Գլխավոր Նորություններ «Հակահրդեհային պատրաստվածության միամսյակի» հերթական վարժանքը (լուսանկարներ)

«Հակահրդեհային պատրաստվածության միամսյակի» հերթական վարժանքը (լուսանկարներ)

1347
Տարածել

Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ապրիլի 16-ին մեկնարկել է «Հակահրդեհային պատրաստվածության միամսյակ», որի նպատակն է բարձրացնել բնակչության, կազմակերպությունների աշխատակիցների եւ այցելուների պատրաստվածության մակարդակը՝ հնարավոր հրդեհային իրավիճակում գործողությունները ճիշտ կազմակերպելու համար: Միամսյակի շրջանակներում կազմակերպվելու է 20 ուսումնավարժանք հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առեւտրի եւ ժամանցի խոշոր կենտրոններում:

Մինչ օրս կազմակերպվել է 15 վարժանք, այսօր կազմակերպվեց եւս մեկը՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Երեւան City» եռահարկ առեւտրի կենտրոնում: Վարժանքի թեման էր «Հրդեհի դեպքում առեւտրային կենտրոնի աշխատակիցների եւ այցելուների տարհանում»:

Վարժանքին մասնակցում էր վեց մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք՝ ընդհանուր՝ 38 փրկարար Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Կենտրոն, Դավթաշեն վարչական շրջաններից եւ ԱԻՆ արագ արձագանքման խումբը: Վարժանքին հետեւում էին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ու Երեւանի վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:

Վարժանքի ղեկավար, փ/ծ փոխգնդապետ Հենրիկ Սիմոնյանի խոսքով, սցենարի համաձայն հրդեհ է բռնկվել առեւտրային կենտրոնի առաջին հարկում, տարածքը պատվել է ծխով, ծուխն ու կրակը տարածվում են դեպի երկրորդ հարկ, մարդկանց տարհանելու անհրաժեշտություն կա:

Դեպքի վայր հասած փրկարարները հետախուզությամբ պարզեցին, որ բոլորն արդեն տարհանվել են, առկա միջոցները բավարար են հրդեհաշիջման համար եւ գործի անցան: Հրդեհն արագ մարվեց:

Գնահատելով վարժանքի ժամանակ փրկարարների եւ առեւտրի կենտրոնի աշխատակիցների գործողությունները, փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նկատեց, որ փրկարարները աշխատեցին ճիշտ, իսկ ահա առեւտրի կենտրոնի աշխատակիցները որոշակի թերություններ ունեին հրդեհի բռնկվելուց հետո մարդկանց արագ տարհանելու հարցում, որոշ պատասխանատուներ ամբողջությամբ չէին տիրապետում արտակարգ իրավիճակում իրենց պարտականություններին: «Անվտանգությունը կարող է դառնալ ձեր կենտրոնի բրենդը: Մարդիկ ձեր հաճախորդը կդառնան ոչ միայն ցածր գների համար, այլ նաեւ որ՝ անվտանգ տարածք են մտնում: Եթե տարածքն անվտանգ չէ, ինչքան էլ գին իջեցնես՝ մարդը չի գա»,- ասաց Վրեժ Գաբրիելյանը:

Վարժանքի արդյունքներն ամփոփելուց հետո ԱԻՆ մասնագետները կօգնեն առեւտրային կենտրոնի ղեկավարությանը շտկել առկա բացերը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ