Գլխավոր ՀՀ ԱԻՆ Պետություն-մասնավոր գործընկերություն ԱՌԿ ոլորտում

Պետություն-մասնավոր գործընկերություն ԱՌԿ ոլորտում

1048
Տարածել

2018 թվականի փետրվարի 14-16-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում կայացել է ներդրումային ռուսական 17-րդ ֆորումը, որին մասնակցել է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը եւ ներկայացրել «Պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացումը որպես Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման ոլորտ մասնավոր ներդրումների ներգրավման հիմք» զեկույցը: Ներկայացնում ենք զեկույցն ամբողջությամբ:

2017 թվականի գարնանը Հայաստանի հանրապետության կառավարությունը հաստատել է Աղետների ռիսկի կառավարման նոր ռազմավարությունը: Այս նորարարական փաստաթուղթը ոչ միայն նախանշում է ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները մինչեւ 2030 թվականը, այլ նաեւ հիմք է երկրի ներսում եւ միջազգային հարթակներում բազմակողմ համագործակցության համար:

Ռազմավարության առաջնահերթություններից մեկն էլ աղետների ռիսկի կառավարման՝ ԱՌԿ, ոլորտում ծրագրերում եւ նախաձեռնություններում մասնավոր հատվածի ներգրավվումն է: ԱՌԿ ոլորտում մասնավոր հատվածի ներգրավման անհրաժեշտությունը թելադրված է Հայաստանում այս ոլորտում զարգացման տրամաբանությամբ, երկրում կատարվող փոփոխություններով, բարեփոխումներով եւ հենց կյանքի պայմաններով: Մասնավոր ընկերությունների համար նոր հնարավորությունների ստեղծումը, համագործակցության եւ ներդրումների համար նրանց շահագրգռելը, առաջնահերթություն է Հայաստանի հանրապետության կառավարության եւ արտակարգ իրավիճակների նախարարության համար: Մենք հստակ գիտակցում ենք, որ առանց նման համագործակցության շատ դժվար կլինի ապահովել ԱՌԿ ոլորտում հնարավորությունների արագ զարգացում, ապահովել տնտեսության եւ մարդկային ներուժի անվտանգ, հաստատուն զարգացում:

Նոր հայեցակարգի գլխավոր նպատակը պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության ամրապնդումն է՝ աղետների իրական եւ հնարավոր ռիսկերին առնչվող խնդիրների արդյունավետ լուծման նպատակով: Հայեցակարգի հիմնական ուղղություններն են. մասնավոր ներդրումներ ներգրավվելու համար օրենսդրության հետագա զարգացում, ԱՌԿ ոլորտում բարեփոխումների գործընթացում մասնավոր հատվածի մասնակցության շահագրգռվածության աճ, պետական կառույցների եւ մասնավոր հատվածի միջեւ փոխադարձ վստահության ամրապնդում:

Նոր հայեցակարգը հնարավորություն կտա ձեւավորել մի մոդել, երբ ԱՌԿ ոլորտում ներդրումները հետաքրքիր կլինեն ոչ միայն ոչ մեծ ընկերություններին, այլ նաեւ կորպորացիաներին եւ միջազգային գործընկերներին: Դրա համար հարկ է մասնավոր հատվածի արդյունավետ աշխատանքի համար «տարածություն» ստեղծել, «կիսվել» պետության առկա ռեսուրսների մի մասով՝  դրանք նոր՝ առավել խոշոր եւ երկարատեւ ներդրումներով բազմապատկելու նպատակով:

ԱՌԿ ոլորտում ներդրումներ ապահովելու նպատակով մասնավոր հատվածի շահագրգռվածության զարգացման հիմնական գործիքը պետություն-մասնավոր խորացված եւ ընդլայնված գործընկերությունն է: Ներկայումս Հայաստանի հանրապետության կառավարությունը վերանայում է պետություն-մասնավոր գործընկերության հիմքերը՝ գործընթացում մասնավոր հատվածի դերն ու շահագրրգռվածությունը բարձրացնելու նպատակով:

Մեր նոր հայեցակարգի նախագծում շեշտը դրվում է նաեւ այս գործիքի վրա: Սակայն, սա դիտվում է ԱՌԿ ոլորտում կոնկրետ հարթություններում արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքներում պետություն-մասնավոր գործընկերության հնարավոր տարբերակների կիրառման համատեքստում: Մասնավորապես.

  1. Աղետների ռիսկի բացահայտում
  2. Աղետների ռիսկի նվազեցում
  3. Պատրաստվածություն հնարավոր աղետներին
  4. Արձագանքում
  5. Վերականգնում եւ վերակառուցում
  6. Աղետների ռիսկի ֆինանսավորում

Հայեցակարգի նպատակն է հասնել բիզնեսի համար այնպիսի արդյունքների, որոնք հետաքրքիր կլինեն թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ հեռանկարում:

. Գործարարությամբ զբաղվելու նոր հարթակների եւ հնարավորությունների ստեղծում, հաճախորդների քանակի աճ, նոր հաճախորդների ներգրավվում:

. Շուկայում նոր ապրանքի ստեղծում:

. Բիզնեսի համար ռիսկի նվազեցում, ռիսկի բաժանում պետական հատվածից գործընկերների հետ:

. Բիզնես կառույցների սոցիալական կարգավիճակի եւ պատասխանատվության բարձրացում:

. Զարգացման ուղղված որոշումների կայացման գործում տարածքների եւ համայնքների հեղինակության բարձրացում: Սա հատկապես արդիական է, Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացի լույսի ներքո:

Հայաստռանում արդեն կիրառվող պետություն-մասնավոր գործընկերության հիմնական ձեւերը հետեւյալն են.

  1. Հավատարմագրային կառավարում
  2. Երկարաժամկետ վարձակալություն
  3. Ապրանքների եւ ծառայությունների գնում (պետական գնումներ)
  4. Հիմնական միջոցների փոխանցում
  5. Լիազորությունների փոխանցում

Հայաստանում ԱՌԿ ոլորտում պետություն-մասնավոր գործընկերության որոշ օրինակներ

Օրինակ 1. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախապատրաստումը հնարավոր արտակարգ իրավիճակներին

«Զվարթնոց» օդանավակայանը Հայաստանի ռազմավարական կարեւորագույն կառույցներից է, այդ թվում արտակարգ իրավիճակներին պատրաստվածության առումով: Օդանավակայանը հանձնված է հավատարմագրային կառավարման: 2015-2016 թվականներին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախաձեռնությամբ, միջազգային գործընկերների աջակցությամբ, միջազգային GARD մեթոդաբանությամբ, գնահատվեց օդանավակայանի՝ հնարավոր արտակարգ իրավիճակներին պատրաստվածության մակարդակը: Գնահատման արդյունքում ստացված առաջարկությունների հիման վրա, Հայաստանի կառավարությունը 2017 թվականին հաստատեց մասնավոր ընկերության եւ պետական կառույցների, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների նախարարության համագործակցության հատուկ կարգը: Այս փաստաթղթի հիման վրա արդեն իրականացվել են մի շարք համատեղ միջոցառումներ, այդ թվում՝ վարժանքներ՝ տարբեր արտակարգ իրավիճակների առաջացման թեմաներով:

Օրինակ 2. Գյուղատնտեսությունում մասնավոր ներդրումների պաշտպանությունը վնասներից

Կարկուտը Հայաստանի գյուղատնտեսությանը լրջորեն վնասող գործոն է: 2017 թվականին արտակարգ իրավիճակների նախարարությունը նախաձեռնեց գյուղատնտեսական նշանակության հողերի պաշտպանության հակակարկտային ցանցերի կիրառումը, որպես պաշտպանության արդյունավետ միջոց, հակակարկտային պաշտպանության ավանդական միջոցներին զուգահեռ: Մասնավոր բանկի, ներկրող ընկերության, միջազգային գործընկերոջ աջակցությամբ իրականացվեց հակակարկտային ցանցեր տեղադրելու պատրաստ ֆերմերների արտոնյալ պայմաններով ֆինանսավորում: 40 հեկտար տարածքում իրականացված փորձնական ծրագրի արդյունքները ցնցող էին. մինչեւ 98 տոկոս պաշտպանվածություն եւ բերքի գրեթե 100 տոկոս պահպանություն՝ չպաշտպանված տարածքների համեմատ:

Այս փորձի արդյունքների հիման վրա, կառավարությունը որոշեց սուբսիդավորել հակակարկտային ցանցերի համար տրվող վարկերը: Վարկերի տարեկան տոկոսադրույքը 14-ից դարձավ 2: Արդյունքում ֆերմերները կարկուտից պաշտպանվելու նոր հնարավորություն ստացան, իսկ մասնավոր ընկերությունները, ցանցեր ներկրողները՝ նոր հեռանկարներ իրենց բիզնեսի համար: Նման օրինակներ մեզ մոտ բավականին շատ կան:

Ի՞նչ ենք անելու առաջիկայում:

Նոր հայեցակարգի քննարկումներում մենք ակտիվորեն ներգրավվում ենք գործընկերների եւ տարբեր ոլորտների ներկայացուցիչների: Սա մեզ թույլ կտա կատարելագործել հայեցակարգը՝ հաշվի առնելով շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքները:

Մենք ակնկալում ենք, որ հայեցակարգը կառավարության մակարդակով կհաստատվի, որպես Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրի մաս: Սա մեզ թույլ կտա սկսել օրենսդրական դաշտի փոփոխությունների մշակումը:  Միաժամանակ մենք արդեն ճշգրտում ենք մեր ստորաբաժանումների գործողությունների պլանները: Մասնավոր հատվածի ներդրումների եւ գործընկերների ներգրավումը դառնալու է ստորաբաժանումների աշխատանքի հիմնական խնդիրներից մեկը:

Մենք վստահ ենք, որ համակարգային մոտեցումն ու նպատակադրված աշխատանքը թույլ են տալու մոտակա ժամանակում ստեղծել ԱՌԿ ոլորտում նոր, հետաքրքիր, նորարարական նախագծերի, բիզնես գործընկերների ներգրավման դրական շարժում: Բոլորին հրավիրում ենք դառնալ մաս եւ ակտիվ մասնակցել այս գործընթացին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ ՏՈՆՈՅԱՆ