Գլխավոր Կարևոր Գյուղի բնակիչները դեմ են սանիտարական աղբավայրի ծրագրին

Գյուղի բնակիչները դեմ են սանիտարական աղբավայրի ծրագրին

1866
Տարածել

«Կոշտ թափոնների համակողմանի կառավարման համակարգ, Վանաձոր, Հայաստան» ծրագրով նախատեսվում է Լոռու մարզում կառուցել եվրոպական չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր, որը կծառայի Վանաձոր քաղաքին, հարակից գյուղերին եւ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքին: Նոր աղբավայրում կկուտակվի մարզում գոյացող աղբի 95 տոկոսը:

Ներկայումս մարզի 107 համայնքից աղբահանության ծառայություններ մատուցվում են միայն 59-ում: Այլ խոսքով՝ աղբահանության եւ փողոցների սանիտարական մաքրման համակարգը բարելավման կարիք ունի: Նոր կառուցվելիք սանիտարական աղբավայրի ծրագրով նախատեսվում է մշակել կոշտ թափոնների համակողմանի կառավարման համակարգ՝ միաժամանակ բնակչությանն ապահովելով աղբահանության բարձրորակ ծառայություններով: Ծրագիրը կիրականացնի Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը` գերմանական KFW զարգացման բանկի աջակցությամբ:

Նոր աղբավայրի համար հարմար տարածքի ուսումնասիրությունը սկսվել է 2012 թվականին եւ 2017-ին ընտրվել է Լոռու մարզի Քարաձոր համայնքից դեպի արեւմուտք ընկած լանջը՝ Ղուրսալի ու Նոր Խաչակապ գյուղերի վարչական տարածքներ՝ ընդամենը 109 000 քմ՝ այդ թվում պաշտպանիչ գոտի եւ օժանդակ տեղամասեր: Աղբավայրում հնարավոր կլինի կուտակել 1,05 միլիոն տոննա կենցաղային աղբ: Ծրագրի համաձայն, ընտրված տարածքի տեղագրական պայմանները համապատասխանում են սանիտարական աղբավայր կառուցելու պահանջներին: Այն հիմնականում հարթ է, դեպի հարավ 10%-ոց թեքվածքով, բարձրությունը ծովի մակարդակից 1455-1555 մ է, Վանաձորից հեռու է մոտ 16 կմ, Սպիտակից՝ 6 կմ: Տարածքը տեսանելի է Ղուրսալի եւ Նոր Խաչակապ համայնքներից, սակայն փոքրիկ բլուրի շնորհիվ չի երեւում ավտոմայրուղուց:

«Նախատեսվում է սանիտարական աղբավայրը շահագործել 25 տարի: Աղբավայրում կկենտրոնացվի համայնքներում գոյացող աղբը, իսկ մարզի մյուս աղբավայրերը կփակվեն, ինչը բնապահպանական տեսանկյունից դրական է: Շահագործման ավարտին աղբավայրը կկոնսերվացվի եւ տեղանքում պտղատու ծառեր կտնկվեն»,-տեղեկացրեց Լոռու փոխմարզպետ Հովհաննես Թադեւոսյանը:

Ղուրսալի գյուղական համայնքի ղեկավար Մհեր Մինասյանի խոսքով՝ ծրագրի հանրային քննարկումների ժամանակ գյուղի բնակիչներն արտահայտել են իրենց բացասական դիրքորոշումը: Գյուղապետը գտնում է, որ բնապահպանական առումով դրական հետեւանքներ խոստացող ծրագիրը իրենց եւ հարակից գյուղերի համար խնդիր է դառնալու: «Նախ` գյուղի տեսքն է ընկնում, նկարագիրն է փոխվում: Բացի այդ աղբավայրը ուղիղ գծով մեր գյուղից 800-1000 մետր է հեռու, Քարաձորից՝ ընդամենը 500-600 մ, քամուց ամբողջ հոտը հասնելու է Ղուրսալի, Նոր Խաչակապ ու Քարաձոր գյուղեր, բնակիչներն են այդ հոտը շնչելու», — պնդում է գյուղապետը:

Այժմ 561 բնակիչ ունեցող գյուղում գոյացող աղբը բնակիչները լցնում են համայնքում տեղադրված աղբամանները, իսկ աղբահանություն իրականացնող «Նարինե» ՍՊԸ տեղափոխում է Սպիտակի աղբավայր:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ