Գլխավոր Ուսուցողական նյութեր Պետպատվերով կատարելագործվելու հնարավորությունն ամբողջությամբ չի օգտագործվում

Պետպատվերով կատարելագործվելու հնարավորությունն ամբողջությամբ չի օգտագործվում

497
Տարածել

2013 թվականից Հայաստանում ներդրվել է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգը։ Բժիշկները, ստոմատոլոգները, դեղագետները, միջին բուժանձնակազմն ու դեղագործները պարտավոր են 5 տարին մեկ կատարելագործման դասընթաց անցնել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։ Ծրագրի նպատակն է բարձրացնել բուժաշխատողի որակավորումը՝  ելնելով բժշկագիտության նորագույն նվաճումներից։ Սահմանված են նվազագույն շեմեր. բժիշկները պետք է հավաքեն 220, դեղագետներն ու բժշկական ֆիզիկոսները՝ 160,  բժշկական միջին անձնակազմը` 140, իսկ  դեղագործներն ու դեղատան աշխատողները` 100 կրեդիտային միավոր: Եթե բուժաշխատողը չի ապահովում կրեդիտների անհրաժեշտ չափը, նա զրկվում է արտոնագրից և բժշկական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից:

Դասընթացները կազմակերպվում են պետական պատվերով և վճարովի, տևողությունը 1-7 շաբաթ է։ Կատարելագործման դասընթացների վարձաչափը սահմանում է բժշկական համալսարանը: Առողջապահական ոլորտի ներկայացուցիչներից շատերի կարծիքով՝ կրեդիտային համակարգը մի շարք առավելություններ ունի։ Նախկինում վերապատրաստման համար բժիշկները մոտ  185 հազար դրամ  էին վճարում, իսկ կրեդիտային համակարգով շարունակական բժշկական կրթությունն ավելի էժան է, քանի որ գիտաժողովների մեծ մասն անվճար է:

Այս հարցով «911.Արտակարգ թերթին» մտահոգություն է հայտնել մեր մշտական ընթերցողներից մեկը: Նա աշխատում է մարզային բուժկենտրոնում՝ մանկաբույժ է, 2009-ին ստացել է ընտանեկան բժշկի որակավորում։ Նրա խոսքով՝ մայրաքաղաքում կատարելագործման 7-շաբաթյա դասընթացն արժե 105 հազար դրամ, ինչը չի ներառում օրական մոտ 2000 դրամ ճանապարհի և սննդի ծախսը, իսկ ինքն ամսական 89 հազար դրամ մաքուր աշխատավարձ է ստանում։

Բժշկական համալսարանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը մանրամասնում է՝ կատարելագործման դասընթացի 1-շաբաթյա արժեքը տատանվում է 15000-25000 դրամի միջակայքում: Գումարը որոշվել է հաշվի առնելով կլինիկական օրդինատուրայի վարձի չափը։ Ամեն տարի պետական պատվերով կատարելագործման դասընթացներ են անցնում որոշ բուժաշխատողներ. 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող, ազատամարտիկի ընտանիքի անդամ, 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող: Կատարելագործման համար սահմանված տարեկան պետպատվերի 10%-ը տնօրինում է համալսարանը, իսկ մնացածը բաշխվում է բոլոր այն գերատեսչությունների միջև, որոնց կազմում կան բժշկական հաստատություններ՝ համալրված ավագ և միջին բուժանձնակազմով. նախարարություններ, պետական այլ գերատեսչություններ, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության վարչություններ։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տրամադրած տվյալների համաձայն, 2017 թվականին պետական բյուջեից առանձնացվել է 400 բժշկի եւ միջին բուժանձնակազմի 439 ներկայացուցչի համար կատարելագործման դասընթացի գումար, սակայն վերապարտասվել  է մոտ 200 բժիշկ եւ միջին բուժանձնակազմի 250 ներկայացուցիչ:

Ստացվում է, որ բուժաշխատողների՝ պետպատվերով կատարելագործվելու հնարավորությունն ամբողջությամբ չի օգտագործվում: Իսկ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը տեղեկացնում է, որ 2017 թվականին իր միջոցներով պլանից դուրս իրականացրել է 558 բուժաշխատողի արտագնա կատարելագործման դասընթացներ Աշտարակ, Գյումրի, Ճամբարակ և Իջևան համայնքների բուժհաստատություններում։

Անի Անտոնյան