Գլխավոր Վերլուծություն Մի շարք բնակավայկրերում օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմանից բարձր է

Մի շարք բնակավայկրերում օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմանից բարձր է

1102
Տարածել

Այսօր օդի աղտոտվածությունը դարձել է բնապահպանական լրջագույն խնդիր եւ բնապահպանական արտակարգ իրավիճակներ ծնող գործոն ամբողջ աշխարհում: Տարբեր երկրներում օդի աղտոտվածության մակարդակը շարունակում է աճել, ինչի հետեւանքով առաջացած հիվանդություններից տարեկան միլիոնավոր մարդիկ են մահանում: Խնդրի լուծման նպատակով երկրները տարբեր միջոցների են դիմում. ավելացնում կանաչ տարածքները, բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող տրանսպորտային միջոցները փոխարինում էլեկտրական շարժիչով մեքենաներով, որոնք թունավոր արտանետումներ չունեն, արդյունաբերության ծավալը կրճատում եւ ներդնում «Կանաչ տեխնոլոգիաներ» եւ այլն: Օդի աղտոտվածության բարձր ցուցանիշ ունեցող Չինաստանում էլ կառուցել են օդի մաքրման նորագույն աշտարակ: Երկրի հյուսիս-արեւմտյան հատվածում՝ Շենսի նահանգի մայրաքաղաք Սիանում կառուցված աշտարակը ամենամեծն է աշխարհում, ունի 100 մետր բարձրություն եւ կարողանում է օրական մաքրել 10 մլն խորանարդ մետր օդ: Հետազոտողներն աշտարակի դրական ազդեցության մասին արդեն փաստել են:

Հայաստանում պատկերը մի փոքր այլ է: Հայաստանի օդի աղտոտվածության մակարդակը չես համեմատի Չինաստանի, Պակիստանի կամ Հնդկաստանի նույն ցուցանիշի հետ, բայց տարբեր ժամանակահատվածներում հանրապետության մի շարք քաղաքներում իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմանից բարձր է:

ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում օդային ավազանի ուսումնասիրության արդյունքներով 2017 թվականի հունվարին Երեւան քաղաքի մթնոլորտային օդում փոշու միջին ամսական կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 1,3 անգամ: Գյումրիում ծծմբի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիան 1,8 անգամ գերազանցել է ՍԹԿ-ն, Վանաձորում՝ 1,6 անգամ, Ալավերդիում` 2,2 անգամ:

Հանրապետության մի շարք քաղաքներում օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմանից բարձր էր նաեւ 2017թ.-ի երրորդ եռամսյակում:
2017թ. հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում մթնոլորտային օդի դիտարկումներ կատարվել են Երեւան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ, Չարենցավան, Կապան, Քաջարան, Մարտունի քաղաքներում եւ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Սյունիք գյուղում: Նշված բնակավայրերում գործում է 16 ստացիոնար դիտակայան, որոնցից 6-ում (Երեւան եւ Ալավերդի քաղաքներում) կատարվում են շուրջօրյա ավտոմատ դիտարկումներ: Գումարած սրան, հանրապետությունում աշխատում է շարժական նմուշառման 214 դիտակետ: Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար երեք ամսում շուրջօրյա ակտիվ նմուշառմամբ վերցվել է օդի 4 552 փորձանմուշ:

Երեւանում իրականացվել են ընդհանուր փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդի, ածխածնի մոնօքսիդի եւ գետնամերձ օզոնի դիտարկումներ:

2017թ. 3-րդ եռամսյակում կատարված նմուշառումների արդյունքով՝ Երեւանում որոշված միացությունների միջին ամսական կոնցենտրացիաները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները (ՍԹԿ), միայն հուլիսին ընդհանուր փոշու միջին ամսական կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն:

Հուլիսին ընդհանուր փոշու միջին ամսական կոնցենտրացիայի գերազանցում էր արձանագրվել Գյումրիում, սեպտեմբերին՝ Վանաձորում: Ալավերդիում ծծմբի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիայի գերազանցում արձանագրվել էր սեպտեմբերին, ընդհանուր փոշու միջին ամսական կոնցենտրացիայի գերազանցում օգոստոսին՝ 1,6 անգամ, սեպտեմբերին՝ 2,8 անգամ: Ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիան երեք ամսում եղել է թույլատրելի սահմաններում:

Հրազդանում ընդհանուր փոշու միջին ամսական կոնցենտրացիան բարձր է եղել հուլիսին՝ 2,9 անգամ, օգոստոսին՝ 3,8, սեպտեմբերին՝ 2,8: Իսկ ծծմբի երկօքսիդի եւ ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիաները երեք ամսում չեն գերազանցել ՍԹԿ-ները:

2017 թվականի 3-րդ եռամսյակում անցկացված ուսումնասիրությունների համաձայն Կապան, Քաջարան, Չարենցավան, Մարտունի քաղաքներում եւ Սյունիք գյուղում մթնոլորտային օդում ծծմբի եւ ազոտի երկօքսիդների միջին ամսական կոնցենտրացիաները չեն գերազանցել ՍԹԿ-ները:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ