Գլխավոր ՀՀ ՆԳՆ ՀՀ վարչապետ. Արտակարգ իրավիճակների նախարարությունում կարճատև մտածելու իրավունք ուղղակի չունենք

ՀՀ վարչապետ. Արտակարգ իրավիճակների նախարարությունում կարճատև մտածելու իրավունք ուղղակի չունենք

1436
Տարածել

Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել էր արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 2017 թվականին կատարված աշխատանքի հաշվետվությանը եւ 2018-ի համար նախատեսված քայլերին ծանոթանալու նպատակով:

Նախարարությունում վարչապետին ներկայացվեց վերջին 5 ամսում ստացված տեխնիկան: Այս ընթացքում ԱԻՆ տարբեր ստորաբաժանումները հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից ստացել են 16 միլիոն դոլարի, ԱՄՆ կառավարությունից 500 հազար դոլարի գույք՝ մեքենաներ, հատուկ գործիքներ, հանդերձանք եւ այլն: Այլ երկրներում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս, մեր փրկարարները կարող են օգտագործել այս գույքը: «Տեխնիկական վերազինման աշխատանքները տպավորիչ են: Պետք է շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին՝ օժանդակության համար»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ նախարարությունն աշխատում է Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության եւ ՀՀ կառավարության 2017-2022 թթ ծրագրի շրջանակներում, հետապնդելով մեկ նպատակ. բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցում, հնարավոր հետևանքների կանխարգելում եւ վերացում՝ պետության անվտանգության ապահովում:

Այս նպատակի համար 2018-ին նախատեսված են մի շարք ծրագրեր: Մասնավորաբար. ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ՝ 275 000 դոլարով կկառուցվի Հայաստանում խորհրդային տարիներից մնացած թունաքիմիակտների, քիմիապես վտանգավոր նյութերի հավաքման, դասակարգման, պիտակավորման, փաթեթավորման, անվտանգ պահպանման և հետագայում դրանց ոչնչացման մեկ ընդհանուր պահեստարան:

Անտառային հրդեհների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների հետ համատեղ կկազմակերպվեն ուսումնավարժություններ, կխորացվի համագործակցությունն անտառտնտեսությունների և համայնքների հետ:

2018 թվականին սպասվող խոշոր իրադարձությունների ժամանակ՝ առաջին հանրապետության 100-ամյակ, Էրեբունի-Երեւան տոն, ֆրանկոֆոնիայի համաժողով, ԱԻՆ ստորաբաժանումները կաշխատեն ուժեղացված ռեժիմով՝ մարտական պատրաստականության բարձր աստիճանով:

Իսկ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին կնշվի «Աղետներին դիմակայունության օր» կամ «Դիմակայուն Հայաստան» միջոցառմամբ, որի շրջանակներում կկազմակերպվեն համապետական վարժանք, գիտաժողովներ, դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ և հիշատակման արարողություն:

Դավիթ Տոնոյանի զեկույցից հետո վարչապետը հայտարարեց. «2018 թվականը, կարծում եմ, շատ կարևոր է: Մակրո առումով, մեր կառավարության առջև ի՞նչ խնդիրներ են կանգնած. մենք 2018, 2019, 2020, 2021 թվականներին ունենալու ենք տնտեսական հաջողություններ, որոնք մեզ հիմք և իրավունք են տալու մեր երկրում կատարել երկարատև, ֆունդամենտալ ռեֆորմներ, որոնք ունեն երկար հորիզոն և ստեղծում են հաստատուն աճի հիմք: Բոլոր ճգնաժամերը գալիս են հորիզոնի կարճատևությունից. Արտակարգ իրավիճակների նախարարությունում կարճատև մտածելու իրավունք ուղղակի չունենք: Մենք պետք է հստակ իմանանք՝ ուր ենք գնում, ինչպես ենք գնում, ամեն տարի ինչ խնդիր ենք դնում»: