Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Լավագույնը՝ խմբի պետ Արգամ Հակոբյան

Լավագույնը՝ խմբի պետ Արգամ Հակոբյան

238
Տարածել

2011 թվականից Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն անցկացնում է «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոն եւ «Լավագույնն ըստ մասնագիտության» սկզբունքով որոշում լավագույն փրկարարներին: 2017-ի «Արիության համաստեղության» հաղթողներից մեկն էլ Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ կապիտան Արգամ Հակոբյանն է:

Լավագույն պմբի պետ ճանաչված Արգամ Հակոբյանը երկրաշարժը վերապրածներից է։ Վեց տարեկան էր, դպրոցում այբուբենի «փ» տառն էին սովորում։ Հանկարծ առաստաղից ծեփը սկսեց թափվել, ուսուցչուհին «թեւերի տակ» առավ աշակերտներին, տարհանեց շենքից։ Փախչելիս ոչ ոք չէր նկատել, որ դասընկերը հայտնվել է փլված աստիճանների արանքում։ «Մի կնոջ վերարկուի ծայրը բռնեցի, քարշ տալով՝ փլատակներից դուրս բերեց ինձ։ Եղբայրս կոտրվածքներ էր ստացել, տեղափոխեցին Երեւան՝ հիվանդանոց։ Տարիներ անցան, ցուրտ ու սով տեսանք։ Երկրաշարժը սովորեցրեց խուճապի չմատնվել, ամեն իրավիճակից ելք գտնել։ Ապրած դժվարություններն օգնեցին ինձ հեշտությամբ հարմարվել փրկարարի աշխատանքին, ոչնչից չվախենալ»,- ասում է խմբի պետը։

Ծնվել է Լոռու մարզի Ջրաշեն գյուղում, բանակից զորացրվելուց հետո ավարտել տեղի գյուղատնտեսական քոլեջը, 2007 թվականից աշխատանքի անցել փրկարար ծառայությունում՝ զուգահեռ ուսանելով Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում։

11 տարվա ծառայության մեծագույն ձեռքբերումը ընկերությունն է համարում։ Իրար կողքին են ուրախության եւ տխրության պահերին, նորեկները տեսնում են, օրինակ վերցնում։ Ամեն աշխատանքային օրվա սկիզբը նույնն է՝ քննարկում են նախորդ հերթափոխի դեպքերը, դասեր քաղում։ Արգամի խոսքով՝ փորձն ու գիտելիքը բավարար չեն, ամեն դեպք եզակի է․ «Թռչկանի ջրվեժ ուղեւորվող արշավականներից երկուսը հեռացել էին խմբից, մոլորվել։ Ձնաբքի վտանգ կար, երեխաների վերջույթները սառել էին։ Առաջարկեցինք ջոկատ տեղափոխվել, մերժեցին։ Շատ չանցած՝ ընդունեցին հրավերը։ Ամեն օր տարբեր բնավորության տեր մարդկանց հետ ես գործ ունենում, երբեմն պետք է՝ աչքդ չտեսնի, ականջդ՝ չլսի»։

Փորձառու փրկարարը գործում խստապահանջ է․խմբի անվտանգությունն իր ուսերին է։ Երբեմն երիտասարդ աշխատակիցների մեջ իրեն է տեսնում՝ այն «անհնազանդ» հրշեջ-փրկարարին, որը փորձում էր բոլոր հարցերին սեփական լուծումը տալ։ Այսօր այլ կարծիք ունի․ փրկարարը պետք է առաջին հերթին հավասարակշռված լինի, մտածի իր արածի հետեւանքների մասին, մի կողմ դնի «ես»-ն ու թիմում աշխատի։

Լավագույնը ճանաչված մասնագետն անկեղծանում է՝ նոր «կարգավիճակից» շատ է ոգեւորվել, սակայն իր մարդկային արժանիքները դրանից չեն փոխվել։ 2017 թվականի ամռանը Վրաստանի Բորժոմի անտառների հրդեհաշիջմանը մասնակցելու համար Վրաստանի ներքին գործերի նախարարության շնորհակալագրին է արժանացել։ «Անտառում տորֆի շերտ կար, տեղանքը բարձրադիր էր։ Նպատակը մեկն էր՝ կանխել կրակի տարածումը դեպի բնակավայրեր։ Անտառին մոտենում էինք որտեղից հնարավոր էր՝ բլրակներով, ձորակներով։ Ջրի լիցքավորման համար լանջն ի վար կիլոմետրեր պետք է կտրեինք։ Փոխարենը մի բնական աղբյուր գտանք, ջրավազան փորեցինք․ այլեւս ջրի խնդիր չունեինք»,- պատմում է եւ կատակում, որ վրացի գործընկերները փորձել էին կրկնօրինակել իրենց, սակայն՝ անհաջող։

Բորժոմում հայ փրկարարները հնարավոր զգոնությամբ էին աշխատել, քանի որ ինքնաթիռով հրդեհաշիջման համար նախատեսված մեծաքանակ ջուրը քշում, տանում էր չորացած կոճղերը՝ սպառնալով վնասել իր ճանապարհին հայտնվածներին։ Բորժոմի անտառային հրդեհներից մեկ բան սովորեցին՝ ծխապատ գոտում պետք է հաղորդակցվելով աշխատել։

Հերթափոխից ազատ ժամանակը Արգամ Հակոբյանն ընտանիքին է նվիրում։ Մշո Խնուս գավառից սերող փրկարարը հսկայական գերդաստանի կապող օղակն է, իր արմատների պատմության կրողը։ Ջրաշենը բնակեցրած մշեցիները մինչ օրս տարբերվում են իրենց պահպանողական մտածելակերպով եւ նիստուկացով։ Ափոսանքով նշում է՝ գյուղում Մշո պարերը չեն պահպանվել․ «Փորձում եմ ժամանակին համընթաց քայլել (ծիծաղում է), խրատներիցս ոչ ոք չի նեղանում։ Երկու երեխաներիս էլ նույն ոգով եմ դաստիարակում, որ պարզ եւ արդարամիտ լինեն»։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. «Արիության համաստեղություն» 2017 թվականի փառատոնի հաղթողներից են.

Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, փ/ծ ավագ Հայկ Անդրեասյան Արագածոտնի մարզի Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայող Թաթուլ Ավետիսյան