Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հրշեջ-փրկարարները վերանորոգել են ավտոմեքենայի շարժիչը

Հրշեջ-փրկարարները վերանորոգել են ավտոմեքենայի շարժիչը

1055
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 250 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է 40 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:  Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 70 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Շենգավիթ վարչական շրջանների եւ Լոռու, Կոտայքի, Շիրակի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Տարբեր տարածքներում արգելափակված տասսնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Կողբացու փողոցում շունը մտել է վարսավիրանոց: Փրկարարները շանը դուրս են բերել վարսավիրանոցից: Նոր Նորքի փրկարարներն ահազանգ են ստացել, թե 7-րդ զանգվածի շենքերից մեկի վերելակի հորան բջջային հեռախոս է ընկել: Հրշեջ-փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել Զավեն Ստեփանյանի բջջային հեռախոսը: Մալաթիա-Սեբաստիայի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ կասկածելի առարկա կա: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են թնդանոթի դատարկ պարկուճ և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: Քանաքեռ-Զեյթունի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Լեփսիուսի փողոցի շենքերից մեկի մի բնակիչ չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Հրշեջ-փրկարարները պարզել են, որ քաղաքացի  անսթափ վիճակում է և օգնության կարիք չունի: Սյունիքի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Կապան քաղաքում շունն ընկել է գետը: Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել շանը: Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենա է խափանվել: Հրշեջ-փրկարարները վերանորոգել են ավտոմեքենայի շարժիչը, մեքենան շարունակել է ընթացքը: