Գլխավոր Վերլուծություն Զբոսաշրջային անվտանգություն. Ապագան գրագետ տուրիզմինն է

Զբոսաշրջային անվտանգություն. Ապագան գրագետ տուրիզմինն է

1256
Տարածել

Այսօր ամբողջ աշխարհում զբոսաշրջությունը տնտեսության զարգացող եւ հեռանկարային ճյուղերից է: Ոլորտի մասնագետները փաստում են, որ ճյուղի հաջողությունը կամ ձախողումը կախված է այցելուների համար անվտանգ միջավայր ապահովելու հնարավորությունից: Այն, որ Հայաստանը անվտանգ ու ապահով երկիր է, բազմիցս են փաստել օտարերկրյա հյուրերը: Սակայն, մասնագետների գնահատմամբ, միայն երկրի ապահովությունը բավարար չէ անվտանգ տուր կազմակերպելու համար:

Վերջին տարիներին Հայաստանում ակտիվորեն զարգանում է էկոտուրիզմը, արկածային տուրիզմը, ինչը նշանակում է, որ զբոսաշրջիկները և հատկապես ուղեկցորդները պետք է առավել պատրաստված լինեն արշավների, հնարավոր դժվարությունները հաղթահարելու համար տիրապետեն զբոսաշրջության անվտանգության վարքականոնին, պատկերացում ունենան սեզոնին բնորոշ բնակլիմայական վտանգների և ռիսկերի մասին (կայծակ, երկրաշարժ, սողանք, ջրհեղեղ, ձնահյուս, փոթորիկ, մրրիկ և այլն), տիրապետեն դրանցից պաշտպանվելու ձևերին: Սակայն, տուրիստական արշավների սիրահարներն ու գիդերը ոչ միշտ են կարևորություն տալիս անվտանգության կանոններին, հաշվի չեն առնում եղանակային պայմանները՝ անտեսելով կայծակների, գետերի հալոցքների, ուժգին քամիների առկայությունը և այլն, ինչի հետևանքով էլ բազմաթիվ դժբախտ դեպքեր են գրանցվում:

Ստեփանավանում գործող կամավոր փրկարարների ջոկատի՝ «Լոռէ» ՀԿ-ի նախագահ Արմեն Առաքելյանը, ոլորտում բավականին բացեր է նկատում: Նա երկար տարիներ է զբոսաշրջության ոլորտում է. 1980-82թթ. և 1984-85թթ. Ստեփանավանի շրջանային պիոներ տան տուրիստական խմբակի խմբակավարն էր, 1985-97թթ. Ստեփանավանի Պատանի տուրիստների հանգրվանի մեթոդիստը, 1985-89թթ. Ստեփանավանի տուրիստական բյուրոյի արտահաստիքային խմբավարը, իսկ վերջին երեք տարիներին ֆրանսիացի գործընկերների հետ համատեղ իրականացրած «16 հետիոտն երթուղիների մշակում, նշադրում, անվտանգության հրահանգիչների պատրաստման կենտրոնի ստեղծում» ծրագրի համակարգողն է:

Ըստ նրա՝ տուրիզմի ոլորտում կարևոր անելիքներ կան: Մասնավորապես՝ անհրաժեշտ է ներդնել «անվտանգության ուղեկցողի» ինստիտուտը՝ բարդություն ներկայացնող երթուղիներով արշավները պետք է ուղեկցեն, մարդաշատ միջոցառումներին պետք է ներկա լինեն ոչ թե «ճանապարհ ցույց տվուղ» թեկուզ և փորձառու քայլարշավորդները, այլ համապատասխան պատրաստություն ստացած և հավատարմագիր ունեցող մասնագետները: «Անվտանգության ուղեկցողը» պետք է ոչ միայն գեղեցիկ ու գրագետ ներկայացնի պատմամշակույթային և բնության հուշարձանները, այլ հրաշալի տիրապետի քարտեզագրությանը, կարողանա ճիշտ կողմնորոշվել բարդ իրավիճակներում, ճանաչի վտանգները, հստակ գնահատի իրավիճակը, տիրապետի վտանգներից խոսափելու միջոցներին, բնական արգելքների հաղթահարման ձևերին, ունենա էքստրեմալ պայմաններում առաջին օգնության ցուցաբերման հմտություն և այլն: «Ֆրանսիացի գործընկերները կադրերի վերապատրաստմանն ուղղված դասավանդման մի շարք մոդուլներ են ներկայացրել և քննարկել հանրապետությունում գործող մի քանի տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հետ, ստացել դրական կարծիքներ: Մնում է պատկան մարմինները գան ընդհանուր հայտարարի և սկսեն կիրառել դրանք: Ո՞վ պետք է իրականացնի դասընթացները, ո՞վ տա հավաստագիր և այլն, սրանք հեշտ լուծվող և կարգավորվող հարցեր են: Կարևորը այս գործը ստանա համակարգված բնույթ, որը և կնպաստի անվտանգության բարձրացմանը: Իսկ տուրիզմում սա առաջնային է՝ որքան էլ տուրիզմը լինի «արկածային»,- նշեց Արմեն Առաքելյանը:

Նա վստահ է, որ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնները ևս պետք է հստակ դեր ունենան այս հարցում. «Տվյալ մարզում բարդություն ներկայացնող արշավների երթուղիները, մասնակիցների քանակը և ժամանակացույցը պետք է արշավից առաջ տրամադրվի ՃԿԿ-ին: Հատուկ ծրագրի միջոցով կենտրոնը տեղյակ կլինի խմբի տեղաշարժի մասին և դժբախտ պատահարների ժամանակ արշավականների գտնվելու հստակ տեղի իմացությունը և կապի հաստատումը կնպաստի որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ ուժերի և միջոցների ժամանակին ու ճիշտ բաշխմանը»,- մանրամասնեց «Լոռէ» ՀԿ նախագահը: Նման առաջին փորձը կարվի Հայկական կարմիր խաչ ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի առաջին համայնքային ՃԿԿ-ում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցելով:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ