Գլխավոր Նորություններ Տարվա ամփոփում. Արմավիրի փրկարարները օգնության են հասել հարեւան մարզերի գործընկերներին

Տարվա ամփոփում. Արմավիրի փրկարարները օգնության են հասել հարեւան մարզերի գործընկերներին

636
Տարածել

2017 թվականին Արմավիրի փրկարարներն սպասարկել են 4604 ահազանգ: Արմավիրում գրանցվել են առատ ձյուն, փլուզում, կարկուտ, հորդառատ անձրեւ եւ այլն: Նաեւ հրդեհներ ու տեխնածին բնույթի արտակարգ դեպքեր: Միայն հրդեհների պատճառած նյութական վնասը ավելի քան 38 միլիոն դրամ է: Ի հավելումն. ձյան առատ տեղումների հետևանքով մարզում երկու փլուզում է եղել, ուժեղ կարկտահարության հետևանքով 13 համայնքի հողատարածքներ վնասվել են 60-100 տոկոսով, ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենքերի տանիքներ, հորդառատ անձրևներից Մեծամոր քաղաքի Այգեգործական թաղամասի մոտակա սելավատարի ջրի մակարդակը բարձրացել է և ողողել Ակնալիճ գյուղի հողատարածքները՝ մոտ 25 հա: Առատ ջրի հոսքի հետևանքով Նորապատ գյուղի ջրանցքից ջուրն ար­տա­հոսել և ողողել է հարակից տարածքները, մոտակա կիսանկուղային անասնագոմում ջրի մակարդակը հասել է 2 մ-ի, ինչի հետևանքով 14 ոչխար ջրախեղդ է եղել:

Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Հովհաննես Մարգարյանի խոսքով, Արմավիրի փրկարարները 2017-ին օգնության են հասել Վայոց Ձորի, Արարատի և Արագածոտնի մարզերի իրենց գործընկերներին՝ նշված մարզերում ծագած խոշոր հրդեհների հրդեհաշիջման ժամանակ:

2017-ին Արմավիրի փրկարարները տեխնիկական համալրում են ստացել. «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» տրամադրել է «ԿԱՄԱԶ» մակնիշի մեկ հրշեջ ավտոմեքենա, հրշեջ-փրկարարական գույք եւ սարքավորումներ:

«Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը և 911 ծառայության ստեղծումը դրական ազդեցություն է ունեցել ահազանգի ընդունման արագ արձագանքման, վթարափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացման օպերատիվ կառավարման ուղղությամբ», — 2017 թվականի աշխատանքներն ամփոփելիս փաստեց Հովհաննես Մարգարյանը:

Ի գնահատումն փրկարարների վաստակի, մարզի ղեկավարությունը մի խումբ փրկարարների պարգևատրեց շնորհակալագրերով և պատվոգրերով:

Մերի Սողոմոնյան

Հ.Գ.Այլ մարզերի ամփոփումներ

Արագածոտն

Սյունիք

Գեղարքունիք

Լոռի, Արարատ, Տավուշ

Կոտայք

Շիրակ