Գլխավոր ՀՀ ԱԻՆ Հրդեհների քանակն աճել է

Հրդեհների քանակն աճել է

997
Տարածել

Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում 2017 թվականին հաշվառվել է 2889 հրդեհ` 1 017 546 548 դրամ նյութական վնասով, զոհվել է 6 և վնասվածքներ ստացել` 54 մարդ:       2016 թվականին հաշվառվել էր 2367 հրդեհ` 796 366 590 դրամ նյութական վնասով, զոհվել էր 17 և վնասվածքներ ստացել` 46 մարդ: Այսպիսով, 2016 թվականի համեմատ 2017 թվականին հրդեհների քանակն աճել է 522-ով (22,1%), նյութական վնաս չափը՝ 264 886 861 դրամով (33,3%), վնասվածք ստացածների քանակը 8-ով (17,4%), իսկ զոհերի թիվը նվազել է 11-ով (64,7%):        Հրդեհների քանակը նվազել է միայն Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում: Հրդեհների 47,5%-ը տեղի է ունեցել բաց և խոտածածկ տարածքներում, 28,3%-ը՝ բնակելի հատվածում, 9%-ը՝ ավտոմեքենաներում, 3,1%-ը՝ գյուղատնտեսական նշանակության օբյեկտներում, 12,1%-ը՝ այլ նշանակության օբյեկտներում:

Հրդեհների առաջացման հիմնական պատճառներն են. կրակի հետ անզգույշ վարվելը` 62,2%, էլեկտրական սարքավորումների տեղակայման և շահագործման կանոնների խախտումը` 17,9%, երեխաների խաղալը կրակի հետ` 6,4%, վառարանների տեղակայման և շահագործման կանոնների խախտումը` 2%, հրկիզումները՝ 1,7%:  Հրդեհների 48,9%-ն արձանագրվել է քաղաքային, իսկ 51.1%-ը` գյուղական բնակավայրերում: Հանրապետությունում տեղի ունեցած հրդեհներից 82-ը խոշոր են (նյութական վնասի չափը գերազանցում է երկու միլիոն դրամը), որոնց պատճառած նյութական վնասը 670 738 627 դրամ է՝ ընդհանուր նյութական վնասի 63,2%-ն է: 2016-ին գրանցվել էր 69 խոշոր հրդեհ:

2017 թվականի առավել խոշոր հրդեհներից են`

  1. 8 հունվարի, ք. Երևան, Կոմիտասի 52/72, «Բալդի» առևտրի սրահ: Նյութական վնասը՝ 85 585 226 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  2. 25 մարտի, ք. Երևան, Սևանի 21 «Շանթ» հեռուստաընկերության աշխատասենյակ: Նյութական վնասը՝ 13 461 175 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  3. 10 ապրիլի, Լոռու մարզ, գյուղ Վահագնաձոր, տուն: Նյութական վնասը՝ 22 500 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրատեխնիկական բնույթի:
  4. 19 հուլիսի, Կոտայքի մարզ, գյուղ Գառնի, այգիներ: Նյութական վնասը՝ 15 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ արևի ճառագայթների ֆոկուսացում:
  5. 23 հուլիսի, ք. Երևան, Նիկոլ Դումանի փողոց թիվ 17, 19/2, 21 տներ: Նյութական վնասը՝ 13 995 536 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  6. 1 օգոստոսի, Լոռու մարզ, գյուղ Հաղպատ, բաց տարածք: Նյութական վնասը՝ 15 176 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ արևի ճառագայթների ֆոկուսացում:
  7. 10 օգոստոսի, Սյունիքի մարզ, քաղաք Ագարակ, «ՄԱԿ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 57 400 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  8. 7 սեպտեմբերի, Սյունիքի մարզ, գյուղ Ծղուկ, 2-րդ փողոց խոտի դեզ: Նյութական վնասը՝ 13 850 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ անզգուշություն ծխելուց:
  9. 22 սեպտեմբերի, Շիրակի մարզ, գյուղ Մեծ Սեպասար, գոմ: Նյութական վնասը՝ 27 800 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ վառարանի շահագործման կանոնների խախտում:
  10. 25 սեպտեմբերի, Լոռու մարզ, գյուղ Սարչապետ, գոմ, խոտի դեզ և 3 հատ ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 68 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:

ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը 2017 թվականին դատաքննչական մարմիններ է ուղարկել 177 հրդեհի  նյութ, որոնցով քրեական գործեր են հարուցվել 40 դեպքում: Կազմակերպվել են հակահրդեհային քարոզչական բնույթի 200-ից ավելի ելույթներ տարբեր հեռուստա եւ ռադիոընկերությունների եթերներում: 100-ից ավելի տարբեր նշանակության օբյեկտում իրականացվել են հակահրդեհային թեմաներով զրույց-զեկուցումներ:

Հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով նամակներ են ուղարկվել 800-ից ավելի տնտեսվարող սուբյեկտի՝ իրազեկելով հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջներին, ինչպես նաև դրանց չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներին:

Արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող 8 անձ տուգանվել է՝ ընդհանուր 9 միլիոն դրամի չափով: Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող 46 ընկերության տրվել է կարգադրագիր՝ առկա թերությունները վերացնելու համար:

Հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 148 քաղաքացի և 173 պաշտոնատար անձ՝ գանձված գումարի ընդհանուր չափը՝ 12 520 000 դրամ: