Գլխավոր Ուսուցողական նյութեր Թեղուտի պոչամբարի պատվարի վրա ճաք չկա, ֆիլտրացիոն ջրերի հոսք է եղել

Թեղուտի պոչամբարի պատվարի վրա ճաք չկա, ֆիլտրացիոն ջրերի հոսք է եղել

839
Տարածել

Հունվարի 20-ին իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ հավաստի տվյալներով՝ Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, ինչի հետևանքով աոնվազն չորս օր է՝ պոչամբարի թափոնները հոսում և լցվում են Դեբեդ գետը։ Թեղուտ և Շնող համայնքների բնակիչների խոսքով՝ գետի ջուրը գորշ գույն է դարձել, իսկ տարածքում զգացվում է  սուր հոտ։ Ներկայումս հանքավայրի շահագործումը կանգնեցված է։ Ենթադրվում է, որ վթար է եղել։

Հարցի առնչությամբ «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանն ահազանգել էր ԱԻ նախարարություն։ Նրա պնդմամբ՝ իրեն ուղղորդել են Բնապահպանության  նախարարություն կամ ոստիկանություն, այն դեպքում երբ արտակարգ իրավիճակների նախարարությունն է հանդիսանում պոչամբարների պատվարների տեխնիկական համապատասխանության և անվտանգության գնահատման համար պատասխանատու մարմինը։

Հղում կատարելով 2016-ի ապրիլին Թեղուտի պոչամբարի վտանգների մասին Համաշխարհային Բանկի պատվերով շվեդ երկրաբան մասնագետների կատարած հետազոտության արդյունքներին՝ Լևոն Գալստյանը նշում է, որ պոչամբարի նախագիծը համարժեք չէ միջազգային ստանդարտներին թե´ բնապահպանական, թե´ ֆիզիկական կայունության առումով:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տեխնածին վթարների բաժնի պետ, փ/ծ գնդապետ Կարապետ Կարապետյանը պարզաբանում է՝ Լոռու մարզային փրկարարական վարչությունը երեք ամիսը մեկ հաշվետվություն  է ներկայացնում պոչամբարի նախագծային և ներկայիս ծավալների վերաբերյալ։ Վերջին տեղեկությունը թարմացվել է դեկտեմբերին։ Քաղաքացիների ահազանգից հետո վարչության անձնակազմը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու մարզային ստորաբաժանման աշխատակիցների հետ այցելել է Թեղուտի հանքավայր, զննել պոչամբարի տարածքը: Պատվարի վրա ճաք կամ վթարային իրավիճակ չի հայտնաբերվել․ «Ինչ վերաբերվում է դեպի գետ արտահոսքին, պոչամբարն ունի պարզարաններ, որտեղ կուտակվում է վերամշակման արդյունքում առաջացած թափոնը՝ խյուսը։  Վերջերս մեծ քանակությամբ տեղումների և ձյան հալոցքի պատճառով պարզարաններից որոշ չափով ֆիլտրացիոն ջրերի հոսք է եղել դեպի Դեբեդ։ Բնապահպանության նախարարությունը կատարել է համապատասխան նմուշառումներ՝ պարզելու բաղադրությունն ու վտանգավորության չափը»։

Հանքավայրը շահագործող «Վալլեքս» ընկերությունն առայժմ պաշտոնական  հաղորդագրություն չի տարածել։ Նմուշառման արդյունքների մասին կտեղեկացնենք շուտով։

 

Անի Անտոնյան