Գլխավոր Միջոցառումներ Կանխվել է սողանքի շարժը

Կանխվել է սողանքի շարժը

625
Տարածել

Լոռու մարզի Թումանյան համայնքում Հունվարի 7-ին ակտիվացած սողանքի կայունացման աշխատանքները շարունակվում են։

Արտակարգ իրավիճակների նախարարության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Հակոբ Հակոբյանի խոսքով՝ սողանքային զանգվածի կատարին և կենտրոնական մասում օրերս իրականացվել է երկու ուղղահայաց հորատում՝ 13 և 40 մետր խորությամբ։ Սեյսմիկ ծառայությունը հորատանցքերում տեղադրել է պիեզոմետրեր, որոնք թույլ կտան հավաքել տվյալներ ջրի մակարդակի տատանումների մասին։

Բացի դրանից՝ ԱԻՆ քաղպաշտպանության վարչության և «Նորգեո» ընկերության ուժերով հինգ հորիզոնական հորատում՝ 25,40, 67, 70, 72 մետր խորությամբ։ Այսօր՝ փետրվարի 9-ին, կավելացվի ևս մեկը։ «Կատարված աշխատանքը բավական օգնել է լանջերի կայունացմանը, հորատանցքներում տեղադրվող ծակոտկեն խողովակները ջրահեռացման համար դրենաժ կծառայեն: Իջել է նաև ինքնահոս ջրերի մակարդակը․ որոշ աղբյուրներից դեռ քիչ քանակությամբ ջուր է նկատվում, երկուսն ընդհանրապես ցամաքել են։ Շահագրգիռ կառույցների աշխատակիցները կավային գրունտով փակել են առաջացած ճեղքերը, ինչի շնորհիվ սողանքային զանգվածն առաջիկա օրերին սպասվող տեղումներից պաշտպանված կլինի»,- մանրամասնեց բաժնի պետը։

ՀՀ ԳԱԱ երկաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Հայկ Բաղդասարյանը հավելեց՝  ուղղահայաց հորատման ժամանակ ուսումնասիրվել է տեղանքի գրունտային կտրվածքը։ Պարզվել է՝ սողանքային մարմինը հպվում է ստորադիր անշարժ ժայռային ապարներին։ Հորատանցքերից կատարվել է  կավային, կապակցված և  չկապակցված գրունտների նմուշառում։ Երկաֆիզիկական հետազոտության ու լաբորատոր փորձաքննության տվյալները կհամադրվեն և կներմուծվեն հատուկ ծրագրի մեջ, որը կորոշի լանջերի կայունության մակարդակը։ Սողանքային գոտում առկա տվիչները վերջին մեկ շաբաթվա ընթացքում զանգվածի շարժ չեն գրանցել։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ