Գլխավոր Միջոցառումներ ԾՆՆԴՅԱՆ ԱՍՏՂԸ

ԾՆՆԴՅԱՆ ԱՍՏՂԸ

530
Տարածել

Ձմեռ էր արդեն։

Քամին էր վայում։

Եվ մանկան համար ցուրտ էր քարայրում–

Տափաստանի դեմ։

Եզան շունչն էր ջերմացնում նրան։

Այնտեղ ընտանի

Կենդանիք կային,

Տաք ծուխ էր լողում մսուրքի վրա։

Թափ տալով իրար մահճի խոտերից,

Հովիվներն էին,

Կեսգիշերային

Հեռվով հմայվել լեռան կատարից։

Դաշտ էր երևում, գերեզմանոցում —

Ձյուն, շիրմաքարեր,

Ցանկապատ, առեղ.

Բարձրում՝ երկինքը — աստղերով լեցուն։

Ապա անծանոթ ու խորհրդավոր,

Խոնարհ, քան ճրագ,

Առկայծող կրակ —

Սի աստղ էր դեպի ԲԵթղեհեմ տանող։

Հուրհրատում էր երկնին անընկալ,

Աստծուց առանձին,

Ինչպես ցոլք բոցի,

Հրկիզված գյուղակ կամ հրդեհած կալ։

Նա հառնում Էր վեր — խոտ ու ծղոտի

Կրակված  մի շեղջ

Տիեզերքի մեջ —

Տագնապած անհայտ աստղով նորատի։

Վառվում-շիկնում Էր հրացոլքն աճող –

Մի գաղտնիք հուշած,

Ու երեք գուշակ

Դեպի բոցն Էին շտապում կանչող։

Եվ ընծայաբեռ ուղտեր Էլ կային,

Եվ ապա երկու ավանակ — հերթով

Իջնում են սարից քայլիկ առ քայլիկ։

Եվ տարօրինակ տեսիլքով գալիք

Հառնում Էր, ինչը գալու Էր հետո,

Միտքը դարերի, աշխարհներ, տենչեր,

Թանգարանների ամբողջ ապագան,

Դիցանույշների խաղը մոգական

Ու մանկանց բոլոր երազները ջերմ։

Թրթիռը մոմի, շղթայքը ոսկում,

Տոնածառների պերճանքը հնչեղ…

…Առավել չար էր քամին սողոսկում…

…Բոլոր խնձորներն ու գինդերը ջեռ։

Լաստենիների կատարները ձիգ

Լիճն էին փակել։ Մի մասը սակայն

Պարզ  երևում էր ճյուղերի միջից։

Եվ հովիվներն են տեսնում — ծանրաքայլ

Շարժվում է երթը երկայնքով լճի։

— Գնանք, խոնարհվենք մենք էլ հրաշքին, —

Ու մուշտակներն են խոր վրա քաշում։

Քիչ շոգում էին վարընթաց քայլքից։

Բացատով փայլար — հետքերը նախշուն

Հյուղակ են տանում։ Երեք հովվաշուն

Բոկոտն հետքերի շողշողուն ցոլքից

Գռմռում էին վառ աստղալույսում։

Ձմռան գիշերը հեքիաթ էր ասում,

Ձնաթմբերից ինչ-որ մեկն անվերջ

Անտես մտնում էր նրանց շարքի մեջ։

Կուչ էին գալիս շները ու խեղճ

Քսվում հոտաղին, աղետի սպասում։

Մի խումբ հրեշտակ նույն տեղով գալիս,

Անտես քայլում էր այդ ամբոխի հետ։

Անմարմին էին, սակայն քայլելիս

Ձյան մեջ մնում էր փայլուն ոտնահետք։

Խռնվել էին մարդ ու անասուն

Քարանձավի մոտ։ Ու լուսանում էր։

— Իսկ դուք ովքե՞ր եք- հարցրեց Մարիամը։

— Հովվական ցեղ ենք, երկնի դեսպաններ,

Եկել ենք՝ մենք էլ ձեզ փառաբանենք։

— Շատվոր եք։ Պիտի սպասեք դրսում։

Անթեղի նման գորշ աղջամուղջում

Խռնված՝ դոփում են ամբոխ ու նախիր,

Հեծյալն է գալիս հետիոտնի հախից,

Ջրհորին մոտիկ էշ ու ուղտ վախից

Քացի են տալիս ու խուլ բառաչում։

Վերջին աստղերն էր լուսայգը ջնջում

Երկնքից, ինչպես փոշի ու մոխիր,

Լոկ մոգերն էին այդ խառնամբոխից,

Որ ներս մտան ու մնացին որջում։

Նա պինդ քնած էր մսուրում կաղնե,

Ասես փչակում շողացող լուսին։

Ոչխարի տաքուկ քուրքի փոխարեն

Ավանակի շուրթն ու ռունգն էր եզի։

Ասես փարախում աղոտ, ստվերում

Շշնջում էին նրանք կիսաձայն։

Ապա ինչ-որ մեկն հանկարծ խավարում

Մսուրքից մոգին քաշեց քիչ ահյակ,

Նա շրջվեց. շեմքից Կույսին էր նայում,

Ինչպես հյուր, պայծառ աստղը Ծննդյան։

 

ԲՈՐԻՍ ՊԱՍՏԵՌՆԱԿ

Թարգմ.՝ Ա. Եփրեմյան

Տարածել
Նախորդ հոդվածՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հաջորդ հոդվածԱՐԵՎԱԴԱՐՁ