Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները հեռացրել են զբոսնող ձիուն

Փրկարարները հեռացրել են զբոսնող ձիուն

806
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 300 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 50 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:  Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 100 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Դավիթաշեն, Աջափնյակ, Արաբկիր,  Կենտրոն, Ավան, Նոր Նորք վարչական շրջանների եւ Արարատի, Կոտայքի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված տասնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Սյունեցի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Քաջարան քաղաքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաց հանքի տարածքում հայտնաբերվել է արկ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները սահմանազատել են տարածքը, զինված ուժերի սակրավորները արկը տեղափոխել են անվտանգ տա­րածք և վնասազերվել:

Նոր Նորքի փրկարարները կեսգիշերից քիչ անց ահազանգ են ստացել, թե Մոլդովական փողոցի հանրակացարանում այրվում են էլ.հաշվիչներ: Հրդեհը մեկուսացվել է եւ մարվել, ծխալցվել է 30 բնակարան: Հրշեջ-փրկարարները տարհանել են 60 բնակչի և կատարել ծխահեռացման աշխատանքներ: Դավիթաշենի  փրկարարներն ահազանգ են ստացել, թե 2-րդ թաղամասում գտնվող զբոսայգում ձի է շրջում: Հրշեջ-փրկարարները ձիուն տեղափոխել են անվտանգ տարածք: Քանաքեռ-Զեյթունի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Ռուբինյանց փողոցում խափանված տրոլեյբուսում (սրահում ուղևորներ չկան) կասկածելի արկղ է հայտնաբերվել: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ստվարաթղթե դատարկ արկղ: