Գլխավոր Նորություններ «Հակահրդեհային պատրաստվածության միամսյակի» վարժանք «Ռիո մոլում» (լուսանկարներ)

«Հակահրդեհային պատրաստվածության միամսյակի» վարժանք «Ռիո մոլում» (լուսանկարներ)

1081
Տարածել

Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով իրականացվող «Հակահրդեհային պատրաստվածության միամսյակի» շրջանակներում «Հրդեհի դեպքում առեւտրային կենտրոնի աշխատակիցների եւ այցելուների տարհանում» թեմայով վարժանք անցկացվեց Երեւանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Ռիո մոլ» առեւտրաժամանցային կենտրոնում: Այս վարժանքների նպատակն է բարձրացնել բնակչության, կազմակերպությունների աշխատակիցների եւ այցելուների պատրաստվածության մակարդակը՝ հնարավոր հրդեհային իրավիճակում գործողությունները ճիշտ կազմակերպելու համար:

«Ռիո մոլ» կենտրոնում կազմակերպված վարժանքին մասնակցում էր վեց մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք՝ Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Կենտրոն, Դավթաշեն վարչական շրջաններից եւ ԱԻՆ արագ արձագանքման խումբը: Ընդհանուր մոտ 40 փրկարար: Վարժանքին հետեւում էին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ու Երեւանի վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:
Վարժանքի սցենարի համաձայն, հրդեհ է բռնկվել եռահարկ առեւտրային կենտրոնի երկրորդ հարկում, տարածքը պատվել է ծխով, ծուխն ու կրակը տարածվում են վեր, մարդկանց տարհանելու անհրաժեշտություն կա:

Վարժանքի ավարտին փրկարարները գնահատեցին կենտրոնի անվտանգության աշխատակիցների աշխատանքը: Նորակառույց կենտրոնը հագեցած է հակահրդեհային տեխնիկայով՝ անհատական պաշտպանության միջոցներից մինչեւ հիդրանտներ, սակայն, աշխատակիցները ոչ ամբողջությամբ են տեղյակ արտակարգ իրավիճակներում իրենց պարտականություններին. առաջին օգնություն ցուցաբերել չգիտեն, տարհանման  ուղղորդող նշաններ, ձեռքի բարձրախոսներ չկան, անվտանգության աշխատակիցները չունեն արտակարգ իրավիճակների համար հատուկ հագուստ, որով կտարբերվեն բոլորից, չեն օգտագործվում հրդեհաշիջման առաջնային միջոցները:

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նշեց, որ առկա թերությունները պետք է արագ վերացվեն փրկարարների ու կենտրոնի ղեկավարության համատեղ ջանքերով, որ իրական հրդեհի դեպքում մարդկանց կյանքին եւ առողջությանը վտանգ չսպառնա:

«Հակահրդեհային պատրաստվածության միամսյակի» շրջանակներում կազմակերպվելու է 20 ուսումնավարժանք հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առեւտրի եւ ժամանցի խոշոր կենտրոններում: «Ռիո մոլ» առեւտրաժամանցային կենտրոնում կազմակերպված վարժանքը 16-րդն էր:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Անցած վարժանքներից. Քանաքեռ-Զեյթունի «Երեւան City» առեւտրի կենտրոն