Գլխավոր Ուսուցողական նյութեր Թումանյանի սողանք. աշխատանքները շարունակվում են (լուսանկարներ)

Թումանյանի սողանք. աշխատանքները շարունակվում են (լուսանկարներ)

1617
Տարածել

911tert.am-ը տեղեկացրել է, որ երեք շաբաթ առաջ Լոռու մարզի Թումանյան համայնքում սողանքն ակտիվացել էր ու փրկարարները գործի էին անցել:

Արդեն մի քանի օր է՝ Թումանյան համայնքի սողանքային գոտում ուսումնասիրություններ են անում նաև գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի աշխատակիցները:

Ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանի խոսքով՝ տարածքում սողանքային երևույթներ նկատվել են 1971 և 1986 թվականներին, սակայն փաստացի ակտիվացում դրսևորվել է  վերջին ամիսներին՝ ջրագծից մեծ քանակությամբ արտահոսքի պատճառով։ Սողանքի գոտում մոտ 350 մետր բարձրության վրա հայտնաբերվել է բնական աղբյուր: Երկրաբանը բացառում է բնական աղբյուրի կործանիչ ազդեցությունը հողազանգվածի վրա։

Զուգահեռներ տանելով Տավուշի մարզի Այրում կայարանի սողանքի հետ,  երկրաբանը նկատեց. «Այրումի և Դեբեդի ձորի երկրաբանական կառուցվածքները նման են՝ ներքևում հին,  փխրուն ապարներ են, վերևում՝ մոտ 2,5 միլիոն տարվա վաղեմության բազալտներ։ 100 մ ավելի հզորությամբ ծանր զանգվածը ճնշում է ճեղքված ապարները։ Սակայն Այրումում նաև վերևի հատվածի փլուզում կար, ինչը չկա Թումանյանում»։

Արդեն ավարտվել են երկրաֆիզիկական ուսումնասիրությունները, նախատեսվում է նաև էլեկտրահետախուզություն և աշխատանք գեոռադարի օգնությամբ։ Մշակվել և ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին են ներկայացվել առաջարկներ հրատապ կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ. նախևառաջ ճեղքերը պատել կավահողային գրունտով, որպեսզի տեղումների ժամանակ  ջուրը չներթափանցի սողանքային մարմին։ Հաջորդ քայլը հորիզոնական հորատումն է, որը կօգնի ապահովել լանջերի կայունությունը։

Երկրաֆիզիկական ուսումնասիրությունների հիման վրա մոտակա օրերին կկատարվի ուղղահայաց հորատում՝ ճշտելու գրունտային ջրերի խորությունը․  «Գրունտը գերխոնավեցած է, պետք է այն լիցքաթափել։ Ջրահեռացումը կատարվում է երկաթգծին պատկանող հենապատի երկայնքով։ Աշխատակիցներն արդեն հեռացրել են խցանում առաջացրած հողն ու չորացած ճյուղերը, բետոնապատել վնասված պատնեշը»,- տեղեկացրեց  արտակարգ իրավիճակների նախարարության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Հակոբ Հակոբյանը: Ըստ նրա, ներկայումս սողանքի տարածքում 2 տեղամասից հորդացող ջուր կա՝ համապատասխանաբար 5 և 12 լիտր /րոպե թողունակությամբ։ Ջրագոյացման տեղանք կա նաև սողանքի վերևի հատվածում, «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները փորձում են խողովակներով ջրահեռացում կատարել։

Խնդիր է նաև ճանապարհը։ Մասնագետները փորձում են գտնել սողանքային զանգվածին տեխնիկա մոտեցնելու տարբերակներ։ Հակոբ Հակոբյանի հաղորդմամբ՝ որոշ հատվածներում մոտ 20 սմ լայնությամբ ճեղքվածք կա, իսկ սողանքի կատարին գրունտների իջվածքը հասնում է մինչև 60 սմ-ի։

Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք առաջիկայում

Անի ԱՆՏՈՆՅԱՆ