Գլխավոր Վերլուծություն ԱՌՆԱՊ հիմնադրամում կստեղծվի «Առաջին օգնություն» թեմատիկ խումբ

ԱՌՆԱՊ հիմնադրամում կստեղծվի «Առաջին օգնություն» թեմատիկ խումբ

1426
Տարածել

2010 թվականից գործող «Աղետների ռիսկի նվազեման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ, հիմնադրամում ավելի քան 10 թեմատիկ խումբ կա՝ ԱՌՆ կրթություն, ԱՌՆ չափորոշիչներ, տեղական մակարդակում ռիսկերի կառտավարում, ճգնաժամային կառավարման ազգային չափորոշիչներ, սեյսմիկ պաշտպանություն եւ այլն: ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արա Բարսեղյանից տեղեկացանք, որ որոշվել է ստեղծել «Առաջին օգնություն» թեմատիկ խումբ:

Ըստ մեր զրուցակցի, թեմատիկ խմբերը ստեղծվում են, երբ կա խնդիր եւ դրա լուծումը պետք է գտնել: Իսկ այսօր Հայաստանում առաջին օգնության ոլորտը կանոնակարգված չէ: Տարբեր կազմակերպություններ առաջարկում են առաջին օգնության դաընթացներ եւ ոչ ոք չի վերահսկում-ստուգում դրանց որակը, նյութի մատուցման ձեւերը: Մինչդեռ «առաջին օգնությունը միայն տեսական դասեր չեն, նաեւ գործնական վարժություններ եւ հմտություններ են պետք, մարդու կյանքի հետ գործ ունենք, համապատասխան գույք է պետք՝ հատուկ մանեկեններ, վիրակապական նյութեր: Ավելին լինում են դեպքեր, երբ դասընթաց կազմակերպողը գրում է «Առաջին բուժօգնություն»: Նման բան չկա: Առաջին օգնության նպատակը մեկն է՝ պահպանել տուժածի կյանքը, որ վիճակը չվատանա, մինչեւ մասնագետ բժիշկը գա»:

Հայաստանում առաջին օգնության դասընթացներ կազմակերպող ոչ բոլոր կազմակերպություններն են, որ համապատասխան գույք ունեն ու շատերը «Առաջին օգնության» դասընթացներում սահմանափակվում են տեսական գիտելիքներով: Բացի սրանից, առաջին օգնության տարբեր մոտեցումներ կան, որոնք ամեն տարի թարմացվում են: Այս իրավիճակն է ստիպել ԱՌՆԱՊ-ում «Առաջին օգնություն» թեմատիկ խումբ ստեղծել:

Արա Բարսեղյանի խոսքով, խմբի հիմնական խնդիրն է լինելու, ուսումնասիրել դաշտը, տեսնել ինչպես եւ ինչ է մատուցվում «Առաջին օգնություն» դասընթացներով, ուսումնասիրել աշխարհի փորձը եւ ընտրել Հայաստանի համար ամենաարդյունավետ տարբերակը: Գաղտնիք չէ, որ Երեւանում 1-03-ը ավելի արագ է դեպքի վայր հասնում քան որեւէ մարզի հեռավոր գյուղում եւ սա պետք է հաշվի առնել: Կամ կան երկրներ, որտեղ նախընտրում են կոտրվածք ստացածին անշարժացնել մինչ բժիշկները գան: Երկրներ էլ կան, որտեղ նախընտրում են կոտրված մասն անշարժացնել եւ տուժածին տեղափոխել հիվանդանոց:

ԱՌՆԱՊ հիմնադրամի «Առաջին օգնություն» թեմատիկ խմբում կընդգրկվեն մասնագետներ արտակարգ իրավիճակների, առողջապահության, կրթության եւ գիտության նախարարություններից, այլ կառույցներից: Արա Բարսեղյանը կարծում է, որ պետք չէ որեւէ մեկին արգելել դասընթաց կազմակերպել: Պարզապես սահմանվելու են հստակ չափանիշներ՝ նվազագույն պահանջներ, որոնք ապահովելուց հետո միայն կազմակերպությունը իրավունք կունենան դասընթաց անցակացնել՝ սկսած դասավանդող-հրահանգիչների որակներից մինչեւ գույքային ապահովվածություն: