Գլխավոր Միջոցառումներ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ԱՐՏԱԿԱՐԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

452
Տարածել

Սիրելի ընթերցողներ,

Ձեր ձեռքին է «911. Արտակարգ թերթի» վերջին համարը: Երեք տարի առաջ, երբ ձեռնամուխ եղանք պաշտոնաթերթի հրապարակմանը, խոստացանք, որ այն լինելու է արտասովոր ու հետաքրքիր, որովհետև մեր ցանկությունն է Հայաստան աշխարհը դարձնել վեհագույն «Ադաջիոյի» հնչյուններով ներծծված հզորագույն ամրոց, արևելյան ճշմարտությունը քաղաքացուն փոխանցող. «Եթե մարդիկ ավելի շատ մտածեին այն մասին, որ գիտելիքը փրկություն է, ամբողջ տառապանքի չնչին մասն էլ չէր լինի. մարդկային ամբողջ դժբախտությունն անգիտության կամ տգիտության հետևանք է»: Այս մտածումով ասպարեզ մտանք: Փրկարար մասնագիտությամբ մարդուն հանրությանը ներկայացնելու միտումով: Երեք տարում ընթերցողների հոծ զանգված խմբվեց մեր շուրջը: Նրանց առաջարկներից, նրանց զանգերից, խմբագրություն նրանց այցերից, նրանց հետ զրույցներից ձևավորվեց թերթի ամեն համարը: Երբ քիչ էր լինում խմբագրություն հասած թերթերի քանակը, փորձում էին գտնել, միմյանց փոխանցել համարը:

Փորձեցինք մեր ընթերցողներին ներկայացնել Հայաստան աշխարհը, երկրին սպառնացող վտանգները և դրանց դեմ պայքարող փրկարարներին, նրանց մեծ գործը: Թերթի խմբագրակազմը եղավ շատ մարզերում ու համայնքներում՝ փնտրելու-գտնելու արտակարգ արձագանքման թեմաներ: Եղանք արտակարգ թեժ կետերում, մասնակցեցինք հրդեհաշիջմանը, որ կարողանանք ճշգրիտ գրով փոխանցել փրկարարի ծանր գործը:

Կարողացանք մեր շուրջը համախմբել ճգնաժամային կառավարման երևելի մասնագետների, առաջնորդվեցինք նրանց խորհուրդներով, նրանց օգնությամբ բացահայտեցինք, ներկայացրեցինք նոր հետազոտություններ:

Մեր խմբագրակազմը «911»-ը դարձրեց «նշանաբան»: Թերթը գործեց «911»-ի արտակարգ արձագանքման առաջնահերթություններով, և դրանցով ուղղորդվեցինք ամբողջ երեք տարի:

Այսօր նպատակահարմար չէ թերթի տպագրությունը: Ժամանակներն են փոխվել, դժվարությունները շատացել:

Այս համարը վերջինն է:

Հպարտ ենք, որ պատիվ ունեցանք ծառայելու փրկարարական գործին:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր «911»-ի կողքին էին այս տարիներին: Բոլոր նրանց, ովքեր ամեն շաբաթ կյանքի ընթացքը սկսում էին մեր թերթի ընթերցմամբ: Բոլոր նրանց, ովքեր վկան էին ՀՀ ԱԻՆ պաշտոնաթերթի «Ադաջիոյի» հնչյուններով ներծծված ամենշաբաթյա ստեղծագործ, ակադեմիական արարմանը:

Բարի Նոր տարի: