Գլխավոր Նորություններ ՑԱՆՑԱՊԱՏՎԵԼ Է ՄՈՏ 40 ՀԱ ԱՅԳԻ

ՑԱՆՑԱՊԱՏՎԵԼ Է ՄՈՏ 40 ՀԱ ԱՅԳԻ

814
Տարածել

Հակակարկտային ցանցերի տեղադրումը խթանող որոշման նախապատմությունը

Այս տարվա օգոստոսի 31-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին»:

Ըստ կառավարության՝ յուրաքանչյուր տարի կարկուտի պատճառով վնասվում է հանրապետության այգետարածքների 10-15 տոկոսը, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80-100 տոկոս: 2013 թվականին Արմավիրի մարզում մայիսի 12-ին և 17-ին տեղացած կարկուտից տուժել է 12 817 հողօգտագործող, վնասը՝ 25,3 մլրդ դրամ:  2014 թվականին Լոռու և Շիրակի մարզերում տեղացած կարկուտից տուժել է 52 համայնք, վնասը՝ 6,7 մլրդ դրամ: 2015 թվականին կարկուտից տուժել է 8 մարզի 82 համայնք, վնասը` 7,8 մլրդ դրամ: 2016 թվականին կարկուտից տուժել է 9 մարզի 150 համայնք, վնասը` 33,6 մլրդ դրամ: Այս ծրագրով հողօգտագործողները կարող են հակակարկտային ցանցերի ներդրման վարկ ստանալ 7 տարի մարման ժամկետով, վարկի տարեկան մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ վարկը տնտեսավարողին տրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով: Կառավարության հաշվարկի համաձայն, 1 հա խաղողի այգու հակակարկտային ցանցի ձեռք բերման և մոնտաժման ծախսերը կկազմեն 3,605 մլն դրամ, իսկ պտղատու այգու համար՝ 7,550 մլն դրամ: Ծրագրի շրջանակներում նույն վարկառուն կարող է առավելագույնը 100 մլն դրամ վարկ ստանալ: Ցանցերը 12-15 տարվա երաշխիք ունեն:

«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը» կմեկնարկի 2018-ից: Կառավարության այս որոշման հիմքը դրվել է 2013 թվականին, երբ «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի (CARD), Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP), «Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի՝ ԱՌՆԱՊ, համատեղ ջանքերով 400 քմ խաղողի այգի ցանցապատվեց Սյունիքի Ալվանք և 4500 քմ խաղողի այգի Տավուշի Տավուշ համայնքներում: Արդյունքն ավելի քան լավ էր: Գյուղացիների եկամուտները բազմապատկվեցին:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի աղետների ռիսկի կառավարման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանի խոսքով, հակակարկտային ցանցեր ներդնելու իրենց ծրագիրն ավարտվում է այս տարի: ԱՌՆԱՊ հիմնադրամի տեղեկացմամբ, Տավուշում, Շիրակում, Արագածոտնում, Լոռիում, Վայոց ձորում, Սյունիքում 25 ֆերմեր է օգտվել հակակարկտային ցանցեր ձեռք բերելու հնարավորությունից: Ցանցապատվել են խաղողի, խնձորի, ծիրանի, դեղձի այգիներ և մոշի, ելակի, ազնվամորու, բրոկոլիի դաշտեր՝ մոտ 40 հա: 25 ֆերմերից երկուսը կին են: Ծրագրի արդյունքների ամփոփ վերլուծությունը կներկայացվի ՀՀ կառավարությանը: Այսօր հստակ է, որ ծրագիրը հաջողվեց: «Սա կարևոր է նաև մշակույթ ձևավորելու համար: Հարցը դրվում է գին-շահույթ-կորուստ հարթությունում: Սրանով ցույց տվեցինք, որ պետք է փոխել մտածողությունը՝ դու պետք է քո խնդիրը լուծես: Պետությունը թող հակակարկտային կայան դնի կամ հրթիռ արձակի: Բայց եթե գյուղացին մատչելի վարկ ստանա և իր կարիքները հոգա՝ պետության բեռը կթեթևանա, գյուղացու վնասները կնվազեն, եկամուտները կաճեն», — տեղեկացրեց Արմեն Չիլինգարյանը:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ