Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ թանգարանի բացմանն ընդառաջ (լուսանկարներ)

ԱԻՆ թանգարանի բացմանն ընդառաջ (լուսանկարներ)

2019
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության թանգարանում ցուցադրվող հազվագյուտ արխիվային փաստաթղթերը, լուսանկարները, կիրառությունից դուրս եկած գույք-սարքավորումները այցելուին կբացահայտեն Հայաստանի հրշեջ ծառայության գրեթե 95 տարվա պատմությունը։ Հայաստանում առաջին կամավոր և պրոֆեսիոնալ հրշեջ խմբերը ստեղծվել են դեռ Խորհրդային Հայաստանի կազմավորման առաջին տարիներին։

Թանգարանի տնօրեն Հայկ Գալստյանի խոսքով՝  անցյալ տարի նախատեսվում էր ամբողջությամբ կահավորել և լուսավորել թանգարանը: Կլիներ հիմնական ֆոնդի ցուցադրություն, կներկայացվեին Հայաստանում գրանցված հիշարժան արտակարգ իրավիճակների մանրակերտերը, կկազմակերպվեին թեմատիկ միջոցառումներ։ Սակայն հանրապետության տարածքում մեծաքանակ հրդեհների պատճառած վնասը կանխատեսածից ավելին էր, ուստի թանգարանի ֆինանսավորումն առժամանակ կասեցվել է։

Սրահների ցուցափեղկերից մեկում իր ուրույն տեղն ունի հրշեջ ծառայության վետերան Համլետ Գալստյանի ընծայած հաստափոր ձեռագիր գիրքը, որտեղ նա պատմում է «Նաիրիտ» գիտարտադրական միավորման և անվադողների գործարանի պահպանման 7-րդ հրշեջ մասի առօրյայի մասին։ «Հեղինակը նկարագրում է «Կրակի դեմ պայքարի պետական միջոցառումներ կազմակերպելու» մասին լենինյան դեկրետի ընդունումից մինչև 1982 թվականն ընկած ժամանակաշրջանը, ինչի հիման վրա պատկերացում ենք կազմում առաջին կամավորական հրշեջ խմբակների ձևավորման, «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած վթարների, նշանավոր հրշեջների մասին։ Գործարանի նախկին աշխատակիցներից մեկը տրամադրել է նաև տասնյակ տարիներ առաջ կիրառվող հրակայուն բրեզենտից հանդերձանք, որն ի տարբերություն ժամանակակից ազբեստային խառնուրդով արտահագուստի՝ բավական ծանր է»,- նշում է թանգարանագետ Հասմիկ Պետրոսյանը։

Մեկ այլ արժեքավոր նմուշ է 1989 թվականին Ալավերդու տեքստիլի կոմբինատում բռնկված խոշոր հրդեհից «փրկված» տուֆի կտորը, որն իր վրա կրում է կրակի հետքերը։

Թանգարանով շրջելիս ակամա քայլերդ ուղղում ես դեպի Սպիտակի երկրաշարժին նվիրված անկյունը։ 1990-1993 թթ. Գյումրիում տպագրված «Հիշողություն» թերթի բոլոր էջերում ականատեսների և տուժածների շուրթերից հնչած պատմություններ են, տվյալներ ավերածությունների մասին։

ԱԻՆ թարնագանի նմուշները հավաքվել են փրկարարական տարբեր ստորաբաժանումների և պետական այլ կառույցների օգնությամբ։ Թանգարանում կարելի է տեսնել 1800-ականներին մոդայիկ սնդիկի ձգման մեխանիզմով ժամացույց, 20-րդ դարի երկրորդ կեսին կիրառվող հողմաչափ անեմոմետր՝ քամու արագությունը չափելու համար, մեթանի, ածխաթթու գազի և թթվածնի խտության չափիչ՝ ինտերֆերենցիոն գազանալիզատոր, փակ տարածքներում հրդեհաշիջման համար նախատեսված հրշեջ փրփրափողակ, սաղավարտներ, ռադիոընդունիչներ և այլ գործիք-սարքավորումներ, խորհրդային հրշեջ տեխնիկայի և հրշեջ պահպանությանը նվիրված շքերթների լուսանկարներ։

Սրահներից մեկում տնօրեն, գեղանկարիչ Հայկ Գալստյանի գեղարվեստական աշխատանքներն են։ Որոշները պատմական աղետների պատկերներ են՝ Դվինի և Անիի երկրաշարժեր, Վանի անկմանը հաջորդած մեծ հրդեհը՝ Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպի հիման վրա։ Մյուսները Արևմտյան Հայաստանում հեղինակի շրջագայությունների արտացոլանքն են՝ «Էրգրում», «Կարսի ամրոցը», մզկիթի վերածված Կարսի եկեղեցին, Արաքս գետով անցնող Հովվի կամուրջը, Արգիշտի արքայի դամբարանն ամփոփող Տուշպայի ամրոցը, այլ պատմական վայրեր։ Հայկ Գալստյանը պատրաստակամ է այցելուներին պատմել իր հիշողությունները․«Անպայման պետք է տեսնել մեր հին ամրոցներն ու հուշակոթողները, շփվել տեղացիների հետ։ Մի տարի, երբ Սուլուխի կամուրջն էի լուսանկարում, մի տարեց մարդ քրդերենով իր մոտ կանչեց, ձեռքի ծաղիկը մեկնեց ու հրահանգեց կամրջի տակ դնել, այն տեղում, որտեղ սպանվել է Գևորգ Չաուշը։ Արևմտյան Հայաստանում անցկացրած ամեն րոպեն փոխում է մարդու հոգին»։

Թանգարանի բացման ժամկետը ներկայումս հստակեցվում է։ Ըստ թանգարանային ցուցադրության նախնական հայեցակարգի՝ կլինեն ԱԻ նախարարության և տարբեր ստորաբաժանումների անցած ուղին, ձեռքբերումները ներկայացնող ցուցադրություններ,  առանձին բաժին կնվիրվի Հայաստանում գրանցված երկրաշարժերին։ Կկիրառվեն ինտերակտիվ միջոցներ` 3D մոդելավորման ձևաչափ, խաղարկային արտակարգ իրավիճակներ, որոնք ներկաներին կդարձնեն կատարվողի մասնակից։ Թանգարանի միջնորդությամբ թվայնացվել են տարբեր երկրների խոշոր աղետներին վերաբերող հին կինոժապավենները, նախատեսվում է նաև ֆիլմերի ցուցադրություն։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ