Գլխավոր Ուսուցողական նյութեր Հայաստանում ձմեռային ակտիվ հանգստի ներկան ու ապագան

Հայաստանում ձմեռային ակտիվ հանգստի ներկան ու ապագան

799
Տարածել

Snow magazine ամսագիրը ձմեռային մարզաձեւերի սիրահարների համար վերջերս հրապարակել է աշխարհի տասը լավագույն սահուղիները, որոնց թվում են գեղեցիկ գոգավորությամբ և հին քաղաքային կոլորիտով հայտնի Կորտինան Իտալիայում, արևածագին սպասող ռոմանտիկների սիրելի Լա Քլյուզը Ֆրանսիայում, 15 մետրից ավելի ձյան շերտի բարձրություն ունեցող Նիսեկոն Ճապոնիայում, «Լեռնային դրախտ» Թելյուրայդը ԱՄՆ-ում և այլն։ Որքան էլ մեծ լինի գայթակղությունը, այդուհանդերձ ձմեռային հանգիստը պլանավորող զբոսաշրջիկներն առաջին հերթին անվտանգությունն են կարևորում։

Snow magazine ամսագիրը Հայաստանի մասին չի հիշատակում, սակայն մեր Ծաղկաձորը ձմեռային հանգստի պակաս գրավիչ վայր չէ: Թեղենիս լեռան լանջին տեղակայված Ծաղկաձորի ճոպանուղու տնօրենի ֆինանսական գծով տեղակալ Արտավազդ Վարդանյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում է այցելուների թիվը։ Նախորդ տարվա հոկտեմբերին երաշխիքային ժամկետը սպառած ճոպաններն ամբողջովին փոխվել են, կատարվել  է տեխնիկական փորձաքննություն։ Ճոպանուղու չորս կայան էլ ունեն սեյսմիկ տվիչներ, որոնք անմիջապես արձագանքում են տեխնիկական հնարավոր խնդիրներին։

34 կմ ձգվող սահուղին ցանցապատ է, ինչը սահմանափակում է մուտքը դեպի ժայռային և անտառային հատված։ Այս տարվանից գործում է նաև գիշերային լուսավորված սահուղի։

Ճոպանուղին ունի բուժկետ՝ հագեցած առաջին բուժօգնության համար նախատեսված սարքերով, դեղամիջոցներով, կցորդ-պատգարակով երեք ձնագնաց՝ հենաշարժողական վնասվածքներ ստացածներին տեղափոխելու համար, փրկարարի որակավորում ունեցող և անվտանգության աշխատակիցներ։ «Սահուղին հարթեցվում է հատուկ տեխնիկայի միջոցով, պատահարները գրանցվում են հիմնականում արագ վայրէջքի և անհաջող շարժումների պատճառով։ Հանգստյան և տոն օրերին տարածքում հերթապահում է շտապօգնության անձնակազմը։ Սերտ է համագործակցությունը նաև փրկարար ծառայության հետ։ Պարբերաբար կազմակերպվում են վարժանքներ՝ ճոպանի հավանական վթարի դեպքում փրկարարական և լեռնափրկարարական հմտությունները բարելավվելու համար»,- մանրամասնում է փոխտնօրենը։

Բուժկետի բուժքույր Վիոլետա Հակոբյանը հավելում է՝ այցելուները հիմնականում գանգատվում են շնչառական անբավարարությունից, գլխացավից և արյան բարձր ճնշումից, եղել են սալջարդի և կոտրվածքի ահազանգեր։ Տուժածները ստանում են առաջին բուժօգնություն, ապա անհրաժեշտության դեպքում տեղափոխվում քաղաքային հիվանդանոց։

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը ձմռանը մեր երկրում լեռնային տուրիզմի անվտանգության առաջին պայմանը ձնահոսքի բացակայությունն է համարում։  Հայաստանը հրաշալի վայր է հատկապես դահուկային մարզաձևերը զարգացնելու համար․ լեռները չունեն կտրուկ գոգավորություններ և վտանգավոր զառիթափ լանջեր։ Մասնագետը նշում է Թեղենիսի լանջի հիմնական սահուղու միակ թերի կողմը. «Լեռան վրա սաստիկ քամիներ են լինում, ինչի  պատճառով ճոպանուղու երկրորդ կայանի աշխատանքը հաճախ դադարեցվում է։ Դժբախտ դեպքերից խուսափելու համար տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել ցանցապատել սահուղու մյուս հատվածը»։

Գագիկ Սարգսյանը մտաբերում է՝ տարիներ առաջ սահուղու վրա թույլատրելի էին սահնակները, սակայն մահվան ելքով մի պատահարից հետո դրանք արգելվեցին։

Այս տարի Ծաղկաձորում ձյունառատ չէր, ինչը փոքր-ինչ  հիասթափեցրել է արտասահմանցի հյուրերին։ Գագիկ Սարգսյանը սնոուբորդի և ազատ սահքի սիրահարներին խորհուրդ է տալիս բացահայտել Արագած լեռան բնությունն ու  Գեղամա լեռնաշղթան, իսկ դահուկորդներին՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղը, որտեղ օրեր առաջ առաջին անգամ անցկացվել է դահուկավազքի առաջնություն․ «Աշոցքը դահուկային սպորտի ավանդույթներ ունեցող համայնք է, այստեղից են սերում բազմակի մեդալակիր մարզիկներ։ Բացի դրանից՝ Աշոցքում ձյան շերտն ամենաերկարն է պահպանվում»։

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի առաջիկա պլաններից է Աշոցքը դարձնել դահուկավազքի միջազգային  մարզումների կենտրոն՝ այդպիսով խթանելով սպորտի և համայնքային կյանքի զարգացումը։ Առաջին քայլն արդեն արվել է. դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի ջանքերով 2050 մետր բարձրության վրա ստեղծվել են դահուկուղիներ:

 

Անի Անտոնյան