Գլխավոր ՀՀ ԱԻՆ Հունվարի արտակարգ դեպքերը

Հունվարի արտակարգ դեպքերը

650
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2018 թվականի հունվարին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները հունվար ամսին իրականացրել են 1329 ելք՝ 311-ով պակաս քան 2017-ի հունվարին: 559 ելքով փրկարարներն արձագանքել են  տեխնածին, 25 ելքով՝ տարերային, 256 ելքով՝ սոցի­ա­լ­-կենսաբանական արտակարգ դեպքերի եւ այլն: Արտակարգ դեպքերից զոհվել է 34 մարդ (այդ թվում 4 կին, 1 երեխա), տուժել` 682 մարդ (այդ թվում 168 կին, 88 երեխա): 2017 թվականի հունվարի համեմատ զոհերի թիվն աճել է 11-ով, տուժածներինը՝ նվազել 43-ով: Փրկարարները 9 մարդու կյանք են փրկել (2017 թվականի հունվարին՝ 21 կյանք):

Հրդեհ

2018 թվականի հունվարին գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­րա­­­­բեր­յալ 303 ահազանգ (2017 թվականի հունվարին՝ 361 ահազանգ): Հրդեհ է գրանցվել 216 դեպքում (2017 թվականի հունվարին` 255 դեպք): 51 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ, 32 դեպքում ծխապատ գո­տի­­ն, 4 դեպքում`հսկողությամբ իրականացվող այ­րում­­­ը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Հրդեհներից տուժել է 1 մարդ (2017 թվականի հունվարին՝ 1 զոհ, 5 տուժած): Նյութական վնասը՝ մոտ 36 միլիոն դրամ` 9,2 միլիոն դրամով պակաս քան 2017-ի հունվարին: Հրդեհների մեծ մասը՝ 167 դեպք, գրանց­­­վել է քաղաքներում, 49 դեպք` գյու­ղերում: Երեւանում գրանցվել է 109 հրդեհ: Մարզերում ամենաշատ հրդեհներ գրանցվել են Լոռու քաղաքներում՝ 20 եւ գյուղերում՝ 15, ամենաքիչը Արագածոտնի քաղաքներում՝ 1 եւ Վայոց ձորի, Սյունիքի, Շիրակի գյուղերում՝ մեկական: Գեղարքունիքի եւ Վայոց ձորի քաղաքներում հրդեհ չի եղել:

Այրվել է առավելապես աղբ՝ 55 դեպք: Բացի սրանից, կրակի բաժին են դարձել առանձնատներ՝ 46, բնակելի շենքեր՝ 30, բուսածածկ տարածքներ՝ 24, տրանսպորտային միջոցներ՝ 16, ավտոտնակ-տնակ՝ 14 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար

2018 թվականի հունվարին Հայաստանում գրանցվել է 311 ճանապարհատրանսպորտային պատահար՝ 102-ով ավելի քան 2017-ի հունվարին: Այս պատահարներից զոհվել է 32, տուժել՝ 411 մարդ: 2017 թվականի հունվարի համեմատ զոհվածների թվաքանակն աճել է 21-ով, տուժածներինը՝ 61-ով: Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը՝ 156 դեպք բախումներն են: 84 դեպք՝ վրաերթ, 41 դեպ­­ք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 30 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանց­վել է 236 թունավորում, զոհվել է 2, տուժել՝ 269 մարդ: Թունավորումների քանակը նվազել է 33-ով, զոհերինը՝ 8-ով, տուժածներինը՝ 99-ով: Թունավորումների հիմնական պատճառներն են. դեղորայք՝ 70, ալկոհոլ՝ 54, քիմիական նյութեր՝ 42, սննդամթերք՝ 20, շմոլ գազ՝ 26 եւ այլն: Թունավորումների մեծ մասը՝ 179 դեպք, գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատ թունավորումներ գրանցվել են Արարատում՝ 14, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 1:

Այլ դեպքեր

2018 թվականի հունվարին հանրապետությունում գրանցվել է 2 պայթյուն, 8 փլուզում, 2 փլվածք-նստվածք, 2 սողանք, 7 մերկասառույց, վայրի կենդանիների 1 հարձակում, 2-5 բալ ուժգնությամբ 8 երկրաշարժ եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ