Գլխավոր Միջոցառումներ «Մարդասիրական ցանցեր եւ համագործակցություն» միջագային ֆորումի արդյունքները

«Մարդասիրական ցանցեր եւ համագործակցություն» միջագային ֆորումի արդյունքները

2280
Տարածել

Տեղեկացրել ենք, որ Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում անցկացված «Մարդասիրական ցանցեր եւ համագործակցություն» չորրորդ շաբաթ միջազգային ֆորումին մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Հովհաննես Եմիշյան, Արտավազդ Դավթյան եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից Գարի Արմաղանյան:

Հավաքին մասնակցել է ավելի քան 2000 մարդ տարբեր երկրներից, միջազգային կառույցներից, մասնավոր ընկերություններից: Քննարկվել է ավելի քան  30 թեմա՝ աղետների ժամանակ միջազգային օգնության համար սահմանային անցումների ընթացակարգերի պարզեցում, հարկային մարմինների հետ համագործակցություն, աղետների պատրաստվածության միջազգային համագործակցություն, պատրաստվածություն եւ վաղ ազդարարում, հակամարտությունների վերլուծության ցանց, սովի եւ աղքատության հարցեր, բնապահպանական արտակարգ իրավիճակներ, համագործակցություն մասնավոր կառույցների հետ եւ այլն:

Արտավազդ Դավթյանը մասնակցել է Աղետների ահազանգման գլոբալ համակարգ (Global Disaster Alerting Coordination System՝ GDACS) նիստին: GDACS-ում 2014 թվականից նախագահում է Հայաստանը, 2019-ին նախագահությունը փոխանցելու ենք Եվրամիության միացյալ հետազոտությունների ինստիտուտին:

Արտավազդ Դավթյանից տեղեկացանք, որ GDACS-ի քննարկումներում որոշվել է ուշադրության կենտրոնում պահել նաեւ սողանքները, մարդասիրական ճգնաժամերը: Մինչ օրս միջազգային արձագանքման հարցը բարձրացվում էր առավելապես ցունամիների, ցիլկոնների, երկրաշարժերի դեպքում: Որոշվել է նաեւ ձեւավորել կառավարման կետերի միասնական ցանց, որը աղետների ժամանակ կդառնա տեղեկությունների փոխանակման միասնական հարթակ: Աղետի ժամանակ մի ձեւաչափով կամփոփվեն եւ կտարածվեն տեղեկությունները: Մեկի հավաքած տվյալները կարող են օգտագործել բոլորը:

Միավորված ազգերի կազմակերպությունն ու Հայաստանը պայմանավորվել էին մշակել մարդասիրական արձագանքման ժամանակ այլ պետություններից եկող բեռների ընդունման՝ սահմանային անցումների, պարզեցված ընթացակարգ: Ժնեւում այս հարցը նորից է քննարկվել: Արտակարգ իրավիճակների նախարարությունում փաստաթուղթը մշակվել է եւ ուղարկվել Հայաստանի պետական այն կառույցներին, որոնք առնչվում են սահմանային անցումների ոլորտին: Միջգերատեսչական քննարկումներից հետո հարցը կներկայացվի կառավարությանը: Փաստաթղթի ընդունումից հետո պատասխանատուների համար վերապատրաստման դասընթացներ կկազմակերվեն:

Հովհաննես Եմիշյանը մասնակցել է որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի՝ (International search and rescue advisory group՝ INSARAG) ղեկավար կազմի նիստին: Հովհաննես Եմիշյանը INSARAG-ի արտաքին որակավորում ստացած հայկական թիմի քաղաքական պատասխանատուն է: Ըստ նրա, մի շարք կարեւոր որոշումներ են ընդունվել. զարգացնել երկրների՝ INSARAG-ի չափանիշներին համապատասխանող թիմերի կարողությունները, INSARAG-ի արտաքին որակավորում անցած թիմերի վերաորակավորման հարցերում՝ ստուգման հարցաթերթիկում ավելացնել էլեկտրոնային գործիքները:

INSARAG-ի չափանիշներով փրկարարական թիմերը լինում են թեթեւ, միջին, ծանր: Միջին եւ ծանր թիմերը 50 հոգանոց ինքնաբավ ջոկատներ են եւ աշխարհի ցանկացած կետում, ցանկացած պատճառով փլուզումից հետո կարող են աղետի գոտում առնվազն 10 օր ինքնավաբ աշխատել՝ ունեն պարենի եւ անհրաժեշտ ամեն ինչի սեփական պաշար: Թեթեւ թիմերն ինքնաբավ չեն, հզոր տեխնիկա չունեն, չեն կարող ծանր կոնստրուկցիաներ բարձրացնել, տեղափոխել, սակայն վերջին տարիների աղետների վիճակագրությունը վկայում է, որ աղետից հետո առաջինը դեպքի վայր են հասնում հենց թեթեւ թիմերը: Սա նկատի ունենալով էլ INSARAG-ի քարտուղարությունը որոշել է թեթեւ թիմերի համար էլ չափորոշիչներ սահմանել. թեթեւ թիմը 20 հոգանոց ջոկատ է, որ պետք է ունակ լինի աղետի գոտում աշխատել մինչեւ 12 ժամ:

Կարեւոր որոշում է ընդունվել նաեւ բժշկական թիմերի եւ փրկարարական ջոկատների ինտեգրման համար: Տուժած երկրին միջազգային օգնության դեպքում փրկարարներն աշխատում են ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի հովանու ներքո, բժիշկները՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության: Որոշվել է  սերտացնել այս թիմերի համագործակցությունը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ