Գլխավոր Միջոցառումներ ՏԱՐԻ, ԱՅՍԻՆՔՆ՝ ՀՈՒՅՍ

ՏԱՐԻ, ԱՅՍԻՆՔՆ՝ ՀՈՒՅՍ

359
Տարածել

Ժամանակը հատվածների բաժանելը մեկ ու միակ պատճառ կարող է ունենալ…

Մինչև այդ պատճառն անվանելը հիշենք, որ ժամանակի արարները փակող կամ բացող վարագույրներ չկան, այդ վարագույրները մարդու մեջ են:

Մարդն այդ վարագույրները կարող է իջեցնել ու բարձրացնել և՛ կամայականորեն, որպես ներհայեցման (ներհայեցումների) հետևանք, և՛ երկաթյա ինչ-ինչ օրենքների ու կարգերի հետևելով. ասենք՝ երկնային մարմինների ու տուն-մոլորակի պտույտները, որոնք անվերջ ու անընդհատ պարբերականություններ են ստեղծում: Բացի նրանից, որ այդ պարբերականություններն ինքնին իմաստավոր են, մարդու կողմից իմաստավորվելու կարիքն ունեն նաև:

Իսկ մարդն ամեն ինչ իմաստավորում է կյանքի, եթե կուզեք՝ պարզապես ապրելու տեսանկյունից: Կարծես թե գաղտնիք չէ՝ կա մի բան, որը նախորդում և նույնիսկ հաջորդում է կյանքին (ուղեկցելու մասին կարելի է նաև չխոսել). և այդ մի բանը ՀՈՒՅՍՆ է: Եվ ամեն ինչ արվում է (պիտի արվի) հանուն հույսի: Ավելի ստույգ՝ հանուն հույսի մշտակայության, այսինքն՝ ՎԱՌՔԻ: Ուրեմն և՝ Ժամանակը հատվածների բաժանելը մեկ ու միակ պատճառ կարող է ունենալ. ՀՈՒՅՍԸ ՆՈՐՈԳԵԼԸ: Հույսը նորոգելը մարդու ամենաբարդ գործողությունը չէ, բայց ամենաընդգրկունն է և ամենակենսականը: Նորոգելն  այս դեպքում նորից ուշադրություն դարձնելն է, սեփական հույսերի մասին չմոռանալն է, սեփական հույսերը փայփայելն է:

Հույսը թշնամիներ ունի, զորեղ թշնամիներ: Եվ ամենազորեղը հենց անցած տարիները կարող են լինել… Նրանք, որոնց հետ նույնպես հույսեր են կապված եղել ու չեն արդարացել… Մեղավորներ փնտրելն էլ է մարդկային, բայց այս դեպքում և հատկապես՝ իբր ինչ-որ բան փոխելու ցանկությամբ՝ բոլորովին տեղին չի լինի:

Դա հույսը սնող ցանկություն չէ: Որովհետև անհրաժեշտ նպատակասլացությունը չտեսնելով՝ հույսը կարող է ճաքճքել, հույսը կարող է  փոշիանալ, հույսը կարող է իսպառ վերանալ… Իսկ այդպիսի բան թույլ տալ չի կարելի…

Չի կարելի և վերջ:

Տարիները, ճիշտ է, երկնքից են իջնում, բայց իջնում են որպես դատարկ ու սպիտակ էջեր, որոնց վրա դեռ պետք է գրել. կարող ես անցածը մեկ անգամ էլ գրել, կարող ես գրել ուրիշին նմանակելով, կորող ես ոչինչ էլ չգրել ու այդպիսով լռությունդ հանձնել պատմությանը: Այդպես կարող ես վարվել և՛ որպես անհատ, և՛ որպես ժողովուրդ, և՛…

Բայց, միևնույն է, մի բան դու պարտավոր ես անել. հույսդ դի՛ր այդ էջերում:

Նորոգված հույսդ՝ նույնիսկ ամայության մեջ: Երևացող թե ծածուկ, բարձրաձայնած թե լռած՝ քո հույսը պարգևիր եկող տարվան, որ նա տեղի ունենա՝ այդ տարին, հերթականը, հաջորդը… Տարին ինքնին հույսեր ու սպասելիքներ չի կարող ունենալ, նա քեզ համար է գալիս, բայց գալիս է, որ դու էլ իրենը դառնաս:

Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ