Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները քաղաքացուն հանել են փոսից

Փրկարարները քաղաքացուն հանել են փոսից

760
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 300 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 50 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:  Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 100 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Արաբկիր, Կենտրոն, Շենգավիթ, Նոր Նորք, Էրեբունի վարչական շրջանների եւ Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված տասնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Տիգրանյան փողոցում կատուն բնակարանից ընկել է խաղողի թարմայի վրա, իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները իջեցրել են կատվին: Էրեբունու փրկարարներն ահազանգ են ստացել, որ շուն է ընկել Արցախի պողոտային հարակից ջրանցք: Հրշեջ-փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից: Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Պարոնյան փողոցում ծառերից մեկի վրա փուչիկ կա, հայտնի չէ, թե ինչով է լիցքա­վորված: Հրշեջ-փրկարարներն իջեցրել են փուչիկը և տեղափոխել անվտանգ տարածք:

Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ջրվեժ-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում պայթուցիկ սարք է նկատվել: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, Զինված ուժերի սակրավորները հայտնաբերել են 82 մմ տրամագծով ականանետի արկ եւ տեղափոխել Արմավիրի զորավարժադաշտ՝ ոչնչացման։ Արարատի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Բաղրամյան գյուղում՝ դպրոցի մոտակայքում, քաղաքացին ընկել է 4 մետրանոց դիտահորը, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները 79-ամյա տղամարդուն դուրս են բերել հորից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Գեղարքունիքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ երեք քաղաքացի մոլորվել են Գեղհովիտ գյուղի մոտակա սարերում: Հրշեջ-փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներին եւ ուղեկցել ավտոմեքենայի մոտ: