Գլխավոր ՀՀ ՆԳՆ Տարվա ամփոփում. Սյունիքում ավելացել են արտակարգ դեպքերը

Տարվա ամփոփում. Սյունիքում ավելացել են արտակարգ դեպքերը

736
Տարածել

Հունվարի 23-ին Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Սյունիքի մարզային փրկարարական վարչությունն ամփոփեց 2017թվականը: Անցած տարի Սյունիքում գրանցվել է 818 պատահար, զոհվել է 26, վնասվել 268 մարդ: Նախորդ տարվա համեմատ արտակարգ դեպքերի քանակն աճել է, զոհերի թիվը նվազել է 3-ով, իսկ վիրավորների թիվը՝ ավելացել 132-ով: 2017 թվականին Սյունիքում գրանցվել են գրեթե բոլոր արտակարգ դեպքերը. փլուզումներ, քարաթափումներ, կարկտահարություն, գետերի ջրի մակարդակի բարձրացում, սողանք, ուժեղ քամի, երկրաշարժ, մեքենաների արգելափակումներ, ճանապարհատրանսպորտային պատահարներ, հրդեհներ և այլն:

2016 թվականի դեկտեմբերի 27-2017 թվականի մարտի 9 ժամանակահատվածում Գորիս-Սիսիան ճանապարհին տեղադրված վրանային հենակետում սյունեցի փրկարարները իրականացրել են շուրջօրյա հերթապահություն, օպերատիվ արձագանքել տվյալ հատվածում ձնաբքից կամ մերկասառույցի հետևանքով խցանված ճանապարհներին մնացած քաղաքացիների ահազանգերին: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի 14-16 կմ հատվածում, որտեղ ձմռան ամիսներին ձնաբքի և մերկասառույցի հետևանքով առաջանում են մեքենաների խցանումներ և արգելափակումներ տեղադրվել են ռետինե ցանցե պատնեշներ, որոնք ավտոմայրուղին պաշտպանում են ձնամրրիկներից և քամուց՝ ապահովելով ավտոմեքենաների անվտանգ երթևեկությունը: Սյունիքի ՄՓՎ Սիսիան-Գորիս միջպետական ավտոճանապարհի 17-րդ կմ-ում գտնվող «Ճանապարհային տնակ» անվանումը կրող քարե շինությունը նախապատրաստվել է եւ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում կարող է դառնալ առաջին օգնության կետ:

Մարզի հեռավոր անկյուններից հնչեցվող ահազանգերին օպերատիվ ու արդյունավետ արձագանքելու նպատակով՝ աշխատանքներ են տարվել Սյունիքի սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծման ուղղությամբ, մշտական կապ է պաշտպանվում սահմանամերձ և հեռավոր համայնքների համայնքապետերի հետ: Մարզի կրթական հաստատություններում, տարբեր կազմակերպություններում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ և դասախոսություններ:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի, մարզային ԱԻ և տարահանման հանձնաժողովների և Սիսիան քաղաքային համայնքի ղեկավարության հետ անցկացվել է շտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով: Կազմկերպվել են շտաբային ուսումնավարժություններ, հրամանատարական պատրաստության պարապմունքներ, անցկացվել են հակաճառագայթային թաքստոցների ինժեներատեխնիկական նորմերին համապատասխանության վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ:

Ուշադրության կենտրոնում են նաև մարզի հանքարդյունաբերական ընկերությունները: « Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ», «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ», «Ագարակի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ընկերությունների հետ պարբերաբար իրականացվում են ՀՀ Սյունիքի մարզում առկա պոչամբարների ռիսկերի գնահատման աշխատանքներ, թարմացվում և ճշգրտվում են վերջիններիս վկայագրերը, կատարվում համապատասխան հաշվարկներ: Կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույց է ներկայացվել արտակարգ իրավիճակների նախարարություն», — նշեց Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Անդրանիկ Սահակյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օպտիկամանրաթելային հենքի վրա գործող գերատեսչական հեռահաղորդակցման ցանցի հետ օպերատիվ կապ ապահովելու և ազդարարման միասնական համակարգին միանալու նպատակով մարզի Կապան, Սիսիան, Մեղրի, Ագարակ, սահմանամերձ Արևիս, Սալվարդ, Լիճք, Լեհվազ համայնքներում շչակներ են տեղադրվել: Սա հնարավորություն է տալիս արտակարգ իրավիճակի ծագման կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքում նշված համայնքներում Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնից և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից իրականացնել կենտրոնացված միասնական ազդարարում:

Մերի Սողոմոնյան

Հ.Գ. Այլ մարզերի ամփոփումները

Գեղարքունիք , Լոռի, Տավուշ, Արարատ , Կոտայք