծվում է հրդեհաշիջման շտաբ։ Հետախուզության արդյունքում որոշվում են հրդեհի տարածքը, տարածման ուղղությունը եւ արագությունը, այրվող նյութերի քանակը, սպառնալիքը բնակավայրերին եւ այլն։ Մեծ ծավալի հրդեհի հետագա տարածումը կանխելու համար օգնության են հասնում փրկարարներ Սեւանի, Ճամբարակի, Դիլիջանի, Հրազդանի եւ Չարենցավանի ՀՓՋ-ներից, «Սեւան ազգային պարկի» հետախուզական խմբերը։ Կազմակերպվում է նաեւ անտառում տեղադրված մեղվապահական տնտեսությունների եւ Նորատուս համայնքի ծխապատման վտանգի գոտում հայտնված բնակչության կարճաժամկետ տարհանում։ Հրդեհը մարելուց հետո սահմանվում է հերթապահություն։ Վարժանքի արդյունքը գնահատվեց լավ։

Մայիսի 16-ին հրդեհաշիջման եւ տարհանման թեմայով վարժանք անցկացվեց Ապարանի թիվ 1 մանկապարտեզում։ Ապարանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Հայկ Արշակյանը մանրամասնեց սցենարը. խաղասենյակում հրդեհի բռնկումից հետո կատարվել է սաների եւ աշխատակազմի տարհանում, հրդեհաշիջում։ Ըստ պլանի՝ երկու երեխա ոտքի եւ ձեռքի վնասվածքներ են ստացել․ փրկարարները պատգարակով դուրս են բերել նրանց, հանձնել մանկապարտեզի բուժքրոջը։ «Ղեկավարությունը շատ ուշադիր է երեխաների հանդեպ, հստակ գիտի իր անելիքը, քանի որ բազմիցս վարժանքներ են կազմակերպվել թե՛ մեր, թե՛ իրենց նախաձեռնությամբ։ Շենքի միակ խնդիրը աստիճանավանդակներով ուղեկցվող միակ մուտքի դուռն է, որը խոչընդոտում է արագ դուրս գալուն։ Զգուշացրել ենք լուծել երկրորդ տարհանման ելքի հարցը։ Առաջիկայում մանկապարտեզը կտեղափոխվի ավելի բարեկարգ եւ անվտանգ շինություն»,- ասաց փոխգնդապետը։

Ճամբարակի ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ ավագ լեյտենանտ Միշա Մուժիկյանը ներկայացրեց սահմանամերձ Վահան գյուղի միջնակարգ դպրոցում կատարված աշխատանքը․ փրկարարները աշակերտներին ցուցադրել են հրդեհաշիջման, տարհանման, պարանային տեխնիկայով տուժածների դուրսբերման կանոնները։ Ըստ պլանի՝ առաջին հարկում բռնկված հրդեհի ծուխը պատել է եռահարկ շենքը։ Ամբողջ դպրոցը տարհանվում է, կանգնում հաշվառման․ «Լինելով սահմանապահ համայնքի դպրոց՝  մենք առաջին հերթին կարեւորում ենք աշակերտների կայուն գիտելիքներն ու անվտանգությունը։ Այդ նպատակով հաճախ անցկացնում ենք վարժանքներ, դասախոսություններ։ Դպրոցն ունի առաջնային հրդեհաշիջման միջոցներ»։

Նույն օրը ժամանակավոր տեղակայման կետի ծավալման աշխատանքներ են տարվել Երեւան քաղաքի թիվ 141 հիմնական դպրոցում։ Իրականացվել է բնակիչների (տվյալ դեպքում՝ դպրոցականների) ազդարարում, ընդունում եւ հաշվառում։ Երեւանի փրկարարական վարչության Նոր Նորք բաժնի ԱԻ եւ ՔՊ հարցերով ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Գայանե Գեւորգյանի խոսքով, թեեւ երեխաները տեղյակ են տարբեր ծառայություններ ահազանգելու կարգից, սակայն տարածքում պետք է փակցված լինեն արագ արձագանքման ծառայությունների հեռախոսահամարները։ Պաստառներն ավելի արդյունավետ կարող են լինել իրական արտակարգ իրավիճակի դեպքում։

Վարժանքներ են անցկացվել նաեւ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի եւ Երեւանի թիվ 21 մանկապարտեզներում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ