Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Թալինի փրկարարները. Ծառայություն, ընկերություն, փոխօգնություն

Թալինի փրկարարները. Ծառայություն, ընկերություն, փոխօգնություն

1592
Տարածել

Արագածոտնի մարզի Թալին քաղաքը փռված է Արագածի հարավային փեշերին: Անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվող տարածաշրջանում շուրջբոլորը հարթ տարածքներ են, դաշտեր, որտեղ բնակիչները գարի ու հացահատիկ են աճեցնում: Այստեղ կլիման չափավոր ցամաքային է: Ձմեռները ցուրտ են, հաստատուն ձնածածկույթով, իսկ ամառները՝ շոգ: Կլիմայական առանձնահատկությամբ պայմանավորված՝ ձմռան սեզոնին միջպետական և միջհամայնքային ճանապարհները ձնաբքի հետևանքով պարբերաբար փակվում, դժվարանցանելի են դառնում, ամռան շոգին էլ հաճախ են հրդեհներ բռնկվում չոր խոտածածկ տարածքներում: «Թալինով է անցնում Երևանից Գյումրի գնացող Մ1 մայրուղին: Ճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում հաճախ է ձնաբուք լինում, մեքենաներ են արգելափակվում: Այս ձմեռը խստաշունչ ու ձնառատ չէր, տարեսկզբին ընդամենը մեկ արգելափակման դեպք ենք ունեցել, երկու քաղաքացի գիշերը մնացել էին ճանապարհին, նրանց տեղափոխել ենք Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատ, օգնություն ցույց տվել և առավոտյան ճանապարհել»,-ասաց 2003 թվականից ի վեր Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը ղեկավարող, փ/ծ փոխգնդապետ Սևակ Ֆահրադյանը: Եթե ձմեռը համեմատաբար հանգիստ է անցել տարածաշրջանում, ապա անցած ամառ հրշեջ-փրկարարները լարված ծառայություն են իրականացրել: 2017թ.-ը վերջին 14 տարվա ընթացքում ամեահրդեհաշատ տարին էր տարածաշրջանում, հրշեջ-փրկարարները հինգ տասնյակից ավելի հրդեհների մարմանն են մասնակցել, 7 դեպքում էլ օգնության են հասել Աշտարակի ՀՓՋ-ին, օրեր շարունակ նաև հերթափոխելով մասնացել Բյուրականի, Արայի լեռան, Խոսրովի անտառում բռնկված խոշոր հրդեհների շիջմանը:

«Մեծ բարդության հրդեհ էր Խոսրովի անտառում, կրակը շատ արագ էր տարածվում՝ այրելով չոր խոտածածկերը, արժեքավոր ծառերը: Խիստ դժվարամատչելի տեղանքներում, որտեղ տեխնիկայի մուտքը բացարձակապես հնարավոր չի եղել, հիմնականում ձեռքի տակ եղած միջոցներով էինք պայքարում հրդեհի դեմ, անում ամեն հնարավորը մեկ ծառ փրկելու համար: Բյուրականի հրդեհը նույնպես բարդ էր, բայց ի տարբերություն Խոսրովի անտառի, մեքենաները կարողացել են աշխատել: Մեր ջոկատից 16 հոգի սեպտեմբերի 4-ին ամբողջ գիշեր աշխատել է դեպքի վայրում, մինչև ամսի 11-ը 6-7 հրշեջ-փրկարար հերթապահել են, մարումներ արել»,-լարված ամառն է վերհիշում Թալինի ՀՓՋ-ի հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Անդրանիկ Համբարձումյանը, ընդգծելով, որ անտառային հրդեհներ մարելու փորձ չունեցող և անտառազուրկ տարածք սպասարկող Թալինի ՀՓՋ-ի ծառայողներն նույն ջանասիրությամբ են մասնակցել նաև Արայի լեռան հրդեհաշիջման աշխատանքներին՝ ուժերի սահմաններում կատարելով իրենց առջև դրված խնդիրը:

Ջոկատի հրամանատար Սևակ Ֆահրադյանը ոգևորությամբ է նշում, որ ջոկատի նորեկները ավագ գործընկերների հետ հավասարապես պայքարում էին մոլեգնող կրակի դեմ: Թալինցի Ներսեհ Հովհաննիսյանը նորեկ է ջոկատում, 5-ամիս է աշխատում է ՀՓՋ-ում: Ջոկատի դիմաց ապրելով, հետևելով ջոկատի շարժին, միշտ հետաքրքրվել է փրկարարի մասնագիտությամբ: «Հորեղբայրս էլ հրշեջ էր: Մարդուն ձեռք մեկնելու բնավորությունս ինձ բերեց այստեղ: Հետևել եմ փրկարների գործին, փորձաշրջան անցել, մասնակցել Բյուրականի ու Արայի լեռան հրդեհների մարմանը: Մտադիր եմ ընդունվել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, փորձին զուգահեռ նաև մասնագիտական կրթություն ստնալ», -հավելեց 23-ամյա փ/ծ շարքային Ներսեհը, որը շուտով կրտսեր սերժանտի կոչմանը կարժանանա:

Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը սպասարկում է Թալին քաղաքն ու հարակից 40 գյուղ, այդ թվում նաև Թուրքիային սահմանակից Արագածավան, Գետափ, Թլիկ համայնքները՝ ընդհանուր 30 հազար բնակչությամբ: Իսկ ջոկատում ծառայողները հիմնականում Թալինի ու հարակից գյուղերի բնակիչներ են, որոնց միավորում է ոչ միայն ծառայությունը, այլ հերթափոխից դուրս ընկերական կապերը, դաշտերում միմյանց օգնելու պատրաստակամությունը: Ջոկատը տեղակայված է 1986 թվականին կառուցված շենքում: Զորանոցը, խոհանոցը, ավտոկայանատեղին կոսմետիկ նորոգվել են տղաների ուժերով, իսկ տանիքի նորոգումը դեռ օրախնդիր է: Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատն անցած տարի համալրվել է հիդրավլիկ սարքավորումներով: Եղած ողջ տեխնիկան շահագործվում է արդեն երկար տարիներ ու մշտապես սարքին վիճակում է: Նոր հրշեջ-մեքենաների անհրաժեշտություն կա: Հատկապես ամռանը այս պակասը սուր է զգացվում, երբ ջրասակավ տարածքում բռնկված հրդեհները մարելիս որոշ դժվարություններ են առաջանում: «Մեծ տարողությամբ հրշեջ-տեխնիկայով հնարավոր կլինի առավել արդյունավետ արձագանքել հրդեհների մարմանը»,-նկատում է ջոկատի հրամանատար Սևակ Ֆահրադյանը:

Ըստ նրա, մեծացել է հանրության վստահությունը փրկարարների նկատմամբ, ինչի մասին է փաստում «911» ծառայությանը դիմող բնակիչների օրեցօր ավելացող թիվը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ