Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՏՈՆ ՕՐԵՐԻՆ՝ ԱՐՏԱԿԱՐԳ ՌԵԺԻՄՈՎ

ՏՈՆ ՕՐԵՐԻՆ՝ ԱՐՏԱԿԱՐԳ ՌԵԺԻՄՈՎ

422
Տարածել

22 տարի ծառայության մեջ. Ճամբարակի ՀՓՋ-ի օղակի հրամանատարը

«Մեր շենքն ընդամենը 200-300 մ է հեռու Ճամբարակի հրշեջ-մասից, անընդհատ աչքիս առաջ էր հրշեջների գործը, հրշեջ-մեքենաների տագնապի ձայնը՝ ականջիս,  հարևան հրշեջներից հարցուփորձ անելուց հետո որոշեցի փորձել ինձ էս ոլորտում»,- մեզ հետ իր զրույցն է սկսում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ քաղաքում տեղակայված թիվ 35 ՀՓՋ-ի երկրորդ օղակի հրամանատար, փ/ծ ավագ Արտակ Զարգարյանը: Ծնվել ու մեծացել է Ճամբարակում, հրշեջ-մասում մեկ տարի աշխատելուց հետո՝ 1996-ին, ընտանիք է կազմել նույն քաղաքի բնակչուհի Մերի Սարգսյանի հետ: Մերին այժմ դեղատանն է աշխատում, իսկ երեխաներն ուսանող են: 21-ամյա Գառնիկը սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ավարտական կուրսում, զուգահեռ նաև ուսանում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, իսկ Արփինեն այս տարի է ընդունվել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան:

Հայրենի հող ու ջրին կապված փրկարարն անկեղծանում է՝ այլ վայրում իրեն ապրելիս ու աշխատելիս չի պատկերացրել: «1989-ին եմ ավարտել դպրոցը, մեր երկրի համար ծանր շրջան էր. Սպիտակի երկրաշարժ, Սումգայիթի ջարդեր, Ղարաբաղյան հակամարտություն, կրակոցներ… սահմանամերձ գոտում ապրելով՝ պատերազմի դառնությունը զգացել եմ իմ մաշկի վրա, ընկերներ ու հարազատ կորցրել թուրքի գնդակից: 1992-ին զորակոչվեցի բանակ, ազգային բանակը նոր-նոր էր ձևավորվում, երկու տարի ծառայեցի բանակում ու վերադարձա: Երկրի համար ծանր օրեր էին»,- ասում է փրկարարը:

Երբեմնի խոհարարն այդպես էլ իր հին գործին չվերադարձավ: Ուսումնարանում սովորածն ու մթերքին համ ու հոտ տալու իր շնորհքը պետք է գալիս տղաներով առիթներին հավաքվելիս: «Գառան խաշլամա, ձկան, խոզի խորոված եմ սիրով պատրաստում: Սովորելու տարիներին ճաշացանկն այնքան էլ մեծ չէր՝ խորոված ու խաշլամա էր, հիմա է՝ էնքա՜ն տարատեսակ ուտեստներ կան»,- ասում է փ/ծ ավագ Արտակը և նշում, որ իր պարագայում խոհարարական գաղտնիքներ չկան, պարզապես «համեղ» ձեռք ունի՝ վկայում են համտեսողները: Տաք խոհանոցը փրկարարի աշխատանքով փոխարինած ճամբարակցին երբեք չի փոշմանել իր ընտրության հարցում:

22 տարի ծառայության մեջ գտնվող օղակի հրամանատարը մի քանի տարուց պետք է վաստակած հանգստի անցնի, սակայն իրեն չի պատկերացնում ծառայությունից դուրս: Շարունակում է աշխատել գործին նվիրված:

Ճամբարակի ՀՓՋ-ի հրամանատար Ռուբեն Օհանյանը, որ 21 տարվա ճանապարհ է  անցել Արտակի հետ, ընդգծում է, որ նա միշտ առանձնացել է իր փորձառությամբ, բարդ առաջադրանքները հիմնականում Արտակին են հանձնարարվել, իսկ հերթափոխի պետերի արձակուրդում գտնվելու ժամանակ նրան է վստահվել այդ պատասխանատու գործը:

«Ծառայության ընթացքում միշտ հավասարակշռված, բարձր արժեքներ ունեցող, կոլեկտիվում մեծ հարգանք վայելող անձնավորություն է, ընտանիքի լավ հայր ու ամուսին: Իր առջև դրված բոլոր խնդիրները պատվով է կատարում»,- հավելում է ՀՓՋ-ի հրամանատարը:

Արտակ Զարգարյանն այս տարի ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով արժանացել է «10 տարի անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանակարգի հուշամեդալի:

Առջևում տոն է, Ամանոր, սպասվում են լարված աշխատանքային օրեր: Ծառայության տարիներին Նոր տարվա գիշերը ջոկատում շատ է անցկացրել: «Մեր ծառայության կարիքն այդ օրերին շատ է զգացվում, տոն օրերը պետք է անվտանգ անցնեն: Բարի ծառայություն բոլորիս»,- զրույցը եզրափակում է Արտակ Զարգարյանը:

Ջոկատում արդեն զարդարված է փոքրիկ տոնական եղևնին: Փրկարարները տոն օրերին կաշխատեն արտակարգ ռեժիմով:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ