Գլխավոր Ուսուցողական նյութեր Սիրո հետքով՝ դեպի Հայաստան

Սիրո հետքով՝ դեպի Հայաստան

1402
Տարածել

19-ամյա Լենա Մյուլերը ծնվել է Ամերիկայի Ջեորջիա նահանգի Մեյքոն շրջանում, ապա տեղափոխվել Ֆիլադելֆիա քաղաք։ Ազգությամբ գերմանացի հայրն ու հայուհի մայրը հանդիպել են Հայաստանում՝  մի մասնագիտական ծրագրի շրջանակում։ Տարիներ շարունակ ընտանիքը զբաղվել է հայոց Ցեղասպանության ճանաչման հարցով՝ թարգմանությունների և դասախոսությունների միջոցով։ Այսօր ծնողների գործն ակտիվորեն շարունակում է իրավագետ դուստրը՝ սոցիալական կայքերում քարոզարշավ անցկացնելով։   «Մայրս ծնունդով Էջմիածնից է։ Երեք տարեկանից ի վեր՝ ամեն տարի Հայաստան էի գալիս՝ բարեկամներիս այցելության։ Ամերիկա վերադառնալիս օրերով լաց էի լինում։ Պապիս մահից հետո հայրս այդքան էլ մոտ չէր իր գերմանական արմատներին։ Մեր տանը միշտ հայկական շունչն ու մշակույթն է գերակշռել»,- ասում է Լենան։

Հայերեն գրել և կարդալ ինքնուրույն է սովորել։ Գրականության մասնագետ մոր շուրթերից անգիր է արել Թումանյանի «Անուշ»-ը։ Ապագա քաղաքագետը հետաքրքրված է հատկապես հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ լուծման ուղիներով։ Նկատում է՝ սփյուռքահայերն ամենուր Ցեղասպանության մասին են աղաղակում, սակայն նրանցից շատերը նույնիսկ Արցախի տեղակայությունը չգիտի․ «Ապրիլյան պատերազմի օրերին ընտանիքիս հետ ծովային հանգստի էինք մեկնել։ Երբ լսեցի՝ ինչպես են մեր զինվորները կյանքը տալիս մեր խաղաղության դիմաց, ինձ ավելի պարտավորված զգացի հայրենիք վերադառնալու ու երկիրը շենացնելու հարցում»։

Չնայած ծնողների հանդիմանությանն ու հորդորներին՝ աղջիկը կիսատ է թողել բարձրագույն ուսումն ու երջանկության հետևից եկել Հայաստան։ Արթուրի հետ համացանցի միջոցով են ծանոթացել,  միանգամից սիրահարվել միմյանց։ Ամուսինն ապրիլյան պատերազմի զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի եղբայրն է։ Հպարտանում է՝ պատիվ է հերոսի ընտանիքի անդամ լինելը։

Լենայի խոսքով՝ սփյուռքում Հայաստանի մասին թյուր կարծիք կա, իբրև կյանքն այստեղ հետամնաց է։ Այդպես չէ, տարբերությունը միայն մտածելակերպի ու բարքերի մեջ է։ Ցանկացած երկրում բարեկեցիկ ապրելը մեծ ջանք է պահանջում։ Հայուհին ծրագրում է ուսումն ավարտել հայկական բուհերից մեկում ու լավ մասնագետ դառնալ։

 

Անի Անտոնյան