Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Սյունիքում եւ Արարատում զինամթերք է հայտաբերվել

Սյունիքում եւ Արարատում զինամթերք է հայտաբերվել

1027
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 250 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 60 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:  Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 50 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Նոր Նորք, Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ, Աջափնյակ վարչական շրջանների եւ Արմավիրի, Շիրակի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված տասնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Շենգավիթի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի մի բաց պատշգամբին դրված ծաղկամանի ծանրությունից պատին ճաքեր են առաջացել, պատը թուլացել է, ծաղկամանը իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները պատշգամբից իջեցրել են ծաղկամանը: Սյունեցի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Տեղ գյուղ մատույցներում՝ ավազահանքերին հարակից ձորակում, հայտնաբերվել են արկեր՝ տարբեր տրամաչափի 16 միավոր հրետանային արկ եւ ական: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, ոստիկանները սահմանել են հերթապահություն, զինված ուժերի սակրավորները տեղում վնասազերծել են զինամթերքը: Արարատի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի հարակից աղբավայրում հայտնաբերվել է զինամթերք: Հրշեջ- փրկարարները հայտնաբերել են ուսումնական հակատանկային 2 ական զինված ուժերի սակրավորները այն տեղափոխել են ոստիկանություն: