Գլխավոր ՀՀ ԱԻՆ Փրկարարները հանուն հանրահավաքների անվտանգության (լուսանկարներ)

Փրկարարները հանուն հանրահավաքների անվտանգության (լուսանկարներ)

3486
Տարածել

Վերջին շրջանում քաղաքական զարգացումներով պայմանավորված խաղաղ բողոքի ակցիաների ժամանակ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով Երեւանի փրկարարական վարչության ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն, մասնավորապես՝ Հանրապետության հրապարակի հարակից Նալբանդյան, Ամիրյան, Վազգեն Սարգսյան փողոցներում, Տիգրան Մեծ պողոտայի սկզբնամասում։ Հենց Հանրապետության հրապարակում են երեկոյան հանահավաքներ անցկացվում ու հրապարակին մոտ լինելը մեծապես կրճատում է հնարավոր ահազանգին արձագանքելու ժամանակը: Փրկարարի առաքելությունը մարդկային կյանքեր փրկելն է՝ անկախ մարդու ազգությունից, կրոնական կամ քաղաքական հայացքներից:  Շուրջօրյա հերթապահություն է սահմանված նաեւ Երեւանի Մետրոպոլիտենի երկու կայարաններում։

Երեւանի փրկարարական վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ ավագ լեյտենանտ Անդրանիկ Մարգարյանի խոսքով՝ վերջին օրերին արտակարգ պատահարներ չեն գրանցվել, քաղաքացիներից ոչ ոք փրկարարներին չի դիմել։ Փրկարարների ուշադրության կենտրոնում է նաեւ ցուցարարների կողմից անվտանգ երթեւեկության կանոնների պահպանումը, քանի որ փողոցներում բազմաթիվ մանուկներ եւ երեխաներին մանկասայլակներով տեղափոխող մարդիկ կան։

Էրեբունի բաժնի թիվ 3 ՀՓՋ խմբի պետ, փ/ծ կապիտան Արա Հովակիմյանը նկատում է՝ ցույցերը կազմակերպված են ընթանում, քաղաքացիներն ըմբռնումով են մոտենում փրկարարների նախազգուշացումներին։ Հարցին՝ արդյոք մեկ այլ վայրում խոշոր պատահարի դեպքում մարտական հաշվարկը միանալու է գործողություններին, խմբի պետը պատասխանում է․ «Մեր ներկայությունն այստեղ է պետք, տեխնիկան միշտ մարտական վիճակում է։ Անհրաժեշտության դեպքում օգնություն կխնդրենք մյուս ջոկատներից»։

Այս օրերին ճանապարհների փակումը որոշակի խոչընդոտներ էր ստեղծել ու մայիսի 2-ին Էրեբունու փրկարարները, նկատելով մեքենաների հոսքի մեջ խցանված մեքենայում հղի կնոջը, օգնել էին նրան տեղափոխվել բուժհաստատություն։

Կենտրոն բաժնի թիվ 8 ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Մամիկոն Ծառուկյանը նշում է՝  մարդաշատ վայրերում վտանգն անկանխատեսելի է․ արտակարգ իրավիճակ կարող են ստեղծել ոչ միայն արագության գերազանցումը, անթույլատրելի վայրերից փողոցը հատելը, այլեւ նույնիսկ արտաքինից անվտանգ թվացող հելիումով փուչիկները։ Իսկ երկարատեւ զբոսանքը կարող է հիպերտոնիայի եւ ուշագնացության պատճառ դառնալ։ Երիտասարդը համոզված է՝ փրկարարները պարտավոր են առաջինն արձագանքել ցանկացած իրավիճակի։

Բարեբախտաբար մինչ օրս պատահարներ չեն գրանցվել։ Փոխարենը մեքենաներից բեռնաթափված փողոցներում շրջող փոքրիկները լուսանկարվել են փրկարարների հետ, հարցուփորձ արել նրանց գործունեությունից, ջուր եւ քաղցրեղեն հյուրասիրել։ «Մարդիկ ճանաչում են մեր համազգեստը, անցնելիս ժպտում են, բարեւում։ Օտարերկրացիները դիմում են զանազան հարցերով, հիմնականում՝ հասցե ճշտելու խնդրանքով։ Հերթապահությունը շարունակական կլինի, մինչեւ  իրավիճակը կայունանա»,- ամփոփում է Մամիկոնը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ