Գլխավոր Ուսուցողական նյութեր Խոշոր հրդեհները մարտահրավեր են նույնիսկ զարգացած երկրների համար

Խոշոր հրդեհները մարտահրավեր են նույնիսկ զարգացած երկրների համար

406
Տարածել

Հակահրդեհային պայքարի Պորտուգալիայի օրինակը

2017 թվականն առանձնացավ  Հայաստանի անտառներում մեծաթիվ ու խոշորամասշտաբ հրդեհներով. Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի հարակից տարածք, Արարատի մարզի «Խոսրովի անտառ» պետական արգելոց, Արագածոտնի մարզի Բյուրականի անտառ, Լոռու մարզի Այգեհատ և Ծաթեր գյուղերի մատույցների անտառ եւ այլն:

2017-ին հրդեհները պատուհասեցին ոչ միայն Հայաստանի անտառներին: Տապն ու անձրեւների բացակայությունը հրդեհի պատճառ դարձան Վրաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայի մի շարք երկրներում: Որոշ դեպքերում մարդկային կորուստներ եղան: Օրինակ 2017 թվականի հունիսի  17-ին Պորտուգալիայի  կենտրոնական մասում՝ Լեյրիա շրջանում, բռնկված հրդեհը 60-ից ավելի մարդու կյանք խլեց, երկրում եռօրյա սուգ հայտարարվեց: Մահաբեր հրդեհը պորտուգալացիներին ստիպեց մտածել հակահրդեհային հուսալի համակարգ ստեղծելու ու դրանով վնասները նվազագույնի հասցնելու մասին: Առաջին ու ցավոտ եզրահանգումը. անտառները սխալ են կառավարվում:

Պորտուգալիան Եվրոպայի խիտ անտառածածկ ունեցող  երկրներից է: Երկրի  41,3 տոկոսը՝  3 783 000 հեկտար, անտառապատ  տարածքներ են: Մեծ մասը՝ մասնավոր սեփականություն է: Ինչպես ողջ աշխարհում, Պորտուգալիայում էլ, նվազում է գյուղական բնակչության թիվը, ինչի հետևանքով լքվում ու անմշակ են մնում սեփականաշնորհված հողատարածքները ու սա դառնում է կրակի տարածման նպաստավոր պայման: Պորտուգալիայի հրշեջները իրենց տրամադրության տակ ուներ  50 հրշեջ ինքնաթիռ, սակայն 2017-ի հրդեհը բացահայտեց, որ երկիրը հակահրդեհային եւ հրդեհաշիջման հարցերում դեռ խնդիրներ ունի:

Հրդեհից հետո Պորտուգալիայում սկսեցին հրդեհների կանխարգելման նորարարական տեխնոլոգիաներ փնտրել: Նախագծերից մեկը Flicks Systems- ն է:  Սա շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգ է, ակայն ընկերությունը մշակել է անտառային հրդեհների կանխարգելման որոշ միջոցներ: Օրինակ՝ օգտագործել սենսորներ, որոնց օգնությամբ կարելի է չափել ջերմաստիճանի նույնիսկ ամենափոքր տատանումը, օդում ածխաթթու գազի տեսակարար կշռի փոփոխությունը 12 կիլոմետր շառավղով տարածքում: Այդպիսով, հնարավոր է լինում անմիջապես հայտնաբերել հրդեհի օջախը:

Հաջորդը SparroWatch կամ խելացի բունն է: Խումբը կոչվում է OOZ Labs՝ առաջարկվող լուծումը՝ հրդեհների կանխումը թռչունների բների միջոցով: Այս բները կառուցվում են փայտից, ունեն փոքր արևային մարտկոց, միացած են Wi-Fi ցանցին եւ տեղեկություն են ուղարկում կենտրոնական համակարգին: Բները կարող են բոլոր տեսակի չափումներ կատարել (ջերմաստիճան, խոնավություն, ածխաթթու գազի ծավալ եւ այլն):

Ինժեներ Անդրե Լուզը առաջարկում է անտառային հրդեհների  կանխարգելման համար օգտագործել անօդաչու թռչող սարքեր: Մեկը՝ թեթեւ, որի խնդիրը կլինի վերահսկել իրավիճակն ու տեղեկություններ հավաքել-հաղորդել: Առավել մեծ սարքը ընդունակ կլինի տեղափոխել բեռնարկղեր, կրակմարիչներ, տարբեր  նյութեր, որոնց օգնությամբ հնարավոր կլինի մարել կրակը: Մնում է պատկան կառույցներն ընդունեն առաջարկը:

Պատրաստեց Մերի Սողոմոնյանը