Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Բաց վնասվածքներ. քերծվածք

Բաց վնասվածքներ. քերծվածք

1310
Տարածել

Փափուկ հյուսվածքների բաց վնասվածքները այլ կերպ անվանում են վերքեր: Վերքը փափուկ հյուսվածքի վնասվածքն է, որի ժամանակ խախտվում է մաշկի կամ լորձաթաղանթի ամբողջականությունը: Բաց վերքերն են քերծվածք, ծակած, կտրած, պատռված, պոկած, ջնջխված, կենդանու կծած, հրազենային վնասվածքները: Այս վերքերը անկախ ծանրությունից, վտանգավոր են վարակի ներթափանցման, արյունահոսության և ցավի պատճառով։ Վերքերն ավելի ցավոտ են, եթե տեղակայված են հարուստ նյարդավորում ունեցող շրջաններում, օրինակ՝ դեմքի և պարանոցի, ձեռքի ափի կամ սեռական օրգանների շրջանում։ Մինչեւ 2,5 սմ չափ եւ մակերեսային վնասվածքները քիչ վտանգավոր են, հեշտ դադարեցվող կամ աննշան արյունահոսությամբ: Մնացած բոլոր վերքերը վտանգավոր են և պահանջում են բժշկական միջամտություն։

Ամենաթեթեւ եւ ամենահաճախ հանդիպող բաց վնասվածքը քերծվածքն է: Քերծվածքը ցավոտ է, բայց արյունահոսությունը հեշտությամբ դադարում է, քանի որ վնասվում են միայն մազանոթները։ Լայնատարած քերծվածքների դեպքում կարող է պահանջվել բժշկական միջամտություն։

Ցանկացած բաց վնասվածքի դեպքում նախ պետք է վարակի ներթափանցումը նվազեցնելու քայլեր անել: Դրա համար.

Վերքը մշակելուց առաջ լվացեք ձեռքերն օճառով:

Խուսափեք վերքին անմիջական դիպչելուց։

Աշխատեք օգտվել ստերիլ ձեռնոցներից։ Ձեռնոցները հագնելուց հետո հետևեք, որ դրանք չկեղտոտվեն, ձեռք մի՛ տվեք այլ առարկաների։

Լվացեք վերքն օճառով և մաքուր ջրով։

Կիրառեք վերքերի մշակման համար նախատեսված հատուկ նյութեր և քսուքներ։ Խուսափեք սպիրտային հիմքով նյութերը (յոդ, օղի, օծանելիք և այլն) անմիջապես վերքի վրա քսելուց, այլ մշակեք դրանցով միայն վերքի շրջակա մաշկը։

Ծածկեք վերքը կպչուն սպեղանիով կամ ստերիլ վիրակապով։