Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Տաշիրի փրկարարներ. Միշտ պատրաստ օպերատիվ արձագանքելու

Տաշիրի փրկարարներ. Միշտ պատրաստ օպերատիվ արձագանքելու

1745
Տարածել

Լոռու մարզի Տաշիր քաղաքի ղեկավարության որոշմամբ, Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ Վալերիկ Մկրտումյանը, հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ Սամվել Սաքուլյանիը, հրշեջ, օղակի հրամանատար, փ/ծ ավագ Արտյոմ Հայրապետյանը, հրշեջ, փ/ծ սերժանտ Գուրգեն Մաթևոսյանը, վարորդ, փ/ծ սերժանտ Արմեն Արևջանյանը, վարորդ, փ/ծ սերժանտ Մովսես Վարոսյանը՝ անբասիր ծառայության, նվիրումի և մասնագիտական պարտքը պատշաճ մակարդակով կատարելու համար պարգևատրվել են պատվոգրերով և խրախուսական նվերներով:

«Մենք մշտապես կարևորում ենք ջոկատի աշխատանքը, պարբերաբար նմանատիպ պարգևներ հանձնում՝ ճիշտ մարդկանց , ճիշտ ժամանակին: Օբյեկտիվ մոտեցում ենք ցուցաբերում, երկկողմանի քննարկումների արդյունքում ընտրում պարգևատրման արժանի աշխատակիցներին, որոնք իսկապես լավ մասնագետ են, պարկեշտ ու լավագույնս են իրենց դրսևորել: Տաշիրի ջոկատի հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, ջոկատն ու համայանքապետարանն աշխատում են համայնքի բնակիչների համար: Ցանկացած ահազանգի, արտակարգ դեպքի ժամանակ ջոկատի տղաները րոպեներ անց տեղում են»,- մեզ հետ զրույցում նշեց Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանը:

Փ/ծ սերժանտ Գուրգեն Մաթևոսյանը պարգևատրվածներից մեկն է: 4 տարի առաջ է ծառայության անցել Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատում: Անկեղծանում է՝ առաջին իսկ օրվանից սիրել է փրկարարի գործը, մինչ օրս էլ նվիրված ու ջանասիրաբար է աշխատում: «Կարծում եմ՝ փրկարարներն արժանի են նման գնահատանքի: Էական չէ դա նվերի, պատվոգրի, թե պարզապես շնորհակալական խոսքի տեսքով է արվում, հաճելի է ցանկացած խրախուսանք, ավելի ոգևորված ես սկսում աշխատել, քեզ կարևորված զգում»,-նկատում է Գուրգենը:

Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը սպասարկում է Տաշիր քաղաքն ու հարակից 19 գյուղ: Ըստ ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Հովսեփ Արշակյանի՝ համայնքներից հնչում են տարաբնույթ ահազանգեր: 2017 թվականին 178 ելք է գրանցվել՝ հրդեհներ, ճանապարհատրանսպորտային պատահարներ, որի հետևանքով 2 զոհ է եղել, կենցաղային բնույթի կանչեր, տակտիկական ուսումնավարժանքներ են անցկացվել և այլն: Անցած տարի արտակարգ դեպքերի թիվը կիսով չափ ավելացել է, կրկնակի աճել են հրդեհները: Խոշոր հրդեհներից հրամանատարն առանձնացնում է Սարչապետ գյուղի անասնագոմում բռնկված հրդեհը, որի մարմանը մասնակցում էր երկու մարտական հաշվարկ Տաշիրի ՀՓՋ-ից և օգնության հասած մեկ մարտական հաշվարկ Ստեփանավանից: Հրդեհի հետևանքով այրվել է 12 հազար հակ անասնակեր, մեծ քանակով կարտոֆիլի սերմացու, մի քանի անասուն և այլն: Ջոկատի առաջին հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Հայկ Մկրտչյանն էլ ավելացնում է, որ իր ծառայության 15 տարվա ընթացքում նման մասշտաբի հրդեհ դեռ չէր տեսել: «Հրդեհը մի քանի ուղղությամբ էր տարածվել: Մենք աշխատանքներ էինք տանում, որպեսզի այն չտարածվի այրվող անասնագոմին կից ավտոտնակը, որտեղ ոչ միայն անձնական օգտագործման մեքենա կար, այլև գյուղտեխնիկա, արհեստանոց: Հրդեհաշիջման աշխատանքները երկու օր տևեցին: Ի վերջո մեզ հաջողվեց փրկել ավտոտնակը, այլապես առավել մեծ նյութական վնաս կկրեր բնակիչը»,-մանրամասնում է Հայկը:

Տաշիրի ՀՓՋ-ի տղաները միշտ պատրաստ են օպերատիվ արձագանքելու ցանկացած ահազանգի:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ