Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Կասկածելի առարկաներ Ավանում եւ Արաբկիրում

Կասկածելի առարկաներ Ավանում եւ Արաբկիրում

624
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 250 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է 40 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:  Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 80 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն, Նորք-Մարաշ վարչական շրջանների եւ , Շիրակի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Տարբեր տարածքներում արգելափակված տասսնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Ավանի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ավան-Առինջի փողոցներից մեկում շենքի տանիքից դեպի խաղահրապարակ ձգվող լարերի մեջ աղավնի է արգելափակվել: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչնին: Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Չարենցի փողոցի շենքերից մեկի նկուղում անհայտ պարունակությամբ տարրա կա: Հրշեջ-փրկարարները տարրան տեղափոխել են հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի տարածք եւ բացել: Պարզվել է, որ տարրայում առկա նյութը արդյունաբերական նշանակության քիմիական նյութ  է, չունի պայթյունավտանգ և դյուրավառ հատկություններ: Արաբկիրի փրկարարների ստացած ահազանգի համաձայն, Համբարձումյան փողոցում կասկածելի ճամպրուկ է նկատվել: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը եւ ուսումնասիրել ճամպրուկը, այն դատարկ է եղել:

Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Խորենացու փողոցի տներից մեկի  արտաքին պատը փլուզվել է, մուտքը փակվել: Հրշեջ-փրկարարները հեռացրել են թափված քարերը և բացել տան մուտքը: