Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ․ սողանք, տարհանում, երկրաշարժ, հրդեհ

Վարժանքներ․ սողանք, տարհանում, երկրաշարժ, հրդեհ

533
Տարածել

Երեւանի եւ մարզերի ուսումնական, բժշկական հաստատություններում, հատուկ օբյեկտներում մեկնարկել են մայիսյան ուսումնավարժությունները։

Հակառակորդի հարձակման վտանգի դեպքում համայնքի ղեկավարության քաղպաշտպանության մակարդակի բարձրացմանն ուղղված շտաբային քննարկումներ են եղել Արմավիրի մարզի Արմավիր եւ Այգեշատ համայնքներում։ Ամսվա ընթացքում նույն թեմայի շուրջ հանդիպումներ կկայանան նաեւ Արտամետ, Տալվորիկ, Բերքաշատ, Նոր Կեսարիա համայնքներում։

Սյունիքի մարզի Սրաշեն եւ Կաղնուտ համայնքներում անցկացվել են «Սողանքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություններ։ Առաջիկայում կդիտարկվեն սողանքի սպառնալիքները եւ բնակչության իրազեկվածության խնդիրները Կապան քաղաքում, Քարահունջ (Գորիս համայնք) եւ Հարժիս (Տաթեւ համայնք) բնակավայրերում։

Սյունիքի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Ռոմա Սահակյանի խոսքով՝ Սյունիքի տարածքում սողանքային գոտիները շատ են։ 7-8 տարի առաջ Սրաշենի հարակից սարալանջի անտառային մի հատվածն ամբողջությամբ սահել էր եւ մեծ վնաս հասցրել։ Պատճառը գրունտի գերխոնավեցումն էր։ Հակասողանքային միջոցառումներից իրականացվել են ծառատունկ, ջրահեռացում, արգելվել է բանջաբոստանային կուլտուրաների մշակությունը։ Ներկայումս սողանքի տեղաշարժ չկա։ Կաղնուտ համայնքին հարակից լանջերը եւս սողանքավտանգ են, հատկապես՝ հալոցքի ժամանակ: Սողանքը կարող է փակել ճանապարհն ու խաթարել երթեւեկությունը։ Կապան քաղաքում ժամանակին սողանքի հետեւանքով հենապատ է փլուզվել, վնասվել են տներ։ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության մասնագետները եղել են տեղանքում, տեղադրել տվիչներ՝ սողանքի շարժն արձանագրելու համար։ Փրկարարի հաղորդմամբ՝ ամենաակտիվը Քարահունջի սողանքն է: Սրանք կանդրադառնանք առաջիկայում։

Մայիսի 11-ին Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմը ներկա է եղել Գորիսի բժշկական կենտրոնում անցկացված «Ուժեղ երկրաշարժի դեպքում անձնակազմի եւ հիվանդների պաշտպանության կազմակերպումը» թեմայով օբյեկտային վարժանքին։ Ըստ պլանի՝ փլուզվել է կենտրոնի կաթսայատունը, կատարվում է անձնակազմի տարհանում եւ հաշվառում, ծանր հիվանդների թվի եւ նրանց տարհանման միջոցների մասին զեկուցում։ «Անձնակազմն ուներ փոխհամագործակցության պլան, որում մշակված էր այլ ծառայությունների հետ աշխատանքի հերթականությունը։ Ինչ վերաբերում է կենտրոնի հակահրդեհային պաշտպանվածությանը, բոլոր մուտքերը բաց էին, վերելակները՝ սարքին, միջանցքները՝ լայն։ Միակ խնդիրը հրշեջ ծորակներն էին»,- ասաց Գորիսի ՀՓՋ հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ մայոր Սամվել Մուսախանյանը։

Երեւան քաղաքի թիվ 77 մանկապարտեզում անցկացված վարժանքը «Աշխատակիցների եւ սաների տարհանման կազմակերպումը մանկապարտեզում ծագած հրդեհի դեպքում» թեմայով էր։ ԵՓՎ Մալաթիա Սեբաստիա բաժնի արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Մերուժան Խուրշուդյանը նկատեց, որ մանկապարտեզում միայն կին աշխատակիցների ներկայությունը բերում է բացթողումների եւ թերությունների: Ի հավելումն, մուտքի դռների շեմերը բարձր են, միջանքներում փռված գորգերը, որոնք արագ տարհանվելիս սայթաքելու պատճառ են դառնում։ Հրահանգիչը զարմացած էր հատկապես երեխաների կազմակերպված գործողություններից եւ ոգեւորությունից։ Խուճապի մթնոլորտ չկար։

Նոր Նորքի թիվ 164 հիմնական դպրոցում իրականացվեց «Տարհանման հավաքակայանի ծավալումը» թեմայով վարժանք։ Կատարվեց անձնակազմի տարհանում, բակում բուժկետի ծավալում։ ԵՓՎ Նոր Նորք բաժնի արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Գայանե Գեւորգյանը բավարար գնահատեց կազմավորումների պատրաստվածությունը։ Վարժանքի հիմնական թերությունը տարհանվածների ընդունման եւ հաշվառման կետում սեղանների պակասն էր, ինչը հանգեցրել էր հերթերի։

Մայիսի 11-ին Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում օբյեկտային վարժանքի թեման հրդեհի դեպքում աշխատակիցների պաշտպանության կազմակերպումն էր։ Ըստ պլանի՝ էլեկտրական վահանակներից մեկում կարճ միացում է եղել, բռնկվել է հրդեհ, հետախուզության արդյունքում հայտնաբերվել է այրվածքներ ստացած եւ ծխահարված մեկ տուժած, որին դրսում ծավալված բուժկետում ցուցաբերվում է օգնություն։

ԵՓՎ Աջափնյակ բաժնի ԱԻ եւ ՔՊ հարցերով հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Արտյոմ Վելյանը մանրամասնեց՝ շենքի մուտքը փակելու պատճառով վարժանքին մասնակից էին դարձել նաեւ կենտրոնի այցելուները։ «Ցանկալի կլիներ, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ կենտրոնը ձեռք բերի ներքին ազդարարման կամ հակահրդեհային ինքնաշխատ համակարգ»,- ամփոփեց հրահանգիչը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ