Գլխավոր ՀՀ ՆԳՆ ՆՈՐ ՀԱՄԱԼՐՈՒՄ. ՀԻՆԳԵՐՈՐԴԸ

ՆՈՐ ՀԱՄԱԼՐՈՒՄ. ՀԻՆԳԵՐՈՐԴԸ

833
Տարածել

Դեկտեմբերի 19-ին «Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնը» Ռուսաստանից ստացավ փրկարարական գույքի նոր խմբաքանակ. 11 միավոր «Գազել» մակնիշի առաջին օգնության փրկարարական մեքենա, որից 5-ն առաջին օգնության մեքենաներ են, ունեն մոտ 500 լ տարողությամբ ջրի և փրփուրի բաքեր, կահավորված են ճանապարհատրանսպորտային պատահարներին և կենցաղային կանչերին արձագանքելու համար անհրաժեշտ փրկարարական գույք-սարքավորումներով: Մյուս 6 միավոր մեքենաներն ունեն մոտ 250 լ տարողությամբ ջրի և փրփուրի բաք:

11 միավոր փրկարարական մեքենաները կհատկացվեն ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքային ստորաբաժանումներին։

Փրկարարական գույքի նոր համալրումը հինգերորդն է: Առաջինն այս տարվա մայիսին էր (փրկարարական գործիքներ, տարբեր հզորությամբ հոսանքի գեներատորներ, մոտոպոմպեր և այլն), երկրորդը՝ հոկտեմբերին (ամենագնաց-կվադրոցիկլներ), երրորդը՝ նոյեմբերին (մոտորանավակներ, ջրասուզակներին և սակրավորներին անհրաժեշտ հատուկ գույքով մեքենաներ, լուսավորության աշտարակներ, գեներատորներ,  պոմպեր, շնչառական սարքեր, որոնողական սարքեր, ծածկոցներ, ծալովի մահճակալներ): Չորրորդ խմբաքանակ՝ 4 տ տարողությամբ ջրային բաքով «Կամազ» մակնիշի ամենագնաց հրշեջ-փրկարարական մեքենաներ, շենք-շինությունների ամրությունը ստուգող, սեյսմիկ ռիսկը գնահատող համալիր, ինժեներական և վթարափրկարարական վերապատրաստման գույք համապատասխան լսարանների համար, կենտրոնում կառուցվելիք ճգնաժամային կառավարման կենտրոնի համար սարքավորումներ, ջրափրկարարական հանդերձանք և այլն:

«Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնը» բացվել է 2016-ի մարտի 18-ին՝ ի կատարումն հայ-ռուսական միջկառավարական «Արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի:

Նպատակն է՝ արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը, տարածաշրջանային համագործակցության զարգացումը, բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակի բարձրացումը:

Հայկական կողմը նորոգել-բարեկարգել է 17,5 հա մակերեսով տարածք, շենք-շինություններ: Ռուսական կողմը պարտավորվել է ապահովել կենտրոնի տեխնիկական համալրումը:

Համաձայն Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ այս տարի ՀՀ ԱԻՆ «Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնին» տրամադրվել է շուրջ 16 մլն դոլարին համարժեք աջակցություն:

 

Նկարները՝ mes.am-ի