Գլխավոր Նորություններ Թումանյան համայնքի սողանքը վերահսկողության տակ է

Թումանյան համայնքի սողանքը վերահսկողության տակ է

919
Տարածել

Թումանյան համայնքի սողանքը վերահսկողության տակ է

Հունվարի 23-ին ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն այցելել էր Լոռու մարզի Թումանյան համայնք՝ ուսումնասիրելու օրերս գրանցված սողանքի հետևանքները և շահագիգիռ մարմինների հետ քննարկելու կանխարգելման ուղղված հետագա քայլերը։ Սողանքը սպառնում է Մ 6 միջպետական ճանապարհին և երկաթգծին։

Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ տեղանքում սողանքային երևույթները նկատվել էին դեռ հունվարի 7-ին։ Ճեղքերի լայնանալուն պես բնակիչներն անմիջապես ահազանգել էին փրկարար ծառայություն։ Փրկարարների ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ տեղաշարժվել է մոտ 250 մետր երկարությամբ և 100-150 մետր լայնությամբ հողազանգված։ Ընդհանուր առմամբ՝ մինչ օրս գրանցվել է սողանքային մարմնի 10-15 սմ տեղաշարժ։ «Լանջի վերևում խմելու ջրի արտահոսք կար։ Կապվել ենք «Վեոլիա Ջուր» ընկերության հետ՝ ջրամատակարարումը դադարեցնելու նպատակով։ Հունվարի 18-ի տվյալներով՝ ճեղքերը կրկին լայնացել էին 1-2 սմ-ով, ինչը հանգեցրեց  մոտ 40 մետր երկարությամբ և 10 մետր լայնությամբ զանգվածի փլուզման։ Ներկայումս ջրագիծն այլևս չի շահագործվում»,- մասնամասնեց վարչության պետը։

Մոտ 350 մետր բարձրության վրա հայտնաբերվել է նաև բնական աղբյուր, որը նույնպես կարող էր նպաստել սողանքի առաջացմանը։ Արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականով որոշվել է կառուցել փոքր ջրահավաք ավազան, որտեղից ջուրը խողովակներով կհոսի անվտանգ վայր։

Մարզային փրկարարական վարչությունը, «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վեոլիա Ջուր» ընկերությունները պայմանավորվածություն են ձեռք բերել սողանքային մարմնից ջրահեռացման նպատակով առուներ փորել։ Փրկարարները տեղանքում իրականացնում են շուրջօրյա հերթապահություն։ Սողանքային գոտու 3-4 տեղամասում տեղադրվել են չափիչ սարքեր, որոնք արձանագրում են զանգվածի տեղաշարժը։ Գնացքների շարժից առաջացրած տատանումների հետևանքով սողանքի հնարավոր ակտիվությունն ուսումնասիրելու նպատակով պարբերաբար ճշտվում է երկաթուղու չվացուցակը։

Նույն օրը՝ Հունվարի 23-ին երկրաբանների խումբը անօդաչու թռչող սարքերի օգնությամբ նկարահանել է տարածքը և գրունտային ջրերի նմուշառում կատարել։ Արդյունքները հայտնի կդառնան մոտակա օրերին։ Սողանքային գոտում է երեք տուն կա: Մեկում մշտապես բնակվում են չորս հոգի, մյուսին հարակից գոմում պահվում է երկու կով, երրորդը բնակեցված չէ։ ԱԻ նախարարի առաջարկությամբ ընտանիքը ժամանակավորապես կտեղափոխվի երկաթծի տնօրինության տակ գտնվող շինությունը։

Այս սողանքին կրկին կանդրադառնանք առաջիկայում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ