Գլխավոր Վերլուծություն Կինոթերապիա

Կինոթերապիա

1171
Տարածել

Բիբլիոթերապիան՝ գրքաբուժությունը վաղուց է կիրառվում հոգեբանության մեջ: Հասկանալով մարդու խնդիրը, մասնագետն ընտրում է գրքեր, որոնց ընթերցման ժամանակ անձը կարողանում է գտնել իր կյանքի դժվարություններին առնչվող իրավիճակներ, նաև իրեն հուզող հարցերի պատասխաններ: Նմանատիպ ազդեցություն կարող են ունենալ նաեւ ֆիլմերը՝ կինոթերապիան:

Հատուկ տվյալ մարդու համար ընտրված ֆիլմի սյուժեն օգնում է տարաբնույթ հոգեբանական խնդիրներ ունեցող անձին բացահայտել, հասկանալ, լուծել խնդիրները: Կինոթերապիայում օգտագործվող ֆիլմերը նպաստում են չմտածված արարքները կանխելուն, օգնում են վախերը հաղթահարելուն: Հանդիսատեսի ուշադրությունը սևեռելով կինոկերպարների խնդիրների վրա՝ ընտրված ֆիլմը նպաստում է, որ անձը ֆիլմի սյուժեն պրոյեկտի իր կյանքի նմանատիպ իրավիճակների վրա և մտածի ճիշտ որոշում կայացնելու ուղղությամբ:

Կինոթերապիայի ընթացակարգերը և ձևաչափը, կախված իրավիճակից, կարող են տարբեր լինել, սակայն, որպես կանոն, այն իրականացվում է հետևյալ կերպ՝ անհատական աշխատանքի ժամանակ այցելուն դիտում է իր խնդրի հետ այս կամ այն կերպ կապված ֆիլմ: Այնուհետև հոգեբանի հետ սկսում է քննարկել ֆիլմի տարբեր հատվածներ՝ ըստ իր ընկալման: Կա նաև կինոթերապիայի խմբային ձևաչափ՝ ֆիլմի խմբային դիտում, որին հաջորդում է խմբային քննարկումը:

Ընտրված ֆիլմից յուրաքանչյուր անձ կարող է «ստանալ» իր խնդիրների լուծման համար անհրաժեշտ գաղափարները՝ հայտնաբերել ու ընդունել վարքագծի նոր դրսևորումներ, խնդրին նայել այլ տեսանկյունից, տեսնել համանման իրավիճակում այլ դրական մոտեցումներ ցուցաբերելու հնարավորություններ, որոնք չի նկատել նախկինում և այլն: Մեթոդի կարևորությունն ու օգտակարությունը պայմանավորված են նաև հետաքրքիր ու հաճելի ֆիլմի դիտման հնարավորությամբ: Հասկանալի է, որ չկա այնպիսի ունիվերսալ՝ համադարման ֆիլմ, որը կկարողանա լուծել բոլոր տիպի հոգեբանական խնդիրները: Եթե խնդիրները կոնկրետացված են և հստակ հասկանալի մասնագետի համար, ապա ընտրված ֆիլմի դիտումը կարող է զգալի օգտակար ազդեցություն թողնել: Միաժամանակ, մասնագետի ընտրած ֆիլմերը, ինքնուրույն դիտման դեպքում, կարող են հաճելի լինել գեղագիտական տեսակետից, բայց չունենալ հոգեթերապևտիկ ազդեցություն: Կինոթերապիան կարելի է օգտագործել և՛ երեխաների, և՛ մեծահասակների հետ աշխատելիս:

Կինոթերապիան արդյունավետ միջոց է նաև միջանձնային հարաբերությունների բարելավման, փոխըմբռնման, մեծահասակների ու երեխաների, ուսուցիչների, հոգեբանների և այցելուների միջև ընդհանուր իմաստային միջավայր ստեղծելու հարցում: Ֆիլմի դիտման շնորհիվ առաջացած միանման ու համատեղ ապրումները երեխայի և ուսուցչի, հոգեբանի, կինոթերապիան անցկացնողի միջև ստեղծում են նախապայմաններ ու տրամադրում անկեղծության, ստիպում հոժարակամ պատմել մինչև այդ չքննարկված թեմաների մասին: Այդպիսի սեանսների ընթացքում երեխաները յուրացնում են նաև խնդիրների լուծման նոր մոտեցումներ ու իրենց հետաքրքրող իրավիճակներում կիրառելի օգտակար մեթոդներ: Սակայն պետք չէ մոռանալ, որ կինոթերապիան սովորաբար շատ արդյունավետ է լինում, երբ համադրվում է հոգեթերապևտիկ այլ մեթոդների հետ: Տարբեր մարդիկ կարող են արտասվել ֆիլմի տարբեր պահերին, եթե ժապավենը բազմաշերտ է և արթնացնում է տարաբնույթ հուզական վիճակներ: Ըստ այդմ, մասնագետը կարող է իր համար կարևոր եզրահանգումներ անել: Եվ ֆիլմերը, և գրքերը կարողանում են մարդկային փոխհարաբերություններում ցույց տալ կարծրատիպերն ու նախապաշարումները: Ֆիլմերն ունենալով հուզական ազդեցության հնարավորություն, կարող են անձին դարձնել այլ մարդկանց կարծիքներից ավելի կախյալ կամ հակառակը՝ ազատամիտ:

Վերլուծելով ֆիլմերի կոնկրետ օրինակներ, կարելի է հասկանալի, թե ինչպես օգնել մարդուն հաղթահարել դեպրեսիան:

Համաշխարհային կինեմատոգրաֆի բոլոր գլուխգործոցների հիմքում ընկած է հերոսների, կերպարների խառնվածքի վառ ու ճշմարտացի բացահայտումը՝ իրենց ներքին հակամարտությունների միջոցով, քանի որ սցենարի հաջողվածության հիսուն տոկոսը պայմանավորված է հոգեբանորեն հասուն ու խարիզմատիկ կերպարներով: Եվ պատահական չէ, որ խոշոր կինոարտադրողները ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսելուց առաջ խորհրդակցում են հոգեբանների հետ եւ ըստ այդ զրույցների կազմում ֆիլմի երկխոսությունները, հերոսների խառնվածքը, վարքագիծը, ընկալումները եւ այլն:

 

Հրապարակումը պատրաստվել է Անահիտ ՄԱՏԻՆՅԱՆԻ եւ Սերգեյ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ «Կինոթերապիան որպես հոգեվերլուծության միջոց» զեկույցի հիման վրա