Գլխավոր ՀՀ ՆԳՆ Տարվա ամփոփում ԱԻՆ-ում. Դեպի դիմակայուն Հայաստան (լուսանկարներ)

Տարվա ամփոփում ԱԻՆ-ում. Դեպի դիմակայուն Հայաստան (լուսանկարներ)

2488
Տարածել

Այսօր Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում ամփոփեցին 2017 թվականին արածն ու նախանշեցին 2018-ի անելիքները: Նիստի ավարտին նախարարության նպատակը ձեւակերպեց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը. «Դեպի դիմակայուն Հայաստան»:

Արտակարգ իրավիճակների նախարարության կոլեգիայի նիստում համակարգի ստորաբաժանումների (ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, փրկարար ծառայություն, պետական ռեզերեւների գործակալություն, աղետների բժշկության կենտրոն եւ այլն) ղեկավարները ներկայացրեցին հաջողությունները, ձեռքբերումները, առկա խնդիրներն ու դրանց լուծման սեփական մոտեցումներն ու տարբերակները:

«2017 թվականին ունեցանք բավականին խնդիրներ՝ անտառային հրդեհներ, «Նաիրիտ» գործարանի հրդեհը, բայց կարողացանք պատվով դուրս գալ», — նկատեց Դավիթ Տոնոյանը:

2017 թվականին արդիականացվել, նոր գույքով համալրվել են համակարգի բազմաթիվ օղակներ եւ ստորաբաժանումներ. սահմանամերձ գյուղերում տեղակայված քաղաքացիական պաշտպանության հենակետեր, հրշեջ-փրկարարական ջոկատներ, նոր սեյսմիկ կայաններ են տեղադրվել Լոռիում, Սյունիքում, այլ մարզերում, աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով օպտիմալացվել են բազմաթիվ կառույցներ: Շատ հաճախ տարբեր ստորաբաժանումների աշխատանքները իրար փոխլրացրել են: Օրինակ անվտանգության մշակույթի ձեւավորման եւ դիմակայուն հասարակություն ունենալու նպատակով ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել ինչպես փրկարարների, այնպես էլ ոստիկանների, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, պետական եւ համայնքային կառույցների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար: Սրան զուգահեռ աղետների բվժշկության կենտրոնը անցկացրել է առաջին օգնության դասընթացներ, իսկ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը՝ հրդեհային անվտանգության կանոնների մասին գրքույկներ է տարածել, հեռուստա եւ ռադիոհաղորդումներով ներկայացրել հակահրդեհային ճիշտ վարքականոնը:

2018 թվականին ԱԻ նախարարության պատասխանատվության ոլորտում մի շարք կարեւոր ծրագրեր կիրականացվեն: 2015 թվականին հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, մեկ թիմ անցել է «Որոնողափրկարակական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (International search and rescue advisory group՝ INSARAG) արտաքին որակավորումը: Հիմա Հայաստանն  ունի INSARAG-ի արտաքին որակավորում անցած մեկ եւ ներքին՝ ազգային  որակավորում ունեցող չորս թիմ՝ Սյունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի: 2018-ին աշխատանքներ կտարվեն այլ մարզերում էլ ՔՈՓ թիմեր ձեւավորելու եւ արտաքին որակավորում ունեցող թիմի 2020 թվականի վերաորակավորմանը նախապատրաստվելու ուղղությամբ: Կշարունակվի միջազգային համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով, հունիսին Հայաստանում կանցկացվի աղետների ռիսկի նվազեցման հարավկովկաս-կենտրոնասիական տարածաշրջանային պլատֆորմի համաժողովը: ԱԻՆ մասնագետները կաշխատեն համայնքապետարանների հետ՝ համայնքային զարգացման ծրագրերում աղետների ռիսկի նվազեցման քայլեր նախատեսելու նպատակով:

2018 թվականի այլ անելիքների մասին՝ առաջիկայում:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ