Գլխավոր Ուսուցողական նյութեր ՃԿՊԱ-ն նոր համագործակցություն է սկսում

ՃԿՊԱ-ն նոր համագործակցություն է սկսում

1399
Տարածել

Անվտանգության մշակույթի ձեւավորման կրթության մեջ տեղեկատվական, նորարարական տեխնոլոգիաները կիրառելու նպատակով, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան սկսում է հերթական համագործակցությունը, այս անգամ՝ nout.am վիրտուալ հարթակի հետ: Այս ընկերությունը ձեւավորվել է 2008 թվականին, աշխատանքի ուղղություններից մեկը ծրագրային ապահովումն է ու անվճար առցանց կրթական ծրագրերը՝ նաեւ խաղերի միջոցով:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ մայոր Համլետ Մաթեւոսյանի ու Nout ընկերության տնօրեն Ներսես Ավդալյանի այսօրվա հանդիպման ժամանակ որոշվեց համատեղ ուժերով մշակել դպրոցական միջին տարիքի երեխաների համար նախատեսված վիրտուալ խաղ, որը անվճար ներբեռնման հնարավորությամբ կտեղադրվի ե՛ւ ընկերության ե՛ւ ակադեմիայի կայքերում: Խաղի պայմանական անունն է «Հրդեհ տանը»: Երեխան այս խաղից կտեղեկանա, թե ինչ պատճառներով կարող է տանը հրդեհ բռնկվել, ինչ անի, որ կանխի նման պատահարը եւ եթե այնուամենայնիվ հրդեհ է գրանցվել՝ ինչպես վարվի:

Ըստ ընկերության ղեկավարության, իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այսօրինակ սոցիալական ծրագրերի կարիքը կա: Ակադեմիայի ղեկավարությունն էլ վստահ է, որ անվտանգության մշակույթ եւ աղետակայուն հասարակություն կձեւավորվի, եթե մարդուն դրդես մտածել, կիրառել ունեցած գիտելիքը, ոչ թե կարգադրես՝ պատահարի դեպքում սա արա, սա մի արա:

«Հրդեհ տանը» խաղի սցենարի մշակման համար ակադեմիան ընկերությանը կտրամադրի գրականություն, ակադեմիայի մասնագետների հեղինակած օժանդակ նյութեր, անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն կիրականացնի: Խաղի ծրագիրը կմշակեն Nout ընկերության մասնագետները:

Կողմերը պատրաստակամ են մեկ խաղով չսահմանափակվել, երկարատեւ ու շարունակական համագործակցություն ձեւավորել: Մեծ է հավանականությունը, որ «Հրդեհ տանը» խաղին հաջորդեն «Երբ երկրաշարժի ժամանակ տանն ես» եւ նման այլ խաղեր:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Վիրտուալ խաղերի միջոցով անվտանգության մշակույթի կրթության փորձ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ունի: 2017 թվականի հոկտեմբերից Dasaran.am կրթական հարթակում գործում է «Սուպեր Դավիթ» խաղը, որով երեխան սովորում է այս կամ այն աղետի ժամանակ ճիշտ վարք դրսեւորել: Խաղը մշակվել է ակադեմիայի մասնագետների մասնակցությամբ: 2017-ի հոկտեմբերից մինչ օրս «Սուպեր Դավիթ» խաղը խաղացվել է ավելի քան 500 հազար անգամ: